Առողջություն

2 years ago

Քթային Արյունահոսությաուն Պատճառները։ Ինչ Անել Արյունահոսության Ժամանակ

Քթային արյունահոսությունը տարածված ախտանիշ է, որը հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց մոտ։ Իմացեք՝ ինչ պետք է անել քթից արյուն գալիս։ Քթային արյունահոսությունն առաջանում է, երբ քթի խոռոչում առկա արյունատար անոթները պատռվում են, և արյունը լցվում է քթի խոռոչ։ Քթային արյունահոսության ուժգնությունը կարող է տատանվել թույլից ուժեղ և կարող է պահանջել բժշկական օգնություն։

Ինչու՞ է քթից հաճախ արյուն գալիս

Քթից արյուն գալու ամենահաճախ պատճառը օդի չորությունն է, որի հետևանքով չորանում է նաև քթի լորձաթաղանթը, առաջանում են ճաքեր և արյունահոսություն։ Այլ պատճառներից են․

• Ալերգիաներ
• Ինֆեկցիաներ (օրինակ՝ սինուսիտ)
Զարկերակային հիպերտենզիա (զարկերակային ճնշման բարձրացում)
• Քթի  վնասվածքներ
• Դեղորայք, օրինակ՝ հակամակարդիչներ և ոչ-ստերոիդային հակաբորբորքային դեղորայք (օրինակ՝ Իբուպրոֆեն)
• Ալկոհոլի չարաշահում
• Հորմոնալ փոփոխություններ, ինչպիսիք լինում են հղիության կամ դաշտանադադարի (կլիմաքս) ժամանակ
• Քթի պոլիպներ
• Քաղցկեղ

Քթային արյունահոսությանն ուղեկցող ախատնիշներ․

Քթային արյունահոսության հետ զուգակցվող ախտանիշները կախված են արյունահոսության ծանրությունից։ Առավել հաճախ հանդիպող ախտանիշներիներից են․

• Կոկորդով հոսող արյան զգացողությունը
• Քթի փակվածությունը
• Գլխացավը
• Գլխապտույտը
• Շնչելու դժվարությունը

Քթի արյունահոսությունը երեխաների դեպքում

Քթից արյուն գալը երեխաների մոտ ավելի տարածված է, քան մեծահասակների մոտ և սովորաբար կարգավորվում է ինքնուրույն՝ առանց խնդիրների առաջացման։ Այն հաճախ առաջանում է քթի խոռոչի լորձաթաղանթում արյունատար անոթների փխրունության հետևանքով, որոնք հեշտորեն պատռվում են քիթը մաքրելու, չոր օդ շնչելու, ալերգիաների կամ մինիմալ վնասվածքների ժամանակ։

Երեխաների մոտ քթային արյունահոսությունը առավել հաճախ առաջային է (առաջանում է քթի խոռոչի առաջային հատվածներից) և հեշտ կառավարելի, սակայն քթի խոռոչի հետին հատվածից սկսվող ծանր արյունահոսությունները կարող են վկայել արյան մակարդելիության համակարգի խնդիրների կամ վիտամինային անբավարարության մասին և նման դեպքում պետք է անպայման քիթ-կոկորդ-ականջաբանի դիմել։

Երեխաների մոտ, ի տարբերություն մեծահասակների, քիչ հավանական է զարկերակային բարձր ճնշման հետևանքով քթային արյունահոսության առաջացումը։

Քթից արյուն գալու հնարավոր բարդություններից են երկաթ-պակասորդային սակավարյունությունները (երկաթ-դեֆիցիտային անեմիա) և շնչառության դժվարացումը, եթե արյունը հետ գնա դեպի կոկորդ։

Ծնողները պետք է խիստ ուշադիր լինեն քթից արյուն գալու էպիզոդների քանակի և տևողության հանդեպ և անպայման խորհրդակցեն բժշկի հետ՝ բարդություններից խուսափելու նպատակով։

Ի՞նչ չի կարելի անել քթից արյուն գալու ժամանակ

Քթից արյուն գալու ժամանակ պետք է խուսափել որոշակի գործողություններից, որոնք կարող են վատթարացնել վիճակն ու հանգեցնել հետագա բարդությունների։

  1. Չի կարելի գլուխը հետ թեքել – Գլխի հետ թեքում հանգեցնում է արյան հետհոսքին դեպի կոկորդ, ինչը կարող է հազի, սրտխառնոցի ու փսխումների պատճառ դառնալ։ Արյունը կարող է լցվել շնչափող առաջացնելով շնչահեղձություն։
  2. Չի կարելի պառկել մեջքի վրա – Մեջքի վրա պառկելիս արյունը կարող է հոսել դեպի հետ լցվել շնչափող առաջացնելով շնչահեղձություն։
  3. Չի կարելի մաքրել քիթը – Արյունահոսության ընթացքում քիթը մաքրելու համար կիռավող ջանքերը հանգեցնում են գոյացած արյան մակարդուկների պոկվելուն և արյունահոսության երկարացմանն ու ուժգնացմանը։
  4. Խուսափեք քթին կպնելուց և այն “փորելուց” – Քթի լորձաթաղանթի վրա ցանկացած մեխանիկական ազդեցություն գրգռում է արյունատար անոթները՝ հանգեցնելով արյունահոսության երկարացմանը կամ վերսկսվելուն։
  5. Սառույց մի դրեք քթի վրա – Այս տարածված միֆը որևէ ազդեցություն չունի քթային արյունահոսության դադարեցման հարցում, փոխարենը այն առաջացնում է հավելյալ անհարմարություն քթային արյունահոսություն ունեցող մարդու համար։
  6. Խուսափեք շատ խոսելուց և շատ շարժվելուց – Խոսելն ու շարժվելը մեծացնում են դեպի քիթ արյունահոսքը և խաթարում արյան մակարդման գործընթացը։ Ցանկալի է լինել լուռ և հանգիստ վիճակում։

Ինչպես Դադարեցնել Քթի Արյունահոսությունը

Քթային արյունահոսության բուժումը ևս կախված է արյունահության ծանրությունից։ Դեպքերի մեծամասնությունում քթային արյունահոսությունը հնարավոր կլինի դադարեցնել տանը, եթե հետևեք հետևյալ քայլերին․ 

• Սեղմեք երկու քթանցքները միաժամանակ և շնչեք բերանով՝ 10-15 րոպե
• Սառը թրջոց կամ սառույց դրեք քթին
• Գլուխը բարձր պահեք
• Օգտագործեք քթի խոնավեցնող լուծույթներ լորձաթաղանթի չորացումից խուսափելու համար

Եթե այս ամենից հետո արյունահոսությունը չի դադարում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության։ Ծանր դեպքերում անհրաժեշտ է լինում կատարել քթի խոռոչի տամպոնադա՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ Քթի տամպոնադան կատարվում է սպունգների միջոցով, որոնք ճնշում են գործադրում արյունատար անոթների վրա։

Քթային արյունահոսության կանխելու միջոցները

Քթային արյունահոսությունը կանխելու համար առկա են մի շարք միջոցներ․

• Պահել քթի լորձաթաղանթը խոնավ՝ օգտագործելով սփրեյներ
• Խուսափել չոր միջավայրերում գտնվելուց, օգտագործել օդի խոնավեցուցիչներ
• Խուսափել լորձաթաղանթի վրա գրգռիչ ազդեցություն ունեցող նյութերից, ինչպիսիք են ծխախոտի ծուխը և քիմիական նյութերը
• Համապատասխան բուժում ստանալ ալերգիաներ ունենալու դեպքում
• Խուսափել քթի վնասվածքներից

Ե՞րբ դիմել բժշկի

Դեպքերի մեծամասնությունում քթային արյունահոսությունը հնարավոր է դ ադարեցնել տանը, սակայն անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե․

• Արյունահոսութունը շարունակվում է 20 րոպե և ավել
• Արյունահոսությունը ուժեղ է
• Արյունահոսությունն ուղեկցվում է գլխապտույտով, ապակողմնորոշմամբ և շնչառության դժվարացմամբ
• Արյունահոսությունն առաջացել է քթի կամ գլխի վնասվածքից հետո
• Արյունահոսությունն առաջացել է հակամակարդիչներ օգտագործող մարդու մոտ

Ե՞րբ կանչել շտապ օգնություն (1-03 կամ 911)

Քթից արյուն գալու դեպքում անհրաժեշտ է կանչել շտապ օգնություն, եթե առկա են հետևյալ չափանիշներից որևէ մեկը կամ մի քանիսը․

  1. Արյունահոսությունը տևում է ավելի քան 20 րոպե
  2. Արյան ուժեղ հոսք – Արյան քանակը խիստ առատ է և նման չէ ինքնասահմանափակվող արյունահոսության, որը շանս ունի կարճ ժամանակում ինքնուրույն դադարել։
  3. Արյան մեծ քանակի կորստի նշաններ – Եթե առաջանում է գլխապտույտ, սրտխառնոց, ուշագնացություն, մաշկի գունատություն և առատ քրտինքի առաջացում, ապա առկա է արյան մեծ քանակի կորուստ և անհրաժեշտ է անհապաղ կանչել շտապ օգնություն։
  4. Շնչառության դժվարացում – Եթե արյունը առաջացրել է շնչուղիների խցանում և բուժառուն դժբարանում է հանգիստ շնչել կոկորդ լցված արյան պատճառով։
  5. Վնասվածքի հետևանքով առաջացող արյունահոսություն – Եթե քթից արյուն սկսել է գալ վնասվածքից հետո, ապա անհրաժեշտ է անհապաղ շտապ օգնություն կանչել։ Հնարավոր է, որ բուժառուն ստացած լինի ավելի ծանր վնասվածքներ, որոնք ախտորոշման և բուժման կարիք ունեն։
  6. Եթե քթային արյունահոսություն ունեցող մարդու մոտ առկա են ուղկեցող հիվանդություններ – Եթե բուժառուն ընդունում է արյան մակարդելիությունն արգելակող դեղորայք (Կարդիոմագնիլ, Ասպիրին-Կարդիո, Կլոպիդոգրել, Քսարելտո, Վարֆարին և այլն) ապա առկա է մեծ հավանականություն, որ արյունահոսությունը ինքնուրույն չի դադարի և անհրաժեշտ է անհապաղ կանչել շտապ օգնություն։
  7. Քթից արյուն գալն ուղկեցվում է արյուն փսխելով – Կուլ տված արյունը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը հանգեցնելով փսխումների և այդ դեպքում ևս անհրաժեշտ է կանչել շտապ օգնություն։

Ամփոփում

Քթային արյունահոսությունը հաճախակի հանդիպող ախտանիշ է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Մինչև դեպքերի մեծամասնությունում այն կարող է բուժվել տանը, սակայն պարբերաբար կրկնվելու դեպքում անպայման անհրաժեշտ է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի (ԼՕՌ)։

Գրանցվե՜ք Doctor Yan-ի Միջոցով

Մեր հավելվածի միջոցով հնարավորություն ունեք միանգամից գրանցվել Ձեր իսկ նախընտրած բժշկի մոտ և գնալ կոնսուլտացիայի առանց հերթերում ժամանակ վատնելու։

ԿԻՍՎԵԼ՝