Առողջություն

12 months ago

Զարկերակային գերճնշում կամ լուռ մարդասպանը

Նյութը պատրաստվել է սրտաբան Սերգեյ Միքայելյանի հետ համատեղ

Զարկերակային գերճնշումը տարածված խնդիր է, որը հանդիպում է միլիոնավոր մարդկանց մոտ՝ ամբողջ աշխարհում։ Այն սահմանվում է, որպես զարկերակային ճնշման կայուն կամ հաճախակի բարձրացում՝ նորմայից ավել, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է արյունատար անոթների և օրգանների վնասմանը։ Այն կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, սրտային անբավարարությունը, ինսուլտը, երիկամային անբավարարությունը և այլն։

Զարկերակային ճնշումը սովորաբար որոշվում է 2 թվերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ։ Սիստալիկ ճնշումը (առաջին թիվը) ցույց է տալիս այն ճնշումը, որը արյունը գործադրում է զարկերակների պատին՝ սրտի կծկման ժամանակ, իսկ դիաստոլիկ ճնշումը (փոքր թիվը) համապատասխանում է սրտի թուլացման ժամանակ զարկերակների պատին արյան կողմից գործադրվող ճնշմանը։  

Ստորև կարող եք տեսնել զարկերակային ճնշման դասակարգումը։

Զարկերակային ճնշման դասակարգումը

Գոյություն ունի զարկերակային գերճնշման երկու տեսակ․ առաջնային (էսենցիալ) և երկրորդային։ Առաջնային հիպերտենզիայի դեպքում հնարավոր չի լինում հայտնաբերել զարկերակային գերճնշման պատճառը և այն կազմում է դեպքերի մոտ 90%-ը։ Երկրորդային հիպերտենզիան պայմանավորված է լինում այնպիսի հիվանդություններով ինչպիսիք են երիկամային անբավարարությունը, քնի օբստրուկտիվ ապնոէն, վահանագեղձի, մակերիկամի խնդիրները և այլն

Զարկերակային գերճնշումը հաճախ կոչվում է «լուռ մարդասպան», որովհետև այն սովորաբար երկար տարիներ ընթանում է առանց ախտանիշների, սակայն ամեն դեպքում մշտապես բարձր լինելով, այն առաջացնում է զարկերակների և օրգանների շարունակական վնասում և հանգեցնում այնպիսի լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը, ինսուլտւտը, երիկամային անբավարարությունը և տեսողության խնդիրները։.

Զարկերակային գերճնշման ախտորոշման համար բժիշկը ձեզ հանձնարարելու է պահել ճնշման օրագիր, որտեղ մեկ շաբաթ շարունակ դուք չափելու ու գրանցելու եք ձեր զարկերակային ճնշումը՝ առավոտյան և երեկոյան։ Այդ մեկշաբաթյա չափումների հիման վրա որոշվում է ձեր միջին զարկերակային ճնշումը և նշանակվում է ապրելակերպի փոփոխություն կամ դեղորայքային թերապիա՝ ըստ անհրաժեշտության։

Ապրելակերպի փոփոխությունները ներառում են մարմնի քաշի նվազեցում, առողջ սննդակարգ, օգտագործվող կերակրի աղի քանակի նվազեցում (պետք է հաշվի առնել, որ աղի մեծ քանակ պարունակվում է թթվի, պանրի և այլ սննդատեսակների մեջ), ծխելու դադարեցում, ֆիզիկական ակտիվություն և այլն։

Անչափ կարևոր է զարկերակային գերճնշումն ընդունել լրջորեն և խստագույնս հետևել բժշկի ցուցումներին։ Հիշե՛ք, եթե անգամ դուք վատ չեք զգում զարկերակային ճնշման բարձրացումից, այն «անում է իր սև գործը»։ Զարկերակային գերճնշումը ժամանակի մեխանիզմով ռում է, որը չբուժելու դեպքում մի օր անպայման պայթելու է առաջացնելով լուրջ բարդություններ, որոնք կարող են խիստ վատթարացնել ձեր կյանքի որակը։

Անհրաժեշտ է գիտակցել, որ առաջնային զարեկարակային գերճնշման դեպքում որոշ ժամանակ դեղորայք ընդունելուց հետո դուք չպետք է դադարեցնեք այն, քանի որ զարեկարակային ճնշումը կրկին կսկսի բարձրանալ նորմայից և վնասել ձեր օրգանիզմին։

Շատ պացիենտներ անտեսում են զարկերակային գերճնշում ունենալու հանգամանքը, փորձելով խուսափել «դեղորայքից կախում ունենալուց»։ Իսկ ի՞նչ, եթե օրական մեկ հաբը ամենակարևոր ներդրումն է ձեր բարեկեցիկ ապագայում և այն ապահովագրում է ձեզ հաշմանդամության հասցնող այնպիսի բարդություններից, ինչպիսիք են ինֆարկտը, ինսուլտը կամ երիկամային անբավարարությունն ու դիալիզից կախված լինելը։

Ամփոփում

Զարկերակային գերճնշումը տարածված հիվանդություն է, որն այլ կերպ կոչվում է «լուռ մարդասպան»։ Այն սովորաբար ընթանում է անախտանիշ՝ մինչև լուրջ և անդառնալի բարդությունների ի հայտ գալը։ Զարկերակային գերճնշում ունենալու դեպքում խիստ անհրաժեշտ է հետևել սրտաբանի խորհուրդներին, որոնք կարող են ներառել և՛ ապրելակերպի փոփոխություններ, և՛ դեղորայքի ընդունում, և՛ պարբերաբար այցեր՝ զարկերակային ճնշման պատշաճ վերահսկողության նպատակով։

Բժշկի մոտ այցը օնլայն ամրագրել կարող եք ներբեռնելով Doctor Yan բջջային հավելվածը։

ԿԻՍՎԵԼ՝