Առողջություն

1 year ago

Քթային արյունահոսություն

Քթային արյունահոսությունը տարածված ախտանիշ է, որը հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց մոտ։ Այն առաջանում է, երբ քթի խոռոչում առկա արյունատար անոթները պատռվում են, և արյունը լցվում է քթի խոռոչ։ Քթային արյունահոսության ուժգնությունը կարող է տատանվել թույլից ուժեղ և կարող է պահանջել բժշկական օգնություն։

Քթային արյունահոսության պատճառները

Քթային արյունահոսության ամենահաճախ պատճառը օդի չորությունն է, որի հետևանքով չորանում է նաև քթի լորձաթաղանթը, առաջանում են ճաքեր և արյունահոսություն։ Այլ պատճառներից են․

• Ալերգիաներ
• Ինֆեկցիաներ (օրինակ՝ սինուսիտ)
• Զարկերակային հիպերտենզիա (զարկերակային ճնշման բարձրացում)
• Քթի  վնասվածքներ
• Դեղորայք, օրինակ՝ հակամակարդիչներ և ոչ-ստերոիդային հակաբորբորքային դեղորայք (օրինակ՝ Իբուպրոֆեն)
• Ալկոհոլի չարաշահում
• Հորմոնալ փոփոխություններ, ինչպիսիք լինում են հղիության կամ դաշտանադադարի (կլիմաքս) ժամանակ
• Քթի պոլիպներ
• Քաղցկեղ

Քթային արյունահոսությանն ուղեկցող ախատնիշներ․

Քթային արյունահոսության հետ զուգակցվող ախտանիշները կախված են արյունահոսության ծանրությունից։ Առավել հաճախ հանդիպող ախտանիշներիներից են․

• Կոկորդով հոսող արյան զգացողությունը
• Քթի փակվածությունը
• Գլխացավը
• Գլխապտույտը
• Շնչելու դժվարությունը

Քթային արյունահոսության բուժումը

Քթային արյունահոսության բուժումը ևս կախված է արյունահության ծանրությունից։ Դեպքերի մեծամասնությունում քթային արյունահոսությունը հնարավոր կլինի դադարեցնել տանը, եթե հետևեք հետևյալ քայլերին․ 

• Սեղմեք երկու քթանցքները միաժամանակ և շնչեք բերանով՝ 10-15 րոպե
• Սառը թրջոց կամ սառույց դրեք քթին
• Գլուխը բարձր պահեք
• Օգտագործեք քթի խոնավեցնող լուծույթներ լորձաթաղանթի չորացումից խուսափելու համար

Եթե այս ամենից հետո արյունահոսությունը չի դադարում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության։ Ծանր դեպքերում անհրաժեշտ է լինում կատարել քթի խոռոչի տամպոնադա՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ Քթի տամպոնադան կատարվում է սպունգների միջոցով, որոնք ճնշում են գործադրում արյունատար անոթների վրա։

Քթային արյունահոսության կանխումը

Քթային արյունահոսությունը կանխելու համար առկա են մի շարք միջոցներ․

• Պահել քթի լորձաթաղանթը խոնավ՝ օգտագործելով սփրեյներ
• Խուսափել չոր միջավայրերում գտնվելուց, օգտագործել օդի խոնավեցուցիչներ
• Խուսափել լորձաթաղանթի վրա գրգռիչ ազդեցություն ունեցող նյութերից, ինչպիսիք են ծխախոտի ծուխը և քիմիական նյութերը
• Համապատասխան բուժում ստանալ ալերգիաներ ունենալու դեպքում
• Խուսափել քթի վնասվածքներից

Ե՞րբ դիմել բժշկական օգնության․

Դեպքերի մեծամասնությունում քթային արյունահոսությունը հնարավոր է դ ադարեցնել տանը, սակայն անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե․

• Արյունահոսութունը շարունակվում է 20 րոպե և ավել
• Արյունահոսությունը ուժեղ է
• Արյունահոսությունն ուղեկցվում է գլխապտույտով, ապակողմնորոշմամբ և շնչառության դժվարացմամբ
• Արյունահոսությունն առաջացել է քթի կամ գլխի վնասվածքից հետո
• Արյունահոսությունն առաջացել է հակամակարդիչներ օգտագործող մարդու մոտ

Ամփոփում

Քթային արյունահոսությունը հաճախակի հանդիպող ախտանիշ է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Մինչև դեպքերի մեծամասնությունում այն կարող է բուժվել տանը, սակայն պարբերաբար կրկնվելու դեպքում անպայման անհրաժեշտ է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի (ԼՕՌ)։ Եթե դուք ունեք քթային արյունահոսություն և այն շարունակվում է 20 րոպեից ավել կամ ունի մեծ ուժգնություն ապա անմիջապես զանգեք շտապ օգնություն (1-03) կամ դիմեք մոտակա բուժկենտրոն։

ԿԻՍՎԵԼ՝