Առողջություն

1 year ago

Կղանքում թաքնված արյան թեստ (FOBT)

Կղանքում թաքնված արյան թեստը սկրինինգային հետազոտություն է, որի միջոցով հայտնաբերվում է կղանքում առկա անտեսանելի արյունը։ Այս հետազոտությունը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր գտնվում են ուղիղ և հաստ աղու քաղցկեղի ռիսկի խմբում, ինչպես նաև եթե ունեն որովայնի ցավ, լուծ կամ փորկապություն, անեմիա (սակավարյունություն)։

Հետազոտության համար վերցվում է կղանքի նմուշ, որը տեղադրվում է հատուկ քարտի վրա և տեղափոխվում լաբորատորիա։ Լաբորատորիայում կիրառում են հատուկ քիմիական նյութեր, որոնց միջոցով հնարավոր է լինում հայտնաբերել արյան առկայությունը կղանքում, որը տեսանելի չէ անզեն աչքով։

Կղանքում թաքնված արյան թեստը ոչ-ինվազիվ և ոչ-թանկ հետազոտություն է։ Այն օգտակար է ուղիղ և հաստ աղիների քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման համար, երբ դրանք դեռևս բուժելի են։ Սակայն թեստը լիարժեք ճշգրիտ չէ և կարող է ունենալ ինչպես կեղծ-դրական, այնպես էլ կեղծ-բացասական արդյունքներ։.

Կեղծ-դրական արդյունքը նշանակում է, որ թեստի արդյունքում կղանքում հայտնաբերվում է արյուն, որն իրականում չկար։ Սա կարող է հանդիպել մի շարք պատճառներով՝ կարմիր միս (խոզի, տավարի, գառան) ուտելու դեպքում, որոշակի դեղամիջոցներ ընդունելու և թութք ունենալու դեպքում։ 

Կեղծ-բացասական արդյունքի դեպքում թեստը ցույց է տալիս, որ կղանքում արյուն չկար, մինչդեռ այն իրականում առկա էր։ Սա կարող է հանդիպել, եթե կղանքում առկա արյան քանակը չափից դուրս քիչ է կամ պարզապես այն առկա չէ վերցված նմուշում։

Եթե կղանքում թաքնված արյան թեստի արդյունքը դրական է անհրաժեշտ է անցնել հետագա հետազոտություններ, ինչպես օրինակ կոլոնոսկոպիա, որի միջոցով կհայտնաբերվի արյունահոսության պատճառը։

Ամփոփում

Կղանքում թաքնված արյան թեստը օգտակար սկրինինգային գործիք է ուղիղ և հաստ աղու քաղցկեղը հայտնաբերելու համար։ Այն հնարավորություն է տալիս գտնել այն պացիենտներին, որոնք կարիք ունեն կոլոնոսկոպիայի անցկացման։ Շատ կարևոր է թեստի արդյունքները քննարկել գաստրոէնտերոլոգի և կոլոռեկտալ վիրաբույժի (պրոկտոլոգ) հետ՝ հետազոտման հետագա մեթոդների և բուժման մարտավարության ընտրության համար։

ԿԻՍՎԵԼ՝