Ճողվածքների վիրահատությունը ցանցի կիրառմամբ․ ինչ պետք է իմանա պացիենտը

Նյութը պատրաստվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանի հետ համատեղ։
Ճողվածքը ախտաբանական վիճակ է, երբ որովայնի որևէ օրգան կամ ճարպային հյուսվածք դուրս է գալիս մկանային պատի թույլ կամ «թուլացած» հատվածներից։ Այն կարող է առաջանալ որովայնում, ցայլքի և փոշտի շրջաններում կամ վիրահատական սպիերի հատվածներում։ Ճողվածքն ինքնուրույն չի վերանում և հաճախ ժամանակի ընթացքում մեծանում է, առաջացնելով էսթետիկ խնդիրներ, ցավ, անհարմարություն և լրջագույն բարդություններ։
Բարեբախտաբար, ժամանակակից վիրաբուժությունը թույլ է տալիս արդյունավետ լուծել այս խնդիրը՝ ցանցի կիրառմամբ, որը նվազեցնում է ճողվածքի կրկնվելու ռիսկը և ապահովում ավելի արագ ապաքինում։
Ի՞նչ է ճողվածքի վիրահատությունը
Ճողվածքի վիրահատության հիմնական նպատակը որովայնի խոռոչից մկանային պատի թույլ հատվածներով դուրս եկած օրգանը կամ դրա հատվածը իր տեղը վերադարձնելն է և մկանային պատի ամրացումը՝ կրկնություններից խուսափելու համար։
Երկու հիմնական մեթոդներն են.
- Ավանդական (առանց ցանցի) մեթոդ – մկաններն ու հյուսվածքները միացվում են կարերով՝ առանց լրացուցիչ նյութի։
- Ցանցով մեթոդ (mesh repair) – սինթետիկ նյութից կամ կիսաշարակցական նյութերից պատրաստված ցանց է տեղադրվում թույլ հատվածի վրա, ինչը ամրացնում է պատը։
Ճողվածքային ցանցը վիրաբուժական իմպլանտ է, որն օգտագործվում է ճողվածքի վիրահատության ժամանակ թուլացած կամ վնասված հյուսվածքն ամրացնելու նպատակով: Այն ապահովում է լրացուցիչ ամրացում և նպաստում է հետվիրահատական արագ ապաքինմանը:

Ցուցումներ․ ե՞րբ է անհրաժեշտ վիրահատությունը
Ճողվածքի վիրահատությունը ցուցված է, երբ.
- Ճողվածքը ցավոտ է կամ մեծանում է ժամանակի ընթացքում
- Դառնում է անհարմար առօրյա գործունեության ժամանակ
- Կա ճողվածքի օղակման ռիսկ, որը կարող է կյանքին վտանգ սպառնացող բարդությունների պատճառ դառնալ
- Պացիենտը ցանկանում է ակտիվ կենսակերպի վերականգնում և էսթետիկ խնդիրների վերջնական լուծում
Հիշեք. Ճողվածքը չի վերանում առանց վիրահատության, իսկ սպասելու դեպքում այն կարող է բարդանալ։

Հակացուցումներ
Չնայած ցանցով վիրահատությունն առավել տարածված և արդյունավետ մեթոդ է, որոշ դեպքերում այն ժամանակավորապես հակացուցված է և հետաձգվում է մինչև ավելի անվտանգ ժամանակ։
- Սուր բորբոքային հիվանդություններ
- Ծանր սրտային, թոքային կամ երիկամային անբավարարություն, հատկապես սրացումների փուլում
- Հղիություն
- Ցանցի կառուցվածքում առկա նյութերի հանդեպ ալերգիա
- Անբավարար հյուսվածքային պայմաններ՝ ցանցի լավ ֆիքսացիայի համար
Վիրաբույժը գնահատում է պացիենտի ընդհանուր վիճակը և որոշում, թե որ մոտեցումն է առավել նպատակահարմար։
Ցանցի կիրառման մեթոդներ
Ցանցի տեղադրման երկու հիմնական եղանակներ կան․
1. Բաց մեթոդ (Open repair)

Ճողվածքի հատվածում կատարվում է կտրվածք, ցանցը տեղադրվում է մկանային շերտերի վրա կամ դրանց արանքում, ապա վերքը փակվում է։
Հարմար է մեծ կամ կրկնվող ճողվածքների դեպքում։
2. Լապարոսկոպիկ մեթոդ (փոքր կտրվածքներով)
Որովայնի առաջային պատին կատարվում է 3-4 փոքր կտրվածք (մոտ 1սմ), ստեղծվում են մի քանի փոքր անցքեր՝ որոնցով անցկացվում են տեսախցիկ և վիրաբուժական գործիքներ։ Ցանցը տեղադրվում է ներսից։
Առավելություններ՝ քիչ ցավ, հետվիրահատական արագ ապաքինում, փոքր սպիեր։
Ցանցով վիրահատության առավելությունները
Ցանցի կիրառումը փոխում է նախկինում ընդունված մոտեցումը՝ «ձգելու» փոխարեն հյուսվածքները ամրացվում են։ Ահա գլխավոր առավելությունները.
- Կրկնման ավելի ցածր ռիսկ․ Ճողվածքի կրկնման ռիսկը ցանցով վիրահատությունից հետո մոտ 1,5% է, իսկ առանց ցանցի՝ 10-20%
- Ավելի քիչ ցավ հետվիրահատական շրջանում
- Արագ վերականգնում՝ հիվանդները հաճախ վերադառնում են աշխատանքին 1-2 շաբաթում
- Առավել ամուր արդյունք՝ ցանցը դառնում է մարմնի մաս՝ միաձուլվելով հյուսվածքներին
- Կիրառելի է բարդ ճողվածքների դեպքում՝ ներառյալ մեծ, կրկնվող կամ հետվիրահատական
Ինչ սպասել վիրահատությունից առաջ և հետո
Վիրահատությունից առաջ.
- Կանցկացվեն արյան ընդհանուր և բիոքիմիական քննություններ, սրտի, թոքերի ֆունկցիան գնահատող հետազոտություններ
- Հնարավոր է նշանակվի դիետա և աղիքների մաքրում
Վիրահատությունից հետո.
- Ցավ կարող է լինել 1-5 օր, որը կառավարելի է ցավազրկող դեղորայքով
- Հնարավոր է դուրսգրում նույն օրը կամ հաջորդ օրը
- 1-2 շաբաթ՝ հանգիստ ռեժիմ, ապա աստիճանական ակտիվացում
- Ճնշող ծանրություն բարձրացնելուց խուսափել մոտ 4-6 շաբաթ
Ամրագրեք ձեր այցը ընդհանուր վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանի մոտ Միքայելյան համալարսանական հիվանդանոցում՝ Doctor Yan հավելվածի միջոցով և խուսափեք հիվանդանոցային հերթերից։
Հաճախ տրվող հարցեր
Ճողվածքն ունի՞ ռիսկեր, եթե չվիրահատեմ։
Այո։ Չբուժված ճողվածքը կարող է օղակվել՝ հանգեցնելով աղիների մեռուկացման, ինչը վտանգում է կյանքը։
Ցանցը կարո՞ղ է վնասակար ազդեցություն ունենալ։
Ժամանակակից ցանցերը պատրաստվում են կենսահամատեղելի նյութերից։ Ռիսկերը շատ ցածր են, իսկ արդյունքները՝ կայուն։
Ի՞նչպես իմանամ՝ բաց թե լապարոսկոպիկ տարբերակն է ինձ հարմար։
Այդ որոշումը կայացնում են վիրաբույժը և անեսթեզիոլոգը՝ հաշվի առնելով ճողվածքի տեսակը, չափը, ընդհանուր առողջական վիճակը։ Իհարկե որոշումը քննարկվում է պացիենտի հետ։
Ամփոփում
Ճողվածքի վիրահատությունը ցանցի կիրառմամբ համարվում է «ոսկե ստանդարտ»՝ ժամանակակից վիրաբուժության մեջ։ Այն ապահովում է ամուր, երկարաժամկետ արդյունք՝ կրկնության նվազագույն հավանականությամբ։
Եթե դուք ունեք ճողվածք, մի սպասեք մինչև բարդանա։ Խորհրդակցեք փորձառու վիրաբույժի հետ, և քննարկեք բուժման տարբերակները՝ ներառյալ ցանցով մեթոդը։
Ձեր հարմարավետությունն ու անվտանգությունը սկսվում են ճիշտ տեղեկացված որոշումից։