Կոնքազդրային հոդի պրոթեզավորում․ ինչ պետք է իմանա պացիենտը

Նյութը պատրաստվել է «Մաստեր Մեդ» ԲԿ-ի վնասվածքաբան-օրթոպեդ Համլետ Դանիելյանի հետ համատեղ։
Կոնքազդրային հոդի ցավը կարող է կտրուկ վատացնել կյանքի որակը՝ սահմանափակելով շարժունակությունը, խանգարելով քունը, նվազեցնելով ինքնասպասարկման հնարավորությունները։ Երբ բուժման պահպանողական մեթոդները (դեղորայք, ֆիզիոթերապիա, ներարկումային թերապիա) այլևս արդյունավետ չեն, բժիշկները կարող են առաջարկել կոնքազդրային հոդի պրոթեզավորում։
Այս բլոգում կարող եք կարդալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր պացիենտին՝ նախքան վիրահատությունը։
Ի՞նչ է կոնքազդրային հոդի պրոթեզավորումը

Կոնքազդրային հոդը կազմված է քացախափոսից և ազդրոսկրի գլխիկից։ Տարբեր հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում այս հոդը կարող է կրել բորբոքային կամ դեգեներատիվ փոփոխություններ։
Պրոթեզավորումը նշանակում է, որ վնասված հոդը ամբողջությամբ կամ մասամբ հեռացվում է, և դրա փոխարեն տեղադրվում են արհեստական մետաղական կամ կերամիկական բաղադրիչներ։ Նպատակն է վերականգնել հոդի շարժունակությունը և պացիենտին ազատել քրոնիկ ցավից։
Որո՞նք են վիրահատության ցուցումները
Բժիշկը կարող է առաջարկել կոնքազդրային պրոթեզավորում, եթե.
- Ունեք արտահայտված ցավ, որն անհնար է արդյունավետ կառավարել դեղորայքով կամ ֆիզիոթերապիայով
- Ունեք շարժունակության զգալի սահմանափակում, որը խանգարում է առօրյա գործունեությանը
- Ունեք օստեոարթրիտ, ռևմատոիդ արթրիտ, ազրդոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ կամ կրած ծանր վնասվածքներ
- Ռենտգեն հետազոտությամբ կամ ՄՌՏ-ով ախտորոշվել են հոդի դեֆորմացիաներ կամ դրա ֆունկցիան խաթարող այլ կառուցվածքային խնդիրներ, որոնք ենթակա չեն դեղորայքային բուժման
- Ձեր կյանքի որակը զգալիորեն նվազել է առնվազն վերջին 6 ամսում՝ պայմանավորված կոնքազդրային հոդի ցավերով
Կարևոր է իմանալ, որ վիրահատությունը միշտ կատարվում է այն ժամանակ, երբ այլ մեթոդներն արդեն սպառվել են։
Հակացուցումներ

Որոշ իրավիճակներում կոնքազդրային հոդի պրոթեզավորումը հակացուցված է կամ ժամանակավորապես հետաձգվում է։ Դրանք են․
- Սուր ինֆեկցիաներ (միզուղիների, շնչառական, ատամնաբուժական)
- Քրոնիկ հիվանդությունների սրացումներ (սրտային անբավարարություն, անքնություն, շաքարախտի չվերահսկվող ձևեր)
- Արյան մակարդման համակարգի խանգարումներ
- Արտահայտված ավելորդ քաշ՝ ՄԶԻ > 40
- Սուր հոգեբանական անկայունություն կամ ալկոհոլիզմ
- Հետվիրահատական խնամքի ապահովման անհնարինություն
Բժիշկը դրսրևորում է անհատական մոտեցում վերլուծելով վիրահատության ցուցումները, հնարավոր ռիսկերը և հետևանքները, ինչից հետո պացիենտի հետ համատեղ կայացվում է վիրահատության վերջնական որոշումը։
Վիրահատության մեթոդները
Կան մի քանի մեթոդներ՝ կախված վիրաբույժի մոտեցումից և պացիենտի վիճակից։
1. Ամբողջական (Total Hip Replacement – THR)
Տեղադրվում են նոր ազդրոսկրի գլխիկ և նոր քացախափոս։ Այս մեթոդը առավել հաճախ օգտագործվողն է։
2. Կիսապրոթեզավորում (Hemiarthroplasty)
Փոխարինվում է միայն ազդրոսկրի գլխիկը։ Այս տարբերակն առավել հաճախ օգտագործվում է կոտրվածքների դեպքում։
Վիրահատական մուտքի տարբերակներ
- Առաջային մոտեցում – պակաս մկանային վնաս
- Կողային կամ հետին մոտեցում – ավելի տարածված և տեսանելիություն ապահովող
Վերջնական ընտրությունը կատարում է վիրաբույժը։
Վերականգնումը վիրահատությունից հետո
Վերականգնման գործընթացը սկսվում է արդեն վիրահատության օրը։ Անչափ կարևոր է պացիենտի վաղ ակտիվացումը։
Առաջին շաբաթում.
- Ֆիզիոթերապևտը սկսում է ակտիվացնող վարժություններ
- Դուք սկսում եք քայլել քայլակով կամ ձեռնափայտով
- Սովորում եք՝ ինչպես նստել, պառկել, բարձրանալ առանց պրոթեզը վնասելու
1–3 ամիս.
- Շարժունակությունը աստիճանաբար վերականգնվում է
- Ցավի ուժգնությունը նվազում է
- Ֆիզիոթերապիայի հաճախականությունը կախված է անհատական դեպքից
3 ամսից հետո.
- Հնարավոր է վերադառնալ աշխատանքի՝ կախված մասնագիտությունից
- Կարող եք վարել մեքենա, կատարել առօրյա գործեր
Վերջնական արդյունքը գնահատվում է 6–12 ամսում։
Պացիենտների կողմից ամենահաճախ տրվող հարցերը
Որքան է պրոթեզի «կյանքի» տևողությունը։
Ժամանակակից պրոթեզները կարող են պահպանել իրենց ֆունկցիան 15–25 տարի, երբեմն ավելի երկար՝ կախված ծանրաբեռնվածությունից և պացիենտի մարմնի քաշից։
Կարո՞ղ եմ ֆիզիկական ակտիվություն ունենալ։
Այո՛։ Քայլելը, լողալը, ֆիզիոթերապևտի կողմից խորհուրդ տրվող վարժությունները խրախուսվում են։ Պետք է խուսափել ցատկելուց, բարձր ծանրաբեռնվածությունից։
Արդյոք սառնությունը կազդի պրոթեզի վրա։
Պրոթեզը մետաղական է, սակայն ներսում մնում է մարմնի ջերմաստիճանի ներքո։ Սառնությունը կարող է ազդել մկանների վրա, բայց ոչ պրոթեզի։
Ամփոփում
Կոնքազդրային հոդի պրոթեզավորումը արդյունավետ վիրահատություն է, որը կարող է վերադարձնել շարժունակությունը և կյանքի որակը։ Ճիշտ ցուցումով և ճիշտ ժամանակին կատարված պրոթեզավորումը հանգեցնում է վիրահատության հաջողության բարձր ցուցանիշների։
Յուրաքանչյուր դեպք անհատական է և բուժման պլանը որոշվում է բժշկի կողմից՝ հաշվի առնելով պացիենտի կլինիկական պատկերի ամբողջությունը։
Խորհրդակցեք «Մաստեր-Մեդ» ԲԿ-ի փորձառու օրթոպեդ-վնասվավծքաբան Համլետ Դանիելյանի հետ և վստահ եղեք, որ կգտնեք ձեր բուժման և կյանքի որակի բարձրացման լավագույն մեթոդը։