Ալերգիկ ռինիտ
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքումn է, որն արտահայտվում է քթի փակվածությաn զգացումով, քորով, փռշտոցներով, քթահոսությամբ և այլն։ Այն ամենատարածված ալերգիկ հիվանդություններից մեկն է:
Ալերգիկ ռինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլ գործոններ:
Ալերգիկ ռինիտ ունեցող մարդու քթի լորձաթաղանթում տեղի են ունենում բորբոքային փոփոխություններ՝ նշված ալերգեններից մեկի կամ մի քանիսի նկատմամբ և առաջանում են ախտանիշներ, որոնք վատթարացնում են պացիենտի կյանքի որակը։
Ալերգիկ ռինիտի ամենատարածված ախտանիշներն են՝
- Քթահոսություն,
- Փռշտոց,
- Քթի փակվածություն,
- Քթում քորի զգացողություն,
- Կոկորդում քերոցի զգացում
- Արցունքահոսություն
- Աչքերի կարմրածություն (շաղկապենու բորբոքում)
- Աչքերի քոր
Տարբերում ենք ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային և շուրջտարյա:
Ալերգոլոգի փոխանցմամբ` սեզոնային ալերգիկ ռինիտն առանձնանում է նրանով, որ ախտանիշներն ակտիվորեն դրսևորվում են միայն տարվա որևէ սեզոնին։
Հիվանդության սեզոնայնությունը պայմանավորված է ծաղկափոշու այն տեսակով, որի նկատմամբ այն առաջանում է։
Ծառերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայուն անհատների մոտ ախտանիշները կարտահայտվեն վաղ գարնանից մինչև ամռան սկիզբ ՝ ծառերի ծաղկման շրջանում։
Խոտաբույսերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում ախտանիշներն արտահայտվում են առավելապես ամռան ամիսներին, իսկ մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ գերզգայնության դեպքում հիվանդությունը սրվում է վերջիններիս ծաղկման շրջանում, այն է՝ ամռան վերջից մինչև վաղ աշուն։
Շուրջտարյա ալերգիկ ռինիտն արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում։
Այս դեպքում մեղավոր ալերգեններ կարող են համարվել տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։
Ալերգիկ ռինիտն ունի արդյունավետ բուժում՝ ախտանիշների թուլացման և կյանքի որակի բարձրացման նպատակով։
Ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է դիմել ալերգոլոգի։ Բուժման նպատակով կարող են օգտագործվել հակահիստամինային դեղեր, ինչպես նաև տեղային ստերոիդային ցողացիրներ՝ անմիջապես քթի լորձաթաղանթում բորբոքումը նվազեցնելու նպատակով։
Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան։
Որոշակիորեն օգտակար կարող է լինել սեզոնի ընթացքում քամոտ եղանակին տանից դուրս չգալը, դիմակ կրելը։