Հևոց («շունչը կտրվելու» զգացողություն)
Հևոցը տարածված ախտանիշ է, որը կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների դեպքում։ Այն բնութագրվում է խորը կամ լիարժեք շնչելու անկարողությամբ և կարող է ուղկեցվել այլ ախտանիշներով ևս, ինչպիսիք են հետկրծոսկրային ցավը, սուլոցը և թուլությունը։ Հևոցը կարող է տատանվել թույլից մինչև ուժեղ և կարող է լինել սուր կամ քրոնիկ։ Եթե դուք ունեք հևոց, ապա խիստ կարևոր է դիմել բժշկի՝ հասկանալու համար դրա հիմքում ընկած պատճառը և ստանալու համար անհրաժեշտ բուժում։
Հևոցի պատճառները
Հևոց կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից, սակայն դեպքերի մեծամասնությունում հևոցը պայմանավորված է շնչառական և սրտային հիվանդություններով։
Շնչառական հիվանդություններից են ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ), թոքաբորբը և թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ)։
Սրտային հիվանդություններից են սրտային անբավարարությունը, կրծքահեղձուկը (ստենոկարդիա) և առիթմիաները։
Բացի այցդ հևոց կարող է առաջանալ նաև խուճապային գրոհների (panic attacks) ժամանակ և բարձրադիր տեղանքում գտնվելիս։
Հևոցի բուժումը
Հևոցի բուժումը կախված է դրա առաջացման պատճառ հանդիսացող հիվանդությունից։ Եթե հևոցն առաջանում է շնչառական հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են ասթման և ԹՔՕՀ-ն, ապա օգտագործվում են բրոնխալայնիչ դեղամիջոցներ և ստերոիդներ՝ աշխատնիշների թեթևացման և կյանքի որակի լավացման նպատակով։ Ծանր դեպքերում հնարավոր է կիրառել նաև թթվածնաթերապիա։
Եթե հևոցի պատճառը սրտային հիվանդություններն են, ինչպես օրինակ սրտային անբավարարությունը, ապա կիրառվում են միզամուղներ և ԱՓՖ-ինհիբիտորներ, որոնք թուլացնում են ախտանիշները և բարձրացնում կյանքի որակը։ Որոշ դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն՝ օրինակ սրտի փականային հիվանդությունների դեպքում։
Հևոցի կանխարգելումը
Հևոցը կանխարգելելու համար անհրաժեշտ է կանխարգելել հևոցի պատճառ հանդիսացող հիվանդությունները։ Ընհանուր առմամբ առողջ ապրելակերպը կանխարգելում է և՛ շնչառական, և՛ սրտային հիվանդությունները։ Ծխելը թողնելը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը և սթրեսի կանխարգելումը կարող են լավացնել օրգանիզմի բոլոր համակարգերի, այդ թվում շնչառական և սիրտանոթային համակարգերի վիճակը։ Խիստ կարևոր է նաև կանոնավոր կերպով դիմել բժշկի՝ ստուգելու համար թոքերի և սրտի վիճակը։
Ե՞րբ դիմել բժշկի
Եթե ձեզ մոտ առաջանում է հանկարծակի և/կամ ծանր հևոց, հետկրծոսկրային ցավ կամ գլխապտույտ, շատ կարևոր է անմիջապես դիմել բժշկական օգնության։ Այս ախտանիշները կարող են հուշել ծանր խնդրի մասին, ինչպիսիք են սրտամկանի սուր ինֆարկտը կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) և ժամանակին բժշկական օգնություն ստանալը կարող է փրկել ձեր կյանքը։ Խիստ կարևոր է նաև դիմել բժշկի, եթե դուք ունեք կայուն և գնալով վատթարացող հևոց, հազ կամ սուլող շնչառություն։
Բժշկի դիմելը հեշտ է՝ Doctor Yan անվճար հավելվածի միջոցով։
Ամփոփում
Հևոցը բազմաթիվ հիվանդությունների դեպքում առաջացող ախտանիշ է, որի հիմքում կարող են լինել լուրջ հիվանդություններ։ Եթե ունեք հևոց ապա անհրաժեշտ է դիմել սրտաբանի և թոքաբանի՝ պատճառ հանդիսացող հիվանդության ախտորոշման, բուժման և ծանր բարդությունների կանխման նպատակով։