Բրոնխոսկոպիա․ ինչ հետազոտություն է այն, երբ է կատարվում և ինչ պետք է իմանա պացիենտը

Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի կրծքային վիրաբույժ Հարություն Մարգարյանի հետ համատեղ։
Բրոնխոսկոպիան ժամանակակից, ինֆորմատիվ հետազոտություն է, որը թույլ է տալիս բժիշկին ուղղակիորեն դիտել շնչուղիների ներքին մակերեսը՝ շնչափողը և բրոնխները։ Այն իրականացվում է հատուկ սարքով՝ բրոնխոսկոպով, որն ունի տեսախցիկ և հատուկ լուսավորություն։ Այս հետազոտությունը կարևոր դեր ունի շնչառական համակարգի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ։
Ի՞նչ հետազոտություն է բրոնխոսկոպիան
Բրոնխոսկոպիան էնդոսկոպիկ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս.
- Դիտել բրոնխների կառուցվածքը և գնահատել լորձաթաղանթի վիճակը
- Հայտնաբերել բորբոքային, ինֆեկցիոն կամ ուռուցքային փոփոխությունները
- Վերցնել բիոպսիա
- Հեռացնել լորձային խցանները
- Լվանալ բրոնխային ծառը (բրոնխոալվեոլյար լավաժ) բուժական նպատակներով, ինչպես նաև հետագա լաբորատոր հետազոտությունների համար
- Կատարել բուժական միջամտություններ, օրինակ՝ օտար մարմնի հեռացում
Բրոնխոսկոպիան իրականացվում է երկու մեթոդներով՝
Ճկուն (flexible) բրոնխոսկոպիա՝ ամենատարածված մեթոդը։
Կոշտ բրոնխոսկոպիա՝ կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, հիմնականում ավելի լուրջ միջամտությունների համար։
Ե՞րբ է անհրաժեշտ բրոնխոսկոպիան
Բժիշկը կարող է խորհուրդ տալ բրոնխոսկոպիա, եթե կան հետևյալ ցուցումներից մեկը՝
Ախտորոշիչ ցուցումներ
- Չբացատրվող, երկարատև հազ
- Արյունախառն խորխ
- Թոքերի ռենտգենում կամ CT-ում հայտնաբերված նորագոյացություններ
- Կասկածվող ուռուցքային գործընթաց
- Քրոնիկական կամ կրկնվող թոքաբորբ
- Թոքերի աբսցես կամ կավիտացիա
- Կասկածվող օտար մարմին շնչուղիներում
- Ինֆեկցիայի պատճառի պարզաբանում (բակտերիալ, տուբերկուլոզի, սնկային)
Բժշկական (թերապևտիկ) ցուցումներ
- Խիտ լորձի, պլեգմայի կամ խտացած սեկրեցիայի հեռացում
- Ռետենտիվ աթելեկտազի բուժում
- Արյունահոսության կանգնեցում կամ աղբյուրի պարզում
- Շնչուղու նեղացած հատվածի լայնացում
- Ստենտի տեղադրում
Ուստի բրոնխոսկոպիան ոչ միայն ախտորոշիչ, այլև արդյունավետ բուժական միջամտություն է։
Ամրագրեք ձեր այցը Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի կրծքային վիրաբույժ Հարություն Մարգարյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով կամ doctoryan.am կայքում։
Ի՞նչ հակացուցումներ կան բրոնխոսկոպիայի համար
Թեպետ հետազոտությունը համարվում է անվտանգ, կան իրավիճակներ, երբ բրոնխոսկոպիան խորհուրդ չի տրվում կամ պետք է կատարվի հատուկ նախապատրաստմամբ։
Բացարձակ հակացուցումներ
- Օրգանիզմի ծանր անկայուն վիճակ (շոկ, ծանր հեմոդինամիկ խանգարումներ)
- Անվերահսկելի ասթմատիկ նոպա
- Օքսիգենացիայի խիստ ծանր խանգարում
- Սրտի ռիթմի որոշակի ծանր խանգարումներ
Հհարաբերական հակացուցումներ
- Վատ կարգավորված զարկերակային հիպերտենզիա
- Սրտամկանի թարմ ինֆարկտ
- Արյան մակարդման խանգարումներ
- Բարձր ջերմություն
- Հղիության ուշ շրջաններ (հատուկ ցուցումներով)
Այս բոլորի դեպքում որոշումը կայացվում է անհատական՝ գնահատելով ռիսկ-օգուտ հարաբերակցությունը։
Ինչպե՞ս է իրականացվում բրոնխոսկոպիան
Բրոնխոսկոպիայի ընթացքը պարզ է, սակայն պահանջում է ճիշտ նախապատրաստում։
1. Նախապատրաստում
- Հետազոտությունից 6–8 ժամ առաջ չպետք է ուտել կամ խմել
- Բժիշկին պետք է տեղեկացնել բոլոր ընդունվող դեղերի մասին
- Եթե ունեք ալերգիա տեղային անզգայացնող միջոցների նկատմամբ՝ անպայման նշել
- Միջամտությունից առաջ չափվում է պուլսը, զարկերակային ճնշումը, սատուրացիան
2. Անզգայացում
Ճկուն բրոնխոսկոպիան սովորաբար կատարվում է՝
- Տեղային անզգայացումով (lidocaine spray), որը թուլացնում է հազալու ռեֆլեքսը
- Թեթև սեդացիայով՝ հիվանդի անհանգստությունը նվազեցնելու համար
Կոշտ բրոնխոսկոպիան իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։
3. Սկիզբը և ընթացքը
- Բրոնխոսկոպը նրբորեն ներմուծվում է քթի կամ բերանի միջոցով
- Այն անցնում է դեպի շնչափող և բրոնխներ
- Բժիշկը դիտում է էկրանին շնչուղիների ներքին մակերեսը
- Կարող է վերցվել բիոպսիա կամ հեղուկ
- Ընդհանուր տևողությունը՝ 10–20 րոպե, հազվադեպ՝ ավելի երկար
Հետազոտությունը սովորաբար ուժեղ ցավ չի առաջացնում, միայն՝
- փոքր անհարմարություն,
- հազալու ցանկություն,
- ճնշման զգացում։
Ինչ զգացողություններ կարող են լինել հետազոտությունից հետո
Բրոնխոսկոպիայից հետո հնարավոր են՝
- Թեթև կոկորդի ցավ
- Թեթև հազ
- Փոքր քանակությամբ արյունախառն խորխ
Սրանք սովորաբար անցնում են 24 ժամում։
Պետք է անհապաղ դիմել բժշկին, եթե ունեք՝
- Շնչառության զգալի վատացում
- Շարունակվող արյունահոսություն
- Բարձր ջերմություն
- Կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավ
Բրոնխոսկոպիայի հնարավոր ռիսկերը
Չնայած հետազոտությունն ունի շատ բարձր անվտանգություն, հնարավոր է՝
- կոկորդի գրգռում,
- հազի ուժեղացում,
- արյունահոսություն բիոպսիայի վայրից,
- հազվադեպ՝ պնևմոթորաքս,
- ալերգիկ ռեակցիա սեդացիայից կամ անզգայացումից։
Բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվում ճիշտ նախապատրաստմամբ և փորձառու մասնագետի աշխատանքի շնորհիվ։
Ինչ պետք է իմանա պացիենտը
- Բրոնխոսկոպիան ապահով և լայնորեն կիրառվող հետազոտություն է
- Արդյունքները բժիշկը կարող է տրամադրել անմիջապես կամ բիոպտատի հյուսվածաբանական հետազոտության պատասխանը ստանալուց հետո
- Սեդացիայից հետո նույն օրը մեքենա վարելը խորհուրդ չի տրվում
- Հետազոտությունից հետո կարող եք վերադառնալ սովորական սննդակարգին
Ամփոփում
Բրոնխոսկոպիան կարևոր և հաճախ անփոխարինելի հետազոտություն է շնչուղիների հիվանդությունների գնահատման, ախտորոշման և բուժման համար։ Այն ապահով է, քիչ ինվազիվ և շատ արդյունավետ։ Եթե բժիշկը խորհուրդ է տվել բրոնխոսկոպիա, մի անհանգստացեք․ ճիշտ կազմակերպված գործընթացը, մասնագետի փորձը և ձեր հանգստությունը ապահովում են հետազոտության անվտանգ ու արդյունավետ ընթացքը։