Ապենդիցիտ (կույր աղու որդանման ելունի բորբոքում). ինչ է դա, ինչու է առաջանում և ինչու չի կարելի հետաձգել բուժումը

Նյութը պատրաստվել է ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Գեորգի Գոմցյանի հետ համատեղ։
Ապենդիցիտը բոլոր վիրաբուժական շտապ պաթոլոգիաներից, թերևս, ամենահաճախ հանդիպողն է։ Չնայած նրան, որ այն համարվում է երիտասարդների հիվանդություն այն կարող է առաջանալ կյանքի ցանկացած փուլում՝ երեխայից մինչև տարեց։ Ապենդիցիտը շարունակում է մնալ մի վիճակ, որի դեպքում ժամանակը որոշիչ է․ որքան շուտ հայտնաբերվի, հոսպիտալացվի և վիրահատական միջամտությունն իրականացվի, այնքան քիչ է բարդությունների առաջացման հավանականությունը։
Շատերը ապենդիցիտը պատկերացնում են որպես «պարզ» բորբոքում, սակայն իրականում դա մի գործընթաց է, որը շատ արագ կարող է անցնել բորբոքման ծանր փուլերի՝ որդանման ելունի թափածակում, կղանքային զանգվածների անցում դեպի որովայնի խոռոչ և կղանքային, թարախային պերիտոնիտի զարգացում, որը կյանքին սպառնացող լրջագույն բարդություն է։ Այդ պատճառով վիրաբուժական միջամտությունը ամբողջ աշխարհում համարվում է միակ վստահելի և արդյունավետ բուժումը։
Ինչ է ապենդիքսը (կույր աղու որդանման ելունը) և ինչ տեղ ունի մեր օրգանիզմում
Ապենդիքսը բարակ, գլանաձև ելուն է, որը գտնվում է աջ զստափոսի շրջանում՝ կույր աղիքի ստորին մասում։ Չնայած երկար ժամանակ այն համարվում էր «օրգանիզմի ավելորդ մաս», այսօր գիտենք, որ այն մասնակցում է իմունային պատասխաններին և աղիքային ֆլորայի հավասարակշռությանը։ Սակայն որոշ դեպքերում, իր նեղ լուսանցքի պատճառով հեշտությամբ խցանվում է։ Երբ լուսանցքը փակվում է, ներսում կուտակվող պարունակությունը չի կարողանում դուրս գալ։ Հետևանքն են՝ ճնշման բարձրացում, բակտերիաների արագ բազմանալու համար բարենպաստ պայմաններ և բորբոքման զարգացում։
Ահա այս իրավիճակն էլ կոչվում է ապենդիցիտ։
Ինչից է առաջանում ապենդիցիտը
Պատճառները բազմազան են, սակայն առավել հաճախ հանդիպում են հետևյալները.
- Որդանման ելունի խցանում աղիքային պարունակությամբ
- Ավշային հյուսվածքի այտուց՝ վիրուսային վարակներից հետո
- Աղիքային գրանուլոմատոզ հիվանդություններ
- Կղանքային քարեր (fecalith)
- Հազվադեպ՝ օտար մարմիններ կամ մակաբուծային ինֆեկցիաներ
Պետք է հաշվի առնել, որ չնայած այս պատճառներին, ապենդիցիտը հաճախ զարգանում է առանց հստակ նախադրյալների։ Այն կարող է առաջանալ անգամ լիովին առողջ մարդու մոտ։
Ապենդիցիտի հիմնական ախտանշանները
Ախտանշանների դասական համադրությունը բժիշկներին վաղուց ծանոթ է, սակայն իրական կյանքում դրանք ունեն դրսևորման տարաբնույթ ձևեր։ Հաճախ ախտանշանները սկսվում են ընդհանուր դիսկոմֆորտի զգացողությունից և հետո տեղայնանում են որովայնի աջ ստորին հատվածում։
Ամենատարածված նշաններն են․
- Ցավ՝ սկզբում տարածված, հետո կենտրոնացած որովայնի աջ ստորին հատվածում
- Սրտխառնոց, երբեմն՝ փսխում
- Ախորժակի կորուստ
- Նորմայից քիչ բարձր ջերմություն
- Փորկապություն կամ, հակառակը, թեթև փորլուծություն
- Աղիքային գազերի անցանելիության խանգարում
Երեխաների, հղիների և տարեցների մոտ ախտանշանները կարող են լինել ոչ դասական և ավելի ցրված․ հաճախ ցավը այնքան «հստակ» չի լինում, ինչն էլ կարող է բարդացնել ախտորոշումը։
Ինչպես է ախտորոշվում ապենդիցիտը
Ախտորոշումը սովորաբար սկսվում է օբյեկտիվ զննությամբ․ ցավի տեղայնացում, մկանային լարվածություն, «ռեֆլեքսային» ցավ։ Հաճախ գնահատվում են արյան անալիզները (բորբոքային մարկերներ՝ լեյկոցիտոզ, CRP)։
Չնայած դասական նշաններին, ապենդիցիտը երբեմն նմանակում է այլ հիվանդությունների՝ գաստրոէնտերիտ, սեռական ուղիների բորբոքում, երիկամային քարեր։ Այդ պատճառով այսօր ներառվում են նաև պատկերային հետազոտություններ՝
- Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն
- Համակարգչային տոմոգրաֆիա (CT)՝ առավել ճշգրիտ տարբերակումների համար
Ախտորոշումը հաճախ որոշվում է ոչ միայն մեկ հետազոտությամբ, այլ բժշկի զննության և կլինիկական պատկերով։
Բուժում. Ինչու է միակ արդյունավետ տարբերակը վիրահատությունը
Ապենդիցիտի բուժումը, անկախ ձևից և տեղայնացումից, վիրահատական միջամտությունն է։ Իհարկե, կան որոշ սակավաթիվ դեպքեր, երբ թեթև, չբարդացված ապենդիցիտը հնարավոր է բուժել հակաբիոտիկներով, բայց դա ոչ միայն լայն կիրառություն չունի, այլև պահպանվում է կրկնության հավանականությունը` հիվանդության քրոնիկ բնույթի վերածվելու պատճառով։
Լապարոսկոպիկ VS բաց վիրահատություն
Այսօր առավել նախընտրելի է լապարոսկոպիկ վիրահատությունը։ Այն իրականացվում է 3 փոքր կտրվածքով, որոնցով մուտք է գործում տեսախցիկը և գործիքները։
Առավելությունները՝
- Փոքր կտրվածքներ, գրեթե անտեսանելի սպիներ
- Ավելի քիչ հետվիրահատական ցավ
- Արագ վերականգնում և վերադարձ առօրյային
- Վիրահատական բարդությունների չնչին ռիսկ
Բաց վիրահատությունը կիրառվում է այն դեպքերում, երբ կա բարդացված ապենդիցիտ՝ թարախակույտ, սուր պերիտոնիտ, կամ հիվանդի վիճակը պահանջում է արագ բաց մուտք։
Ի՞նչ կլինի, եթե ապենդիցիտը չբուժվի ժամանակին
Ապենդիցիտը այն հիվանդություններից չէ, որ «ինքն իրեն կանցնի»։ Ցանկացած ուշացում ավելացնում է ծանր բարդությունների ռիսկը․
- Որդանման ելունի պատռում` թափածակում
- Որովայնային թարախակույտ
- Տարածուն պերիտոնիտ
- Սեպսիս
- Աղիքային անցանելիության խանգարում
Վիրահատության ուշացումը մեծացնում է ոչ միայն բարդությունների, այլ նաև վերականգնման երկարացման ռիսկը։
Վերականգնում վիրահատությունից հետո
Լապարոսկոպիկ միջամտությունից հետո հիվանդը սովորաբար դուրս է գրվում հաջորդ օրը կամ նույնիսկ նույն օրը։ Բոլոր ցուցումները տրվում են անհատապես՝ սննդակարգ, ծանրություն չբարձրացնել, վերքի խնամք։
Սովորաբար 7–10 օր հետո բուժառուն վերադառնում է իր բնականոն առօրյային։ Բաց վիրահատության դեպքում վերականգնումը կարող է մի փոքր երկար տևել։
Ամփոփում
Ապենդիցիտը վիրաբուժական շտապ դեպքի դասական դրսևորում է, սակայն ճիշտ և ժամանակին միջամտության դեպքում բուժումը արագ է, անվտանգ և արդյունավետ։ Այդ պատճառով ամենակարևոր քայլը ոչ թե ցավին «դիմանալն» է, այլ հնարավորինս շուտ բժշկի դիմելը։ Ժամանակն այս հիվանդության դեպքում աշխատում է ոչ թե մեր, այլ բորբոքման օգտին, ու հենց դրա համար վիրաբույժները միշտ շեշտում են՝ որովայնի աջ ստորին հատվածում առկա ցավը, որը մի քանի ժամում խորանում է, անհապաղ վիրաբույժի դիմելու պատճառ է։
Ամրագրեք ձեր այցը ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Գեորգի Գոմցյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։