Պանսինուսիտ․ ի՞նչ է այն և որո՞նք են բուժման մոտեցումները

Նյութը պատրաստվել է քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի հետ համատեղ։
Պանսինուսիտը քթի բոլոր հարակից ծոցերի՝ հայմորյան , ճակատային, էթմոիդալ և սֆենոիդալ սինուսների միաժամանակյա բորբոքային ախտահարումն է։ Այն կարող է ունենալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ընթացք։ Հիվանդությունը հաճախ զարգանում է որպես չբուժված կամ ոչ լիարժեք բուժված ռինոսինուսիտի բարդացում։
Պանսինուսիտի զարգացման հիմնական պատճառներն են՝
- վիրուսային կամ բակտերիալ վարակները,
- քթի խոռոչի անատոմիական առանձնահատկությունները,
- քթի միջնապատի դեֆորմացիան,
- ալերգիկ ռինիտը,
- իմունիտետի ընկճումը։
Ախտանշաններ
Պանսինուսիտը սովորաբար արտահայտվում է ծանր կլինիկական պատկերով։
Ամենահաճախ հանդիպող գանգատներն են՝
- բարձր ջերմություն (երբեմն մինչև 39–40°C),
- քթից առատ, խիտ կանաչ կամ դեղին արտադրություն,
- դեմքի շրջանում ցավ, ճնշման, ծանրության և լարվածության զգացում,
- գլխացավ, որը կարող է ուժեղանալ առաջ գլուխը առաջ ծալելիս,
- քթային շնչառության խիստ խանգարում,
- ընդհանուր թուլություն և աշխատունակության նվազում։
Ծանր դեպքերում կարող են ի հայտ գալ նաև աչքերի շրջանում այտուց, տեսողության խանգարումներ կամ նյարդաբանական ախտանշաններ, որոնք արդեն վկայում են բարդությունների զարգացման մասին։
Ինքնաբուժման վտանգները
Պանսինուսիտի դեպքում ինքնաբուժումը խիստ վտանգավոր է։
Ժամանակին և ճիշտ չբուժվելու դեպքում հիվանդությունը կարող է առաջացնել լուրջ բարդություններ՝
- ակնային,
- նյարդաբանական,
- ներգանգային։
Հետևաբար քթից կանաչ արտադրության, բարձր ջերմության և դեմքի շրջանում ուժեղ ցավի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ԼՕՌ բժշկի և անցնել համապատասխան հետազոտություն։
Միջնապատի դեֆորմացիայի ազդեցությունը պանսինուսիտի վրա
Քթի միջնապատի դեֆորմացիան կարևոր դեր ունի պանսինուսիտի առաջացման և պահպանման մեջ։ Դեֆորմացված միջնապատը խանգարում է սինուսների բնական օդափոխությանը և դրենաժին, ինչի հետևանքով սինուսներում կուտակվում է բորբոքային պարունակություն։ Այդ պարունակության լիարժեք հեռացումը դառնում է դժվար կամ երբեմն՝ անհնար։
Այս վիճակը նպաստում է՝
- բորբոքային գործընթացի սրացմանը,
- բուժման արդյունավետության նվազմանը,
- հիվանդության քրոնիկացմանը։
Շատ դեպքերում պանսինուսիտը կարող է հանդիսանալ հենց միջնապատի արտահայտված դեֆորմացիայի հետևանք, և առանց այդ գործոնի վերացման բուժումը հաճախ ունենում է միայն ժամանակավոր արդյունք։
Բուժման մոտեցումներ
Պանսինուսիտի բուժումը պետք է լինի համապարփակ և անհատականացված, հաշվի առնելով հիվանդության ծանրությունը, անատոմիական առանձնահատկությունները և ուղեկցող խնդիրները։
Պահպանողական բուժումը ներառում է՝
- հակաբակտերիալ թերապիա (անհրաժեշտության դեպքում),
- տեղային և համակարգային հակաբորբոքային միջոցներ,
- քթի լվացումներ,
. ՅԱՄԻԿ կաթետերիզացիա - անոթասեղմիչ միջոցների խելամիտ և սահմանափակ կիրառություն։
ՅԱՄԻԿ կաթետերիզացիան համարվում է ամենաանվտանգ և արդյունավետ մեթոդներից մեկը։
ՅԱՄԻԿ կաթետրը ռետինե հատուկ կաթետր է, որը իր երկու ծայրերի միջոցով հնարավորություն է տալիս քթի խոռոչում ստեղծել հերմետիկ միջավայր։ Արդյունքում բժիշկը նպաստում է սինուսների բնական բացվածքների բացմանը և վակուումի օգնությամբ հեռացնում բորբոքային, այդ թվում՝ թարախային արտադրությունը կաթետրի երրորդ խողովակի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև սինուսների սանացիա ախտահանիչ լուծույթներով։
Քթի միջնապատի դեֆորմացիայի առկայության դեպքում բուժման մոտեցումը կարող է փոփոխվել․
- Եթե դեֆորմացիան արտահայտված է և խոչընդոտում է ՅԱՄԻԿ կաթետերիզացիայի իրականացմանը, որոշ դեպքերում նախընտրելի է կիրառել անոթասեղմիչներով տամպոն, որը ժամանակավորապես նվազեցնում է լորձաթաղանթի այտուցը և բարելավում սինուսների դրենաժը։
Ամրագրեք ձեր այցը քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։