Սինուսիտ կամ ռինոսինուսիտ․ ի՞նչ է այն, որո՞նք են ախտանիշները և ու՞մ դիմել

Նյութը պատրաստվել է Շենգավիթ բժշկական կենտրոնի թերապևտ Հասմիկ Թումանյանի կողմից։
Ի՞նչ է սինուսիտը
Սինուսիտը կամ ռինոսինուսիտը քթի և հարքթային ծոցերի լորձաթաղանթի բորբոքումն է 28 օրից պակաս տևողությամբ։
Տարածվածությունը
Ունի մեծ տարածվածություն, հատկապես տարվա ցուրտ սեզոններին,երբ ակտիվանում են շնչառական վիրուսները: Այս հիվանդության ժամանակ ամենից հաճախ են հանդիպում ինքնաբուժում, անտիբիոտիկների անհիմն կիրառում, որն իր անբարենպաստ ազդեցությունն է թողում հիվանդության ընթացքի վրա, ձգձգում լավացումը:
Դասակարգումը
Ռինոսինուսիտները դասակարգում ենք հետևյալ կերպ․
- Սուր, երբ բորբոքումը տևում է մինչև 4 շաբաթ:
- Ենթասուր ,երբ հիվանդության նշանները տևում են 4-12 շաբաթ:
- Քրոնիկ, երբ հիվանդության նշանները տևում են 12 շաբաթից ավել :
Կա նաև կրկնվող տեսակ, երբ 4 շաբաթից պակաս տևողությամբ ունենում ենք 4 դրվագ, որոնց միջև լինում է լիարժեք ապաքինում։
Սուր ռինոսինուսիտ
Սուր ռինոսինուսիտները լինում են չբարդացած, երբ բորբոքային պրոցեսի տարածում դեպի աչք, փափուկ հյուսվածքներ կամ նյարդեր չի գրանցվում:
Ավելի հաճախ է հանդիպում միջին տարիքի կանանց և մեծահասակ բնակչության մոտ (45-65 տարեկան)։
Նպաստող գործոնները
- Վերին շնչուղիների վարակը
- Քթի միջնապատի դեֆորմացիաները կամ այլ անատոմիական առանձնահատկություններ
- Պոլիպները
- Ալերգիկ ռինիտը, օտար մարմինները
- Շաքարային դիաբետը
- Ծխելը
- Իմունային համակարգի անբավարարությունը և այլն
Հիմնական պատճառական գործոնը վիրուսներն են, միայն որոշ քիչ դեպքերում կարող է միանալ բակտերիալ վարակը։
Ախտանիշները
Հիմնականում հիվանդությունը սկսվում է որպես վերին շնչուղիների սուր վարակ, հարբուխ:Հետո արդեն որոշ ժամանակ անց հիվանդները գանգատվում են․
- Թարախանման արտադրությունից քթից,
- Քթային շնչառությոն փակվածությունից,
- Դեմքի ցավից կամ ճնշման զգացումից, որը կարող է ուժեղանալ գլուխը խոնարհելիս,
- Գլխացավից,
- Ջերմության բարձրացումից,
- Հալիտոզից(բերանի տհաճ հոտ),
- Ատամնացավից,
- Համի , հոտի զգացողության կորստից
Ախտորոշումը
Ախտորոշման և բուժման համար պետք է դիմել թերապևտին կամ ընտանեկան բժշկին։
Միայն բարդությունների առաջացման կասկածի դեպքում ձեզ կուղղորդեն քիթ-կոկորդ-ականջաբանի կամ այլ մասնագետի մոտ։
Նախնական ախտորոշման համար կարիք չկա հանձնել անալիզներ, ռենտգենգրաֆիան ևս ինֆորմատիվ չէ։
Որոշ դեպքերում կարող է ցուցված լինել քթի հարակից խոռոչների ՀՇ հետազոտությունը։
Անալիզների անհրաժեշտությունը ևս որոշում է բժիշկը (հիմնականում ցուցվում են վարակի բակտերիալ բնույթը պարզելու և հակաբակտերիալ բուժման անհրաժեշտությունը որոշելու համար):
Բուժումը
Վիրուսային ծագման դեպքում հնարավոր է ինքնալավացում, թույլ է տրվում խելամիտ սպասման տակտիկա 5-6 օր: Սակայն սա որոշում է բժիշկը։
Ամրագրեք ձեր այցը Շենգավիթ բժշկական կենտրոնի թերապևտ Հասմիկ Թումանյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում։
Մանրէային ծագումը տարբերակելու համար բժիշկը ձեզ կնշանակի որոշ անալիզներ , ու կեզրակացնի ,թե ինչ հակաբակտերիալ բուժում է հարկավոր կոնկրետ դեպքում:
Բարդությունները
Սուր սինուսիտների ինքնաբուժումների, ինչպես նաև ուշացած դիմելիության դեպքում հնարավոր են բարդությունների առաջացում:
Բարդություններից են․
- Պրեսեպտալ կամ հարակնային ցելյուլիտը,
- Ենթապերիօստալ թարախակույտը,
- Հարակնային թարախակույտը,
- Խոռոչների թրոմբոզը:
Բարդացած դեպքում կլինեն հետևյալ ախտանիշները․
- Կայուն, ծանր գլխացավ
- Աչքի այտուց, աչքերի շուրջ կարմրություն, ցավ ակնագնդերը շարժելիս
- Տեսողության խանգարումներ
- Գանգուղեղային նյարդերի վնասում
- Պարանոցային մկանների կարկամում
- Պտոզ( վերին կոպի կախվածություն)
Բուժման նպատակն է նվազեցնել բորբոքման ախտանիշները , լավացնել քթային շնչառությունը, կանխել բարդությունների առաջացումը:
Ամրագրեք ձեր այցը Շենգավիթ բժշկական կենտրոնի թերապևտ Հասմիկ Թումանյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում։