Օտիտ․ ի՞նչ է, ինչի՞ց է առաջանում և ե՞րբ պետք է դիմել ԼՕՌ վիրաբույժի

Նյութը պատրատվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Սոնա Խոսրովյանի հետ համատեղ։
Օտիտը ականջի բորբոքային հիվանդություն է, որը կարող է զարգանալ ականջի տարբեր հատվածներում՝ արտաքին, միջին կամ ներքին ականջում։ Այն հանդիսանում է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների շրջանում ամենատարածված բժշկական խնդիրներից մեկը։ Չնայած օտիտը շատ դեպքերում սկսվում է թեթև գանգատներով, այն կարող է վերաճել լուրջ բարդությունների՝ լսողության կորուստ, մաստոիդիտ, հավասարակշռության խանգարումներ և այլն։ Հետևաբար, կարևոր է հասկանալ հիվանդության առաջացման մեխանիզմները, ռիսկերը և ճիշտ ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտությունը։
Օտիտի տեսակները
Օտիտն ունի երեք հիմնական տեսակ՝ կախված բորբոքման տեղակայումից։
1. Արտաքին օտիտ
Արտաքին օտիտը արտաքին ականջի (ականջախեցի, լսողական անցուղի, թմբկաթաղանի արտաքին շերտ) բորբոքումն է։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է լողորդների մոտ, ինչի պատճառով ստացել է «swimmer’s ear» (լողորդի ականջ) անվանումը։
Ե՞րբ է առաջանում
Ջուրը, մնալով լսողական անցուղում, ընկճում է ականջի պաշտպանիչ միջավայրը և ստեղծում է խոնավ, տաք պայմաններ բակտերիաների և սնկերի բազմացման համար։ Բացի այդ, ականջը մաքրող բամբակյա ձողիկների չարաշահումը նպաստում է ականջի նուրբ մաշկի վնասմանը՝ հեշտացնելով վարակի ներթափանցումը։
Ախտանշաններ
- Սուր ցավ, հատկապես ականջը սեղմելու կամ քաշելու ժամանակ
- Թափանցիկ կամ սպիտակավուն արտադրություն
- Քոր
- Լսողության ժամանակավոր թուլացում՝ արտաքին լսողական անցուղու նեղացման, այտուցի պատճառով
2. Միջին օտիտ
Միջին օտիտը թմբկաթաղանթից հետ գտնվող տարածության բորբոքումն է։ Այն առավելապես հանդիպում է երեխաների մոտ՝ պայմանավորված որոշ անատոմիական առանձնահատկություններով։
Ինչու՞ է երեխաների մոտ ավելի հաճախ առաջանում միջին ականջի բորբոքում։
Երեխաների եվստախյան խողովակը (քթի և միջին ականջի խոռոչները միացնող խողովակ) կարճ է, ունի ավելի հորիզոնական դիրք և նեղ է, ինչի հետևանքով հեշտությամբ խցանվում է քիթըմպանից բարձրացող բորբոքային պարունակությամբ։ Ալերգիկ ռինիտը, ադենոիդային հյուսվածքի մեծացումը ևս նպաստում են միջին օտիտի առաջացմանը։
Ախտանշաններ
- Սուր, ծակող ցավ
- Հաճախ՝ բարձր ջերմություն
- Լսողության նվազում
- Երեխաների մոտ՝ գիշերային լաց, անհանգիստ վիճակ, ականջի քաշքշում
- Թարախային արտադրության արտահոսք՝ եթե առկա է թմբկաթաղանթի պատռում
3. Ներքին օտիտ
Ներքին օտիտը հանդիպում է ավելի հազվադեպ , բայց նաև հանդիսանում է ամենավտանգավորը, քանի որ ներքին ականջի բորբոքումը ուղղակիորեն ազդում է լսողության և հավասարակշռության օրգանների վրա։
Ախտանշաններ։
- Հանկարծակի առաջացող գլխապտույտ
- Հավասարակշռության խանգարումներ
- Սրտխառնոց, փսխում
- Լսողության զգալի նվազում կամ կորուստ
Օտիտի հիմնական պատճառները
Օտիտի առաջացման մեխանիզմները տարբեր են՝ կախված տեսակից։
Արտաքին օտիտի պատճառներ
- Լողավազանում հաճախակի լողալը
- Ականջի բամբակյա փայտիկների օգտագործում
- Արտաքին ականջի մաշկային հիվանդություններ (էկզեմա, սեբորեա)
- Տաք, խոնավ կլիմա
- Արտաքին լսողական անցուղու նեղ լուսանցք
Միջին օտիտի պատճառներ
- Վիրուսային վարակներ (սուր շնչառական վարակներ)
- Բակտերիալ վարակներ՝ ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ և այլն
- Ադենոիդային հյուսվածքի մեծացում
- Ալերգիկ ռինիտ
- Քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ ռինիտ
- Քմային նշիկների մեծացում
Ներքին օտիտի պատճառներ
- Վիրուսային վարակներ
- Որպես միջին օտիտի բարդություն
- Մենինգիտ
Ովքե՞ր են ռիսկի խմբում
- 6 ամսականից մինչև 6 տարեկան երեխաներ
- Մարդիկ, ովքեր շատ են լողում, չեն պահպանում ականջի ճիշտ հիգիենան
- Ծխողների հետ ապրող երեխաներ (ծուխը խաթարում է եվստախյան խողովակի պաշտպանիչ մեխանիզմը)
- Ալերգիկ անձինք
- Քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, ադենոիդիտ ունեցողները
- Ականջի բամբակյա փայտիկները չարաշահող անձինք
Օտիտի ախտորոշումը
ԼՕՌ բժիշկը կատարում է՝
- Օտոսկոպիա՝ լսողական անցուղու զննում
- Լսողության գնահատում՝ աուդիոմետրիա, տիմպանոմետրիա (անհրաժեշտության դեպքում)
- Լաբիրինթիտի կասկածի դեպքում՝ նյարդաբանական զննում
Օտիտի բուժում
Բուժումն ընտրում է միայն ԼՕՌ բժշկը՝ կախված օտիտի տեսակից։
Ամրագրեք ձեր այցը քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Սոնա Խոսրովյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում և ստացեք ճշգրիտ ախտորոշում ու պատշաճ բուժում։ Եվ այս ամենը՝ առանց զանգի։
Արտաքին օտիտ
- Հակաբակտերիալ կամ հակասնկային դեղամիջոցներ
- Ցավազրկողներ
- Լսողական անցուղու ամենօրյա մաքրում մասնագետի կողմից
- Ծանր, կայծակնային դեպքերում՝ բուժում հիվանդանոցային պայմաններում
Միջին օտիտ
- Ցավազրկողներ
- Անհրաժեշտության դեպքում՝ քթի անոթասեղմիչ կաթիլներ
- Հակաբիոտիկներ՝ բակտերիալ վարակի կասկածի դեպքում
- Պատռված թաղանթի դեպքում՝ ականջի հիգիենայի պահպանում
- Կրկնվող դեպքերում՝ թմբկախորշի շունտավորում
Ներքին օտիտ
- Ծանր դեպքերում՝ հոսպիտալացում
- Հակաայտուցային միջոցներ
- Հակաբիոտիկներ կամ հակավիրուսայիններ՝ կախված պատճառից
Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ, եթե օտիտը չբուժվի
- Լսողության մշտական նվազում
- Թաղանթի պատռում
- Քրոնիկ օտիտի առաջացում
- Մաստոիդիտ (պտկաձև ելունի բորբոքում)
- Նյարդաբանական բարդություններ
- Լաբիրինթիտ
Ընդգծենք, որ նույնիսկ սովորական թվացող միջին օտիտը կարող է արագ բարդանալ, հատկապես երեխաների մոտ։
Ե՞րբ դիմել ԼՕՌ բժշկի
Պետք է անհապաղ դիմել մասնագետի, եթե՝
- Ականջի ցավը ուժեղ է կամ չի նվազում 24 ժամում
- Կա ականջից արտադրության հոսք (թափանցիկ, թարախային կամ արյունային)
- Լսողության նվազում
- Ջերմությունը բարձր է՝ 38.5–39°C և ավելի
- Երեխան գիշերները լացում է, քաշում ականջից, անհանգիստ է
- Կա գլխապտույտ, հավասարակշռության կորուստ
Օտիտը ինքնուրույն բուժելու փորձերը կարող են վտանգավոր լինել, քանի որ ոչ բոլոր «կաթիլներն» են թույլատրելի պատռված թաղանթի դեպքում, իսկ տաք կոմպրեսները որոշ իրավիճակներում կարող են խորացնել վիճակը։
Ամփոփում
Օտիտը տարածված, մանրակրկիտ ախտորոշում պահանջող հիվանդություն է։ Այն երբեմն արտահայտվում է թեթև ցավով, բայց ունի բարդանալու մեծ հավանականություն՝ հատկապես երեխաների և ռիսկային խմբերի անձանց մոտ։ Որքան շուտ տեղի ունենա մասնագետի զննումը, այնքան ավելի արդյունավետ և կարճատև կլինի բուժումը։
ԼՕՌ բժշկին դիմելը կարևոր է ոչ միայն ցավը վերացնելու, այլև լսողությունը պահպանելու, բարդությունները կանխելու և ապագայում կրկնությունների ռիսկը նվազեցնելու համար։
Ամրագրեք ձեր այցը քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Սոնա Խոսրովյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում։