Ինֆարկտի առաջին նշանները․ երբ հուրաքանչյուր րոպեն էական է

Նյութը պատրաստվել է սրտաբան Արտավազդ Վարաժյանի հետ համատեղ։
Սրտաբանի տեսանկյունից
Սրտամկանի ինֆարկտը շարունակում է մնալ աշխարհում մահացության առաջատար պատճառներից մեկը։ Չնայած ժամանակակից բժշկության մեծ առաջընթացին՝ ինֆարկտի ելքը շատ հաճախ կախված է ո՛չ միայն բուժման որակից, այլ այն բանից, թե որքան շուտ է մարդը ճանաչում առաջին նշանները և դիմում բժշկական օգնության։
Իմ պրակտիկայում ցավոք հաճախ հանդիպում են դեպքեր, երբ պացիենտները ժամերով կամ նույնիսկ օրերով անտեսել են նախանշանները՝ դրանք վերագրելով «ստամոքսի ցավի», «նյարդային լարվածության» կամ «մկանային ձգման»։ Այդ ուշացումը կարող է վճռորոշ լինել։
Այս հոդվածի նպատակն է պարզ և հստակ ներկայացնել՝
- ինչ է սրտամկանի ինֆարկտը,
- որոնք են դրա առաջին նշանները
- երբ է անհրաժեշտ անհապաղ գործել։
Ի՞նչ է սրտամկանի ինֆարկտը
Սրտամկանի ինֆարկտը զարգանում է այն դեպքում, երբ սրտամկանն արյունով սնուցող պսակաձև զարկերակներից մեկը (կամ մի քանիսը) հանկարծակի խցանվում է։ Արդյունքում սրտամկանի տվյալ հատվածը մնում է առանց թթվածնի և սննդանյութերի, և եթե արյան հոսքը արագ չվերականգնվի, այդ հյուսվածքը սկսում է մեռուկանալ։
Խցանման ամենատարածված պատճառը պսակաձև զարկերակի պատին գոյացած աթերոսկլերոտիկ վահանիկի պատռումն է և դրա վրա թրոմբի ձևավորումը։
Կարևոր է հասկանալ՝ դեպքերի մեծ մասում ինֆարկտը հանկարծակի պատահող «կատաստրոֆա» չէ, այն սովորաբար երկար տարիների ընթացքում զարգացող սրտանոթային հիվանդության արդյունք է և պրոֆիլակտիկ ստուգումները կարող են կանխել այն։
Ինֆարկտի դասական առաջին նշանը՝ հետկրծոսկրային ցավ
Ամենահաճախ հանդիպող և ամենահայտնի նշանը հետկրծոսկրային ցավն է, որին բնութագրական է՝
- սեղմող, ծանրության կամ ճնշման զգացում կրծքավանդակի կենտրոնում
- ցավը հաճախ չի լինում սուր, այլ ունենում է ճնշող, սեղմող բնույթ, կարծես «ծանր քարի զգացման» նման
- տևում է ավելի քան 10–15 րոպե և չի անցնում հանգստանալուց հետո
Շատ պացիենտներ նկարագրում են այն որպես «անհարմարություն», ոչ թե ցավ, ինչն էլ հաճախ մոլորեցնում է։
Ցավի ճառագայթումը՝ կարևոր ազդանշան
Ինֆարկտի դեպքում ցավը հաճախ ճառագայթում է դեպի․
- ձախ ուս և ձախ ձեռք
- պարանոց
- ստորին ծնոտ
- մեջքի վերին հատված
Այս տարածվող ցավը կարևոր տարբերակիչ նշան է, որը օգնում է տարբերել սրտային ցավը այլ պատճառներից։
Ոչ դասական, բայց վտանգավոր ախտանիշներ
Բոլոր ինֆարկտները չեն սկսվում կրծքավանդակի ցավով։ Հատկապես կանանց, տարեցների և շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ նշանները կարող են լինել ոչ տիպիկ։
Դրանք կարող են ներառել․
- Հանկարծակի ուժեղ թուլություն
- Սառը քրտինք
- Սրտխառնոց կամ փսխում
- Շնչառության դժվարացում
- Գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
- Անհանգստության, տագնապ կամ «մոտալուտ վտանգի» անբացատրելի զգացում
Շատ պացիենտներ ասում են․ «չէր ցավում, բայց զգում էի, որ ինչ-որ բան շատ սխալ է»։ Սա կարևոր դիտարկում է։
Կանանց մոտ սրտամկանի ինֆարկտի նշանների առանձնահատկությունները
Կանանց մոտ սրտամկանի ինֆարկտը հաճախ ավելի դժվար է ճանաչելը։ Կրծքավանդակի ցավը կարող է լինել թեթև կամ ընդհանրապես բացակայել։
Ավելի հաճախ հանդիպում են․
- Անսովոր հոգնածություն
- Շնչահեղձության զգացում
- Սրտխառնոց
- Մեջքի կամ ստորին ծնոտի ցավ
Այդ պատճառով կանանց մոտ սրտամկանի ինֆարկտը երբեմն սխալմամբ ընդունվում է որպես ստամոքսաղիքային կամ նյարդաբանական խնդիր։
Երբ է պետք անհապաղ շտապ օգնություն կանչել
Եթե առկա է հետևյալներից որևէ մեկը և այն տևում է ավելի քան 10–15 րոպե՝ պետք է անհապաղ զանգել 1-03՝ Շտապ Օգնություն։
- Կրծքավանդակի սեղմող կամ ճնշող ցավ
- Ցավ, որը տարածվում է ձեռք, ծնոտ կամ մեջք
- Շնչառության դժվարացում
- Սառը քրտինք, սրտխառնոց
- Հանկարծակի ուժեղ թուլություն
Չպետք է սպասել, որ «անցնի» կամ փորձել ինքնուրույն հասնել հիվանդանոց։ Ճանապարհին վիճակը կարող է կտրուկ վատանալ։
Ինչու՞ է ժամանակը որոշիչ
Սրտաբանության մեջ կա պարզ սկզբունք՝ «ժամանակը սրտամկան է»։ Պսակաձև զարկերակը փակվելուց հետո յուրաքանչյուր րոպե ուշացում նշանակում է սրտամկանի մկանաթելերի ավելի մեծ քանակի կորուստ։
Վաղ ժամերին սկսված բուժումը կարող է․
- փրկել սրտամկանի մեծ հատված
- նվազեցնել բարդությունների ռիսկը
- պահպանել կյանքի որակը
- նվազեցնել մահացությունը
Ժամանակակից միջամտական սրտաբանությունը հնարավորություն է տալիս բացել խցանված զարկերակը, սակայն դա արդյունավետ է միայն այն դեպքում, երբ պացիենտը ժամանակին է հասնում բժշկի մոտ։
Ովքե՞ր են բարձր ռիսկի խմբում
Ինֆարկտի զարգացման ռիսկը բարձր է հետևյալ մարդկանց մոտ․
- Բարձր զարկերակային ճնշում ունեցողներ
- Շաքարային դիաբետով հիվանդներ
- Ծխողներ
- Բարձր խոլեստերին ունեցողներ
- Ավելորդ քաշ ունեցողներ
- Ինֆարկտի ընտանեկան պատմություն ունեցողներ
Այս խմբերի ներկայացուցիչները պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց զգացողությունների նկատմամբ։
Ամփոփում սրտաբանից
Սրտամկանի ինֆարկտը միշտ չէ, որ գալիս է աղմուկով։ Երբեմն այն սկսվում է շատ «հանգիստ», բայց դրա հետևանքները կարող են լինել անդառնալի։
Իմ խորհուրդը պացիենտներին պարզ է․
եթե կասկած ունեք՝ ավելի լավ է դիմել և պարզել, որ ինֆարկտ չէր, քան ուշանալ և կորցնել թանկ ժամանակը։
Սիրտը սխալներ չի ներում, բայց ժամանակին օգնությունը կարող է փրկել կյանքը։
Ամրագրեք Ձեր այցը սրտաբան Արտավազդ Վարաժյանի մոտ Doctro Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։