Ինչպե՞ս է էնդոկրին համակարգն ազդում տրամադրության, զգացմունքերի և վարքագծի վրա

Նյութը պատրաստվել է էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանի հետ համատեղ։
Հորմոնները մեծ ազդեցություն ունեն տրամադրության, էներգիայի և ճանաչողության վրա։
Մի շարք հորմոնների գերքանակը կամ պակասը կարող է պատճառ լինել անհանգստության, դյուրագրգռության, հոգնածության, ցածր ինքնագնահատականի, ինչպես նաև դեպրեսիայի առաջացման։ Հետևաբար էնդոկրին հիվանդությունները հաճախ դրսևորվում են հոգեբանական, նյարդաբանական և հոգեբուժական ախտանիշներով։
Քննարկենք մի քանի էնդոկրին հիվանդությունների ազդեցությունը մեր տրամադրության, զգացմունքների և վարքագծի վրա։
1. Վահանաձև գեղձի հիվանդություններ
Վահանաձև գեղձի հորմոնները կարևոր դեր ունեն ուղեղի զարգացման և գործառույթի մեջ, ազդում են հոգեկան վիճակի և նյարդային համակարգի վրա՝ կարգավորելով նյութափոխանակությունը և ճանաչողական գործընթացները։
Հիպերթիրեոզը՝ վահանաձև գեղձի գերֆունկցիան, կարող է առաջացնել մշտական տագնապ և անհանգստություն։
Պացիենտը կարող է ունենալ դող, անհանգստություն, դյուրագրգռություն, տագնապային նոպաներ և անքնություն։
Հիպոթիրեոզը՝ վահանաձև գեղձի թերֆունկցիան, կարող է առաջացնել տրամադրության անկում և հոգնածություն։
Հորմոնների պակասը կարող է պատճառ հանդիսանալ անտարբերության, էներգիայի անկման, մշտական հոգնածության և հիշողության վատացման։
2. Մակերիկամի հիվանդություններ
Մակերիկամներն անմիջականորեն կապված են նյարդային համակարգի և հոգեկան վիճակի հետ՝ կառավարելով մարմնի սթրեսային արձագանքը, ազդելով տրամադրության և հիշողության վրա, ինչպես նաև ազդելով ուղեղի վրա՝ հիմնական հորմոնների և նեյրոտրանսմիտերների միջոցով։
Օրինակ, կորտիզոլը հիմնական սթրեսային հորմոնն է, որը արտադրվում է մակերիկամների կողմից և պատասխանատու է «կռվի կամ փախչելու» ռեակցիայի համար։ Քրոնիկ սթրեսը կապված է կորտիզոլի մակարդակի կարգավորման խանգարման հետ, որը կարող է հանգեցնել նրա մակարդակի բարձրացման, ինչն էլ կարող է դրսևորվել հետևյալ նշաններով․
- Հուզական այրում,
- Քնի խանգարումներ,
- Տրամադրության տատանումներ,
- Տագնապայնություն։
Կորտիզոլի անբավարարությունն իր հերթին կարող է հանգեցնել այնպիսի ախտանիշների զարգացման, ինչպիսիք են անտարբերությունը, դեպրեսիան, դյուրագրգռությունը, ճանաչողական խանգարումները, իսկ ծանր դեպքերում՝ նաև փսիխոզը։
3. Շաքարային Դիաբետ
Շաքարային դիաբետի փոխազդեցությունը հոգեբանական վիճակի և նյարդային համակարգի հետ երկակի է։
Բիոլոգիական ազդեցություն.
Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ փոփոխությունները անմիջականորեն ազդում են ուղեղի աշխատանքի վրա.
Հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակ).
Կարող է առաջացնել սուր տագնապի նոպաներ, դյուրագրգռություն, ագրեսիա, շփոթություն և վախ։ Շատ դեպքերում տագնապի նոպաները պարզապես արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակի ազդանշան են։
Հիպերգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ).
Բերում է քրոնիկ հոգնածության, քնկոտության, անտարբերության, կարող է առաջացնել հոգեկան ֆունկցիաների խաթարում։ Քրոնիկ հիպերգլիկեմիան (արյան մեջ գլյուկոզայի մշտական բարձր մակարդակը) անմիջականորեն վնասում է ծայրամասային նյարդերը՝ հանգեցնելով դիաբետիկ նեյրոպաթիայի զարգացման: Այն կարող է հանգեցնել ցավի, թմրածության, ծակծկոցի և մկանային թուլության նման ախտանիշների, որոնք առավել հաճախ հանդիպում են ոտքերի և ձեռքերի շրջանում։
Հոգեբանական ծանրաբեռնվածություն.
Դիաբետի կառավարումը պահանջում է մշտական ուշադրություն (սննդակարգի պահպանում, գլյուկոզայի պարբերաբար չափումներ, դեղորայքի կանոնավոր ընդունում)։ Դա հաճախ բերում է հուզական այրման, տրամադրության անկման, մինչև անգամ դեպրեսիայի առաջացման։
Ամփոփում
Վերը նշված գանգատների առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել մի շարք հորմոնային քննություններ հիմքում ընկած հնարավոր էնդոկրին հիվանդությունը բացահայտելու նպատակով։
Ամրագրեք Ձեր այցը էնդոկրինոլոգ Սոնա Մաղաքյանի մոտ՝ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։