Տագնապ և սեռական խանգարումներ․ փոխկապակցվածություն

Նյութը պատրաստվել է բժիշկ սեքսոլոգ,բ․գ․թ․ Ռուզաննա Ազատյանի կողմից։
Տագնապային խանգարումները համարվում են ամենատարածված հոգեկան խանգարումներից մեկը՝ ընդգրկելով լայն ախտաբանական դրսևորումներ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ տագնապը ոչ միայն ազդում է հոգեբանական բարեկեցության վրա, այլև սերտորեն կապված է սեռական դիսֆունկցիաների առաջացման ու պահպանման հետ։
Սեռական առողջությունը դիտվում է որպես կենսա-հոգե-սոցիալական ամբողջություն, և տագնապի առկայությունը խաթարում է այդ հավասարակշռությունը։
Ինչպե՞ս է տագնապը ազդում սեռական առողջության վրա
Ֆիզիոլոգիական մակարդակով․
Տագնապի ժամանակ ակտիվանում է սիմպաթիկ նյարդային համակարգը առաջացնելով ընդհանուր լարվածություն, ինչն էլ խորացնում է տագնապի զգացողությւոնը։ Այս ֆիզիոլոգիական վիճակում նվազում է սեռական արձագանքների բնականոն ընթացքը և առհասարակ սեռականությունը դեզակտուալիզացվում է։
Հոգեբանական մակարդակով
Անհանգստությունը և անհաջողությունից վախը նվազեցնում է սեռական ցանկությունը և հաճույքի զգացումը։ Շատերը սեռական հարաբերության ընթացքում կենտրոնանում են ոչ թե միմյանց զգալու և վայելելու վրա, այլ իրենց «կարողանալու» կամ «չհիասթափեցնելու» մտքերի վրա, որն էլ ժամանակի ընթացքում ավելի է խորացնում տագնապը։
Միջանձնային հարաբերություններում
Երբ սեռական մտերմությունը դառնում է լարվածության աղբյուր, զույգերի միջև առաջանում է խուսափողական վարքագիծ, որն ուղեկցվում է հաճախակի վեճերով և տևական սեռական ձեռնպահության շրջաններով ազդելով սեռական խանգարումների և տագնապի վրա։
Տագնապի հետ կապված ամենատարածված սեռական խանգարումները
- Սեռական ցանկության նվազում
- Վագինիզմ և ցավոտ սեռական հարաբերություններ /ներթափանցման խանգարումներ/
- Էրեկցիայի խանգարումներ
- Վաղաժամ սերմնաժայթքում
- Օրգազմի բացակայություն
Ինչպե՞ս հաղթահարել տագնապը և վերականգնել սեռական առողջությունը
Իրականացվում է համակցված թերապիա, որը ներառում է․
- Հոգեթերապիա․ Կոգնիտիվ-վարքային թերապիան և սեքս-թապիան համարվում են առաջին ընտրության մեթոդներ։ Դրանք օգնում են հաղթահարել վախերը և վերակառուցել առողջ միջանձնային հարաբերություններ և հետևաբար սեռական կյանք։
- Դեղորայքային աջակցություն․ Բժշկի ցուցումով կիրառվող հակատագնապային կամ հակադեպրեսանտ դեղամիջոցները կարող են լրացուցիչ աջակցություն ապահովել։
- Զույգի ներգրավում․ Զույգային թերապիան շատ կարևոր դեր ունի խնդրի հաղթահարման համար, այն նպաստում է միմյանց հետ անկեղծ և անկաշկանդ հաղորդակցության վերականգնմանը։
- Կենսակերպի փոփոխություն․ Սթրեսի կառավարում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն և բավարար քունը նպաստում են ինչպես հոգեկան, այնպես էլ սեռական առողջությանը։
Գործնական խորհուրդներ․ ինչ անել հենց հիմա եթե գտնվում եք նման իրավիճակում
- Շնչառական վարժություններ արեք․ ամեն օր 5-10 րոպե խորը ու դանդաղ շնչառությունը նվազեցնում է լարվածությունը։
- Խոսեք ձեր զուգընկերոջ հետ բաց ու անկեղծ․ ասեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում և ինչի կարիք ունեք, մի վախեցեք չհասկացված լինելուց։
- Սահմանեք հանգստի և ժամանցի համար ժամանակ, փորձեք դուրս գալ առօրյա ստերիոտիպային վիճակից․ համատեղ քայլել, շփվել կամ միասին հանգստանալը նվազեցնում է ընդհանուր լարվածությունը։
- Կրճատեք կոֆեինի և ալկոհոլի օգտագործումը․ դրանք ուժեղացնում են տագնապը։
- Դիմեք մասնագետի, եթե խնդիրը շարունակվում է․ որքան շուտ սկսվի աջակցությունը, այնքան արդյունավետ և կարճաժամկետ կլինի բուժման ընթացքը։
Ամփոփում
Տագնապն ու սեռական խանգարումները փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց՝ ձևավորելով արատավոր շրջան։ Երբեմն անհնար է լինում պարզել որն էր առաջնայինը, տագնապը թե սեռական խանգարումը։ Ժամանակին դիմելով մասնագիտական օգնության՝ հնարավոր է ավելի արագ վերականգնել սեռական ֆունկցիան, ամրապնդել զույգի հարաբերությունները և բարելավել կյանքի որակը։
Ամրագրեք ձեր այցը բժիշկ սեքսոլոգ,բ․գ․թ․ Ռուզաննա Ազատյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով կամ Doctoryan.am կայքում՝ առանց զանգի։
Առողջ եղեք