Առողջություն

10 hours ago

Սպորտն ու սակավարյունությունը․ ինֆորմացիա յուրաքանչյուր մարզվողի համար

Նյութը պատրաստվել է արյունաբան Լուսինե Հարությունյանի հետ կողմից։

Բնորոշումը

Տևական թուլությունը, էներգիայի պակասը, քնկոտությունը, ուժային վարժություններում ավելացած դժվարությունը, դժվարաշնչությունը գանգատներ են, որոնք կարող են դիտվել մարզվողի կյանքում։ Այս գանգատների հիմնական պատճառները կարող են լինել գերծանրաբեռնվածությունը, սննդի առանձնահատկությունները, ջրազրկումը, հորմոնալ կամ անոթային խնդիրները, սակավարյունությունը (անեմիա, «արյան պակասություն»)։ Եկեք հասկանանք՝ ինչպե՞ս թույլ չտալ, որ սակավարյունությունը խանգարի արդյունավետ մարզվելուն։
Սակավարյունությունն այն վիճակն է, երբ արյան մեջ նվազում է հեմոգլոբինի և/կամ կարմիր բջիջների քանակը, ինչի հետևանքով օրգանիզմը բավարար թթվածին չի ստանում։ Ամենից տարածված դեպքերում սակավարյություն առաջանում է, երբ կա երկաթի, ֆոլաթթվի և վիտամին B12-ի անբավարարություն։ Այս նյութերը մտնում են հեմոգլոբինի և կարմիր բջիջների կազմի մեջ՝ ապահովելով նրանց նորմալ քանակը, ինչի պատճառով էլ նրանց պակասության դեպքում արյան տվյալները շեղվում են։ Կան սակավարյունության նաև այլ պատճառներ, որոնք հնարավոր է լինում տարբերակել անհրաժեշտ հետազոտություններով։

Գանգատները, ֆիզիոլոգիական երևույթները, Vo2max – ը

Անեմիան կարող է անմիջական ազդեցություն ունենալ մարզիկի VO₂ max-ի վրա, որը ցույց է տալիս օրգանիզմի կողմից թթվածնի մաքսիմալ քանակի օգտագործումը մարզվելիս։ Որքան այն բարձր է, այդքան շատ թթվածին կարող են օգտագործել մկանները։ Բարձր VO₂ max → ավելի լավ դիմադրողականություն, արագ վերականգնում և երկարաժամկետ արդյունավետություն մարզումների ընթացքում: VO₂ max-ը կախված է արյան հոսքից, մկանների թթվածնի օգտագործման արդյունավետությունից և, ամենակարևորը, հեմոգլոբինի քանակից, որը թթվածինը տեղափոխում է թոքերից դեպի մկաններ։ Երբ հեմոգլոբինի մակարդակը ընկնում է, արյան թթվածնային պարունակությունը նվազում է, ինչը անմիջապես իջեցնում VO₂ max-ը։

Մարզիկները, նույնիսկ համեմատաբար թեթև անեմիայի դեպքում, զգում են արագ հոգնածություն և նվազած դիմադրողականություն։ Մարմինը կարող է փորձել փոխհատուցել սրտի աշխատանքի ուժեղացմամբ և շնչառության արագացմամբ, սակայն այս մեխանիզմները չեն կարող ամբողջությամբ վերականգնել կորցրած արդյունավետությունը։
Անեմիա → ↓ Հեմոգլոբին → ↓ Զարկերակներում թթվածնի պարունակություն → ↓ VO₂ max

Մարզիկներն ավելի զգայուն են անեմիայի նկատմամբ, քանի որ մարզումների ժամանակ օրգանիզմը պահանջում է ավելի շատ թթվածին։ Հեմոգլոբինի պակասը նվազեցնում է արյան թթվածնային պարունակությունը, ինչը ծանրաբեռնվածություն է ստեղծում սրտի համար, արագացնում է հոգնածությունը և թուլացնում մկանները, առաջացնում հոդերի ցավ կամ լարվածություն: Թթվածնի պակասը ազդում է նաև ուղեղի վրա՝ նվազեցնելով ուշադրությունը, արագացնելով հոգնածությունը և շեղելով կտրուկ մտավոր ֆունկցիաները, ինչը հատկապես վնասակար է մարզիկների համար, ովքեր պետք է համատեղեն ֆիզիկական և մտավոր աշխատանքը:

Պատճառները

Երկաթի պակասություն․ Մարզիկների մոտ երկաթի պակասը հաճախ է հանդիպում, քանի որ նրանք կորցնում են երկաթ քրտինքով, մարսողական համակարգի փոքր արյունահոսություններով և կարմիր արյան բջիջների ոչնչացմամբ՝ հատկապես վազքի կամ ծանրաբեռնված մարզումների ժամանակ։ Էնդյուրանս մարզումները նաև մեծացնում են արյան բջիջների արտադրությունը, ինչը բարձրացնում է երկաթի պահանջը։ Այստեղ արդեն նաև շատ է խանգարում սահմանափակ կամ երկաթով ոչ հագեցած սնունդը։ Ավելի մանրամասն՝ երկաթ-պակասորդային սակավարյունություն։

Սպորտային անեմիա

Մարզումների ընթացքում, հենց վարժությունների ժամանակ ու դրանից անմիջապես հետո, մարզվողների մոտ դիտվում է արյան խտության նոսրացում պլազմայի ավելացման հաշվին, որը նորմալ պրոցես է և ինքնակարգավորվում է 1-3 շաբաթում։ Սա օգնում է արյան շրջանառությանը և մարմնի ջերմության կարգավորմանը։ Այս պրոցեսը սովորաբար չի խանգարում թթվածնի մատակարարումը մկաններին։ Իրական անեմիան պետք է կասկածվի միայն այն դեպքում, երբ առկա են տևական հոգնածություն կամ մարզման ցուցանիշների տևական վատացում։

Արյան հեմոլիզ

Մարզման ընթացքում հեմոլիզը արյան կարմիր բջիջների քայքայումն է, որը հատկապես հանդիպում է վազորդների մոտ կարմիր բջիջների մեղմ վնասման պատճառով։ Անհրաժեշտ է վերահսկել հագուստը և վազքի տեխնիկան։
Վիտամին B12 կամ ֆոլաթթվի պակաս․ Վիտամին B12-ն և ֆոլաթթուն կարևոր են բոլոր բջիջների, հատկապես արյան կարմիր բջիջների, ԴՆԹ-ի և սպիտակուցների արտադրության համար: Երբ այս վիտամինների մակարդակը նվազում է, արյան կարմիր բջիջների արտադրությունը թուլանում է, ինչի արդյունքում արյան ընդհանուր քննության մեջ նկատելի է բոլոր բջիջների քանակի նվազում: Մարզիկների մոտ այս պատճառով կարող է առաջանալ արագ հոգնածություն, մկանային ուժի պակաս, ուշադրության կենտրոնացման դժվարություն, սրտխփոց և դանդաղ վերականգնում մարզումներից:

Բուժում

Մարզիկների մոտ նշված գանգատների պատճառը գտնելը պահանջում է մանրամասն հարցում և մի շարք հետազոտությունների իրականացում։ Երկաթի, վիտամին Բ12-ի, ֆոլաթթվի պակասության դեպքում նշանակվում է համապատասխան բուժում, հսկողություն, և, ամենակարևորը, պատճառի հայտնաբերում, որը թույլ կտա խնդիրը լուծել լիարժեք՝ խուսափելով կրկնություններից։

Ամրագրեք ձեր այցը արյունաբան Լուսինե Հարությունյանի Doctor Yan հավելվածի կամ doctoryan.am կայքի միջոցով և խուսափեք ավելորդ զանգերից ու հիվանդանոցային հերթերից։

Հետաքրքիր փաստ

«Պատին բախվելու» ֆենոմեն․ պրոֆեսիոնալ վազորդների մոտ, հատկապես մարաթոնային վազքի ժամանակ, հանդիպում է շրջան, երբ էներգիան հանկարծակի կերպով կտրուկ պակասում է` չթողնելով շարունակել մարզվել առաջվա պես։ Այս երևույթը անվանում են “hit the wall”․ Հետաքրքիր է նշել, որ սա նրանց մկանների թուլության պատճառով չէ։ Երբ ուղեղը զգում է գլյուկոզի կամ թթվածնի հասանելիության նվազում, հրահանգում է մարմնին դանդաղել՝ նախքան մկանների վնասումը։ Այս ֆենոմենից ելնելով՝ որոշ մասնագետներ առանձնացնում են թուլությունը որպես հոգեբանական և ֆիզիկական երևույթ, իսկ հոգեբանական թուլությանը վերագրում են ինքնապաշտպանական դեր։

Ամրագրեք ձեր այցը արյունաբան Լուսինե Հարությունյանի Doctor Yan հավելվածի կամ doctoryan.am կայքի միջոցով և խուսափեք ավելորդ զանգերից ու հիվանդանոցային հերթերից։

ԿԻՍՎԵԼ՝