Ամեն ինչ թութքի մասին՝ ռիսկերը, ախտանիշները և բուժման մեթոդները

Նյութը պատրաստվել է Իզմիրլյան ԲԿ-ի վիրաբույժ-պրոկտոլոգ Արման Հովհաննիսյանի հետ համատեղ։
Թութքը լայն տարածում ունեցող հիվանդություն է, որը կարող է հանդիպել կյանքի տարբեր փուլերում՝ կախված ապրելակերպից, գենետիկ նախատրամադրվածությունից և առողջական ընդհանուր վիճակից։ Շատերը խուսափում են խոսել այդ մասին, սակայն վաղ ախտորոշումը և բուժման մեթոդի ճիշտ ընտրությունը կարող են կանխել լուրջ բարդությունների առաջացումը։
Ինչ է թութքը
Թութքը ուղիղ աղիքում գտնվող երակային հանգույցների լայնացումն է, որը կարող է առաջացնել ցավ, այրոց, քոր, արյունահոսություն և տհաճ զգացողություններ։ Կան երկու հիմնական տիպ՝
- Ներքին թութք – զարգանում է ուղիղ աղիքի ներսում և հաճախ ի սկզբանե ցավ չի պատճառում։
 - Արտաքին թութք – առաջանում է մաշկի տակ՝ անալ անցքի շուրջ, և հաճախ ուղեկցվում է ցավով, այտուցով կամ արյունահոսությամբ։
 
Ովքե՞ր են ռիսկի խմբում
Թութքի զարգացման ռիսկը բարձրանում է որոշ գործոնների առկայությամբ.
- Նստակյաց կենսակերպ – օրինակ՝ գրասենյակային աշխատանք։
 - Սխալ սննդակարգ– քիչ մանրաթելերով և ջրով սնունդ։
 - Փորկապություն կամ լուծ– որոնք անընդհատ ճիգեր են պահանջում։
 - Ծանր ֆիզիկական աշխատանք– մասնավորապես առանց մկանային համակարգի բավարար զարգացվածության։
 - Հղիություն– քանի որ ներորովայնային ճնշման բարձրացումն ազդում է փոքր կոնքում արյան շրջանառության վրա։
 - Ժառանգական նախատրամադրվածություն։
 - Տարիք, քանի որ տարիքի հետ անոթային և հյուսվածքային տոնուսը նվազում է։
 
Վաղ ախտանիշները
Թութքի վաղ փուլում ախտանիշները կարող են լինել մեղմ ու աննկատելի՝
- Ծանրության զգացողություն անալ շրջանում։
 - Քոր կամ թեթև այրոց։
 - Արյան առկայություն զուգարանի թղթի վրա։
 - Դիսկոմֆորտ նստելու ժամանակ։
 
Ուշ ախտանիշները
Եթե անտեսվում են վաղ նշանները, թութքը գնալով պրոգրեսիվում է դեպի ուշ փուլեր՝
- Ուռած, ցայտուն թութքային հանգույցներ։
 - Մշտական ցավ՝ քայլելու կամ նստելու ժամանակ։
 - Բազմակի արյունահոսություն՝ անգամ առանց զուգարան գնալու։
 - Թութքային հանգույցների թրոմբոզ (ստրանգուլյացիա)։
 - Լորձի արտահոսք։
 - Սրտխառնոց և ընդհանուր թուլություն՝ արյունային կորուստի ֆոնին։
 
Թութքի բարդությունները
Չբուժված թութքը կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝
- Թրոմբված հանգույցներ, որոնք շատ ցավոտ են և պահանջում են անհետաձգելի բուժում։
 - Մեռուկացած հանգույց, որը կարող է առաջացնել վարակ։
 - Քրոնիկ արյունահոսություն, ինչը հանգեցնում է սակավարյունության։
 - Ուղիղ աղիքի պարբերական բորբոքումներ և վարակներ։
 
Բուժման մեթոդները
Բուժումն ընտրվում է՝ կախված փուլից և ախտանիշների ծանրությունից։
Ամրագրեք ձեր այցը վիրաբույժ-պրոկտոլոգ Արման Հովհաննիսյանի մոտ Doctoryan.am կայքում կամ Doctor Yan հավելվածով, կամ զանգահարելով Doctor Yan-ի աջակցման կենտրոն՝ 095608880 հեռախոսահամարով։
Պահպանողական մոտեցում (առաջին և երկրորդ փուլ)
- Սննդակարգի կարգավորում՝ մեծացնել մանրաթելերի և ջրի ընդունումը։
 - Փորկապության դեմ միջոցներ։
 - Տեղային քսուքներ և մոմիկներ՝ ցավը և բորբոքումը մեղմելու համար։
 - Տաք լոգանքներ՝ 15-20 րոպեով օրական մի քանի անգամ։
 - Դեղորայքային բուժում՝ անոթների ամրացման համար (օրինակ՝ ֆլավոնոիդներ)։
 
Վիրաբուժական բուժում
Եթե պահպանողական բուժման արդյունքում չենք ունենում դրական դինամիկա, կամ թութքը բարդանում է, անհրաժեշտ է վիրահատական միջամտություն․
- Ինֆրակարմիր ճառագայթներով կոագուլյացիա։
 - Ռեզինե օղակով կապում (rubber band ligation)։
 - Սկլերոթերապիա։
 - Լազերային բուժում։
 - Թութքահատում՝ վիրահատական հեռացում ծանր դեպքերում։
 
Երբ դիմել պրոկտոլոգի
Շատերը փորձում են ինքնուրույն բուժվել, սակայն անհրաժեշտ է դիմել մասնագետի, եթե՝
- Արյուն եք նկատում զուգարանի թղթի վրա։
 - Թութքի հանգույցներն արդեն շոշափվում են։
 - Ունեք քորի, այրոցի կամ ցավի զգացողություն հետանցքի շրջանում։
 - Առկա է տևական փորկապություն կամ լուծ։
 
Վիրահատությունից հետո. վերականգնողական շրջան
Վիրահատական բուժումից հետո շատ կարևոր է վերականգնման ճիշտ ընթացքը՝
- Առաջին օրերին հանգիստ և անկողնային ռեժիմ։
 - Ցավազրկողներ՝ ըստ բժշկի ցուցման։
 - Հիգիենա՝ տաք լոգանքներ և հետանցքի հատվածի մաքրություն։
 - Փափուկ սնունդ, մանրաթելերով և հեղուկով հարուստ։
 - Միզարձակման և աղիքների գործունեության կանոնավորեցում՝ փորկապությունից խուսափելու համար։
 - Ֆիզիկական ակտիվություն միայն բժիշկի թույլտվությամբ՝ աստիճանաբար։
 
Սովորաբար լիարժեք վերականգնումը տևում է 2-4 շաբաթ՝ կախված միջամտության ձևից։
Որոշ կանխարգելիչ խորհուրդներ
- Սնվեք մանրաթելերով հարուստ՝ մրգեր, բանջարեղեն, վարսակ, չորացրած պտուղներ։
 - Օրվա ընթացքում խմեք առնվազն 1.5-2 լիտր ջուր։
 - Խուսափեք երկար նստելուց՝ հատուկ բարձիկներ օգտագործեք։
 - Ունեցեք ֆիզիկական ակտիվություն – թեթև քայլքեր, յոգա կամ լող։
 - Մի՛ հետաձգեք զուգարան գնալը։
 
Ամփոփում
Թութքը հաճախակի, բայց բուժելի խնդիր է։ Եթե ժամանակին նկատեք նշանները և դիմեք պրոկտոլոգի, ապա կկարողանաք խուսափել վիրահատությունից ու բարդություններից։ Մի՛ ամաչեք հոգ տանել ձեր առողջության մասին։ Հիշեք՝ խնդրի անտեսումը երբեք լուծում չէ։
Ամրագրեք ձեր այցը վիրաբույժ-պրոկտոլոգ Արման Հովհաննիսյանի մոտ Doctoryan.am կայքում կամ Doctor Yan հավելվածով, կամ զանգահարելով Doctor Yan-ի աջակցման կենտրոն՝ 095608880 հեռախոսահամարով։