Առողջություն

1 day ago

Վարիկոզ հիվանդություն․ միֆեր և իրականություն

Նյութը պատրաստվել է անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի հետ համատեղ։

Վարիկոզ հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որը ախտահարում է առավելապես ստորին վերջույթների ենթամաշկային երակային համակարգը, առաջացնելով ենթամաշկային երակների վարիկոզ լայնացում, փականային անբավարարություն, երակային արյան հետհոսք (ռեֆլյուքս), որոնք էլ ի վերջո բերում են քրոնիկական երակային անբավարարության զարգացմանը։

Վարիկոզ հիվանդության բուժումը, անկախ զարգացման աստիճանից, պահանջում է կոմպլեքս մոտեցում, ներառելով դեղորայք, կոմպրեսիոն տրիկոտաժ և վիրաբուժական տարբեր եղանակներ։ Նպատակը երկուսն է՝ վերացնել պաթոլոգիական հետհոսքը ազատվելով արդեն հիվանդ երակներից և պայքարել առողջ երակները առողջ պահելու համար։

Վարիկոզ հիվանդության վիրահատական բուժման դասական եղանակը մինչև վերջին տարիները համարվում էր վենէկտոմիան, որը նախատեսում էր մեծ կամ փոքր ենթամաշկային երակների ախտահարված ցողունների և նրանց ճյուղերի ուղղակի հեռացումը։ Արդյունքում վերացվում էր արյան պաթոլոգիական հետհոսքը, արյունը ուղղվում էր դեպի խորանիստ երակային համակարգ և հնարավորինս վերացվում էր քրոնիկական երակային անբավարարությունը։ Սակայն այդ նպատակով կատարվում էին մեծ քանակությամբ և մեծ չափերի կտրվածքներ, որոնք բնականաբար բերում էին մի շարք բարդությունների առաջացմանը։

Ժամանակակից վիրաբուժությունը, անկախ նրանից թե որ բնագավառի մասին է խոսքը, ունի որոշակի պահանջներ՝ այն է կիրառել հնարավորինս քիչ ինվազիվ վիրահատական եղանակներ, որոնք թույլ կտան հիվանդին արագ ապաքինվել, հնարավորինս կարճ ժամանակ գտնվել բուժհաստատությունում, արագ վերադառնալ սոցիալական ակտիվ կյանք և միևնույն ժամանակ ապահովել առավելագույն կոսմետիկ արդյունք։

Բնականաբար վենէկտոմիան նույնպես աստիճանաբար սկսեց իր տեղը զիջել քիչ ինվազիվ վիրահատական եղանակներին։ Ենթամաշկային երակային ցողունները վերացնելու համար 2001-2002թթ-ից սկսեցին կիրառվել ներանոթային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիայի եղանակները, որոնք նպատակ ունեն ոչ թե ուղղակիորեն և խիստ տրավմատիկ ձևով հեռացնելու, այլ կոագուլյացիայի ենթարկելու այդ ցողունները, որոնք արդյունքում խցանվում են, արյան հոսքը դադարում է, իսկ որոշ ժամանակ անց ձևավորված շարակցական հյուսվածքը ներծծվում է։ Մնացած վարիկոզ լայնացած ճյուղերը հեռացվում են մինիֆլեբէկտոմիայի եղանակով, որի ժամանակ կատարվում են մի քանի միլիմետրանոց կտրվածքներ և հաճախ նույնիսկ կարեր չեն դրվում։ Լազերային կոագուլյացիայի եղանակը ՀՀ-ում մեծ հաջողությամբ կիրառվում է 2006թ-ից, կա ավելին քան 10.000 վիրահատության հարուստ փորձ, գիտական հետազոտական աշխատանքներ և մոտեցումային առաջարկներ։

Վերջին հնգամայակում առաջարկվեց և աստիճանաբար կիրառություն ստացավ մեկ այլ քիչ ինվազիվ վիրահատական եղանակ բիոսոսնձի օգտագործմամբ։ Այս սոսինձը ունի հատուկ բաղադրություն, պատրաստված է ցիանակրիլատային հիմքով, իր հատուկ կառուցվածքի արդյունքում չունի ծորալու հատկություն և չի կարող խցանում առաջացնել ոչ ցանկալի հատվածներում։ Նպատակը կրկին ենթամաշկային երակային ցողունների խցանում առաջացնելն է և կարելի է կիրառել մինիֆլեբէկտոմիայի, կամ վարիկոզ երակների դեղորայքային սկլերոօբլիտերացիայի հետ համակցված, ինչի արդյունքում կարելի վիրահատել գրեթե առանց կտրվածքների և առանց ցավազրկման։ Ուլտրաձայնային դուպլեքս հետազոտության հսկողությամբ հատուկ կաթետր է անցկացվում և սոսինձը կաթիլ-կաթիլ լցվում է երակային ցողունի լուսանցքի մեջ, դուպլեքսի տվիչով կամ ձեռքով սեղմելով երակի պատերը անմիջապես կպնում են իրար և արյան հոսքը երակի մեջ վերանում է։ Քանի որ այս պարագայում չկա ջերմային ազդեցություն, ի տարբերություն ներերակային կոագուլյացիայի եղանակների, հետվիրահատական շրջանում չեն առաջանում կապտուկներ, չի լինում ցավային համախտանիշ, ապահովված է առավելագույն կոսմետիկ արդյունքը և արագ ապաքինումը։ Բիոսոսնձի կիրառմամբ կատարվող վիրահատությունները ևս արդեն կատարվում են ՀՀ-ում, արտերկրում հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից։

Ամրագրեք ձեր այցը անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի մոտ Doctor Yan բջջային հավելվածով կամ Doctoryan.am կայքում և խուսափեք հավելյալ զանգերից և հիվանդանոցային հերթերից։

Միֆեր

Անոթային վիրաբուժության մեջ ևս, ինչպես բժշկության այլ բնագավառներում, կան հասարակության կողմից լայն տարածում գտած, սակայն իրականությանը չհամապատասխանող տեսակետեր ու կարծիքներ այս կամ այն հիվանդության կամ երևույթի վերաբերյալ։ Անոթային վիրաբուժության ամենատարածված միֆերը կապվում են հատկապես վարիկոզ հիվանդության հետ, քանի որ վերջինս ամենատարածված, ամենատեսանելի ու ամենաքննարկելի անոթային պաթոլոգիան է։ Ներկայացնենք ամենալայն տարածում ունեցող հորինվածքները․

Բնականաբար այս տեսակետը ճիշտ չէ։ Վարիկոզը գենետիկական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որը զարգանում է կյանքի ընթացքում ռիսկի գործոնների առկայության պայմաններում։ Գենետիկական մակարդակում կանայք և տղամարդիկ ունեն հիվանդանալու հավասարաչափ ռիսկ։ Սակայն կանաց մոտ ռիսկի գործոնները ավելի շատ են, կանայք ավելի զգայուն են արտաքին տեսքի հանդեպ և ավելի հաճախ են դիմում բժշկի, քան տղամարդիկ։

Ինչպես վերը նշվածից պարզ դարձավ հղիությունը վարիկոզի պատճառը չէ, ի վերջո տղամադիկ ևս հիվանդանում են վարիկոզով, չնայած այն փաստին, որ չեն հղիանում։ Հետևաբար ճիշտ չէ բուժումը սպասեցնել այս պատճառաբանությամբ, առավել ևս, որ հղիության ընթացքում հնարավոր են վարիկոզ հիվանդության մի շարք բարդություններ, որոնք ավելի կծանրացնեն ու կբարդացնեն հղիության ընթացքը։

Վարիկոզ հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում երակների լայնացում, փականային անբավարարություն և արյան հետհոսք, վերջինս իր հերթին տարածվում է դեպի դեռևս չվնասված երակները և ի վերջո բերում է դրանց լայնացմանը։ Այսինքն հիվանդ երակների հեռացումը ոչ թե ավելացնում է առողջ երակների ծանրաբեռնվածությունը, այլ ընդհակառակը վերացնում է նրանցում ի հայտ եկող հետհոսքը, քչացնում է նրանցում ճնշումը և փրկում է հնարավար լայնացումից։ Ինչ վերաբերում է «մյուս ոտքի» տեսությանը, ապա մարդու վերջույթների անատոմիան, այնպիսին է, որ բոլոր համակարգերը, այդ թվում նաև երակները, առանձնացված են և երակների ինչպես հեռացումը, այնպես էլ պահպանումը չեն կարող ազդել մյուս վերջույթի վրա ոչ դրական և ոչ էլ բացասական առումներով։

Ոտքերից երակային արյունը հետ է վերադառնում դեպի սրտի աջ կես, որտեղից թոքային զարկերակով դեպի թոքեր։ Թոքի հյուսվածքում թոքային զարկերակը սկում է ճյուղավորվել մինչև մազանոթների մակարդակի։ Այսինքն երակներում առաջացած թրոմբը արյան հոսքի հետ շարժվելով կանցնի սրտի աջ կեսով և կհայտնվի թոքային զարկերակի համակարգում և կախված թրոմբի չափերից կխցանի այդ համակարգի որևէ ճյուղը, ինչի արդյունքում զարգանում է թոքի ինֆարկտ և ոչ թե սրտամկանի։ Բնականաբար երակներում առաջացած թրոմբը նույն տրամաբանությամբ չի կարող հայտնվել նաև ուղեղում։ Իշեմիկ ինսուլտ առաջացնող թրոմբները ուղեղ հասնում զարկերակներով, որոնք սկսում են սրտի ձախ կեսից և և ոչ թե աջ։

Ցավոք, աշխարհում գոյություն չունի որևէ դեղորայք, որը ի զորու է բուժելու վարիկոզը։ Վարիկոզի բուժումը պահանջում է նեղ մասնագետի խորը գիտելիքներ և նրա կողմից իրականացվող կոմպլեքս միջոցառումներ, ինչը ներառում է դեղորայք, կոմպրեսիոն տրիկոտաժ և վիրաբուժական այս կամ այն միջամտությունը։ Հատկապես համացանցում տարածվող այս կամ այն «հրաշք» քսուքները, որոնք իսպառ «վերացնում» են վարիկոզը, ոչ այլ ինչ են, քան խաբեություն։ Տնային պայմաններում պատրաստվող որոշ թուրմեր, որոնք իրականում են պարունակում են ճիշտ ընտրված դեղաբույսեր, երբեմն կարող են մեղմել վարիկոզի առաջացրած գանգատները, բայց ոչ երբեք բուժել այն։

Իրականում անոթները չունեն զգացող ներվաթելեր, հետևաբար անոթների ախտահարումը ցավ առաջացնել չի կարող, հնարավոր չէ զգալ նաև անոթների ուղղությունը, նրանցում արյան հոսքը և այլն։ Ցավային կամ այլ զգացողություններ կառաջանան, եթե անոթային որևէ հիվանդության արդյունքում տուժի այս կամ այն օրգանի կամ հյուսվածքի արյան շրջանառությունը։

Ամրագրեք ձեր այցը անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի մոտ Doctor Yan բջջային հավելվածով կամ Doctoryan.am կայքում և խուսափեք հավելյալ զանգերից և հիվանդանոցային հերթերից։

ԿԻՍՎԵԼ՝