Երկաթի պակասություն, պատճառները, ախտանիշները, բուժումը, ու՞մ դիմել

Նյութը պատրաստվել է արյունաբան Լուսինե Հարությունյանի հետ համատեղ։
Բնորոշումը
Երկաթի պակասություն առաջանում է օրգանիզմում նրա քանակի իջեցման պատճառով, որը բերում է սակավարյունության՝ հեմոգլոբինի քանակի իջեցման։
Գանգատները
Երկաթի և հեմոգլոբինի իջեցման դեպքում մենք ունենում ենք․
- Հոգնածության զգացում․ Քանի որ հոգնածությունը կարող է կապված լինել նաև այլ գործոնների հետ, ինչպիսիք են գերծանրաբեռնված օրակարգը, կարևոր է ուշադրություն դարձնել, երբ հոգնածությունը չի անցնում հանգստից հետո և ժամանակի ընթացքում աստիճանաբար ավելանում է։ Պատճառն այն է, որ էներգիայի առաջացումը մեր օրգանիզմում կապված է նաև երկաթ պարունակող նյութերի հետ, և երկաթի պակասի դեպքում դժվարանում է էներգիայի փոխանակումը։ Մեկ այլ պատճառ է սակավարյունությունը, որի աստիճանական խորացմանը զուգահեռ մենք ավելի թույլ ենք մեզ զգում։
- Գունատ մաշկ․ հաշվի առնելով, որ մարդիկ իրենք իրենց գունատությունը դժվարանում են նկատել, կան օգնող նշաններ։ Կարող եք զննել Ձեր ստորին ներքին կոպը․ աչքի ներքևի մասում երբ մաշկը մի փոքր ձգում եք ներքև, կարմրության փոխարեն կարող եք նկատել սպիտակավուն կամ գունատ երանգ։ Նմանապես օգտակար կարող է լինել ափերն ու եղունգները զննելը։ Եթե վարդագույն երանգի փոխարեն կնկատեք տևական գունատ կամ կապտագորշ երանգ, ապա հավանական է սակավարյունությունը։ Ուշադիր եղեք նաև շուրթերի և լնդերի վարդագույն երանգին։
- Մաշկի, եղունգների, մազերի որակի իջեցում
- Սրտխփոց, զարկերակային ճնշման անկում
- Հևոց, դժվարաշնչություն, ֆիզիկական աշխատանքի դժվարացում
- Հաճախակի հիվանդացություններ. Սա բացատրվում է նրանով, որ երկաթն անհրաժեշտ է իմուն բջիջների առաջացման համար, և երկաթի անբավարարության ժամանակ դժվարանում է հակամարմինների առաջացումը, վիրուսների ու բակտերիաների ոչնչացումը։
- Մտավոր աշխատանքի թերացում․ Դիտվում է հիշողության վատացում, ինֆորմացիան դանդաղ ենք ընկալում, դժվարանում ենք կենտրոնանալ։ Կարող են լինել վարքային խնդիրներ, ինչպիսիք են ոչ սննդային նյութեր ուտելու ցանկությունը՝ կավիճ, թուղթ, սոսինձ, սառույց։ Առաջանում է դոպամինի, սերոտոնինի ու մի շարք այլ հորմոնների պակասություն, որից ելնելով կարող են առաջանալ դեպրեսիա, անհանգիստ ոտքերի համմախտանիշ, տագնապային խանգարում։
- Վահանագեղձի և սեռական հորմոնների քանակի խանգարումներ
- Պտղի զարգացման խնդիրներ
Դերը

Ինչպես տեսնում եք, երկաթն անհրաժեշտ է օրգանիզմում ոչ միայն արյան համար։ Այն անմիջապես կապված է մեր աշխատունակության, ակտիվության, տեսքի, վերարտադրողական ֆունկցիայի, տրամադրության, սպորտային վիճակի հետ։ Երբ մենք ունենում ենք երկաթի պակասություն, դժվարանում ենք զբաղվել սպորտով, քանի որ տեստոստերոնը իջնում է, էներգիայի արտադրությունը օրգանիզմում տուժում է, ունենում ենք մշտական հոգնածություն։ Դժվար է լինում աշխատելը, քանի որ մտավոր աշխատանքի համար անհրաժեշտ կենտրոնացումը կորցնում ենք, ուշադիր չենք կարողանում լինել, դժվար ենք ընկալում ստացած ինֆորմացիան, ի վերջո, ծանր դեպքերում դժվարանում ենք ֆիզիկապես ներկա լինել աշխատավայրում՝ նախընտրելով պասիվ լինել տանը։
Պատճառները
Ինչու՞ է երկաթի քանակը իջնում։
- Սննդակարգում երկաթի սխալ կամ անբավարար ընդունման պատճառով․ Այս պատճառն ամենից հաճախն է հանդիպում և հաճախակի էլ անտեսվում կամ թերագնահատվում է։ Երկաթի բավարար ստացումը ապահովելու համար կենսակերպում փոփոխություններ են հարկավոր, սննդակարգը պետք է լինի խիստ մտածված։
- Օրգանիզմում երկաթի պահանջի բարձրացման դեպքում․ հղիությունների ժամանակ պտղին երկաթով ապահովելու համար կինն ունենում է երկաթի ավելացած պահանջ։ Նմանապես պատանեկան հասակում երկաթի պակասությունն ավելի հաճախ է հանդիպում՝ արագ աճով պայմանավորված,
- Ստամոքսի, աղիների հիվանդությունների կամ վիրահատությունների պատճառով, քանի որ երկաթի ներծծումը սննդի միջից ստամոքսում ու աղիներում դժվարանում է
- Երբ կան արյան կորստի կրկնվող կամ տևական պատճառներ, արյունահոսություններ։ Ցանկացած արյունահոսություն, որը կրում է կրկնվող բնույթ, լինի դա քթային, լնդային, առատ դաշտանով, թութքով պայմանավորված, բերում է երկաթի պակասության։ Նման դեպքերում առաջին խնդիրը արյունահոսության դադարեցումն է
- Երկաթի դեֆիցիտի ոչ արդյունավետ կամ կիսատ բուժման դեպքում․ հաճախակի է դիտվում երկաթի ոչ ճիշտ ժամկետով բուժում։ Երբեմն ինքնազգացողության լավացման ֆոնին բուժառուն ինքը դադարեցնում է ընդունել դեղորայքը։ Գրեթե բոլոր նմանատիպ դեպքերում, անկախ պատճառից, երկաթի պակասությունը կրկնվում է։
- Գենետիկ խնդիրների պատճառով – շատ հազվադեպ է հանդիպում՝ 1 մլն մարդու մեջ այս խնդիրը կունանա 1 հոգի։ Պայմանավորված է TMPRSS6 գենի մուտացիայով, ստուգվում է հիմնականում ընտանիքում կրկնվող դեպքերի ժամանակ, երբ երկաթի պակասությունը կենսակերպով դժվար է լինում բացատրել ու առկա է ոչ արդյունավետ բուժում։
Բուժումը
Կարող է ամբողջությամբ բուժվել, եթե վերացվել են պատճառները։ Հակառակ դեպքում երկաթի պակասը դառնում է քրոնիկական բնույթի։ Պետք է նշեմ, որ քրոնիկական պակասությունը շատ ավելի հազվադեպ է հանդիպում ու հիմնականում կապված է պատճառի շտկելու անհրարինության հետ, օրինակ, եթե առկա է ստամոքսի վիրահատական հեռացում։ Երբեմն քրոնիկական են գնահատվում անբավարար բուժում ստացած, թերի հետազոտված դեպքերը, սակայն դրանք իրականում դեռևս հնարավոր է լիարժեք կարգավորել։ Բուժման տարբերակներն են․
- Հաբերով բուժում
- Միջմկանային ներարկումներ
- Ներերակային ներարկումներ
- Զուգակցված բուժում
Ամրագրեք ձեր այցը արյունաբան Լուսինե Հարությունյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով մեկ հպումով՝ առանց զանգի։
Բացի օբյեկտիվ բժշկական գնահատումից, երկաթի պակասության դեպքում շատ կարևոր են սուբյեկտիվ գանգատներից ելնելով բուժում տրամադրելը, ուշադրություն դարձնելը ինչ խնդիր եք ուզում լուծել դուք։ Նախ գնահատվում է, թե ինչ տարբերակով կարող եք բուժում ստանալ, քանի որ, օրինակ, ստամոքսի ակտիվ խոցային հիվանդության դեպքում երկաթը հաբերով չի նշանակվում։
Հետո գնահատվում է, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել։ Օրինակ, եթե ձեր հարցումն ուղղված է մազաթափության բուժմանը, ապա տրիխոլոգի և արյունաբանի համատեղ աշխանաքով երկաթի տվյալները պետք է այնքանով կարգավորվեն, որքանով որ միջազգային ուղեցույցերում պահանջվում է մազաթափության բուժման համար։ Ցանկալի է հաշվի առնել նաև ակնկալվող արդյունքի ժամկետը։ Բուժման արդյունքը անմիջականորեն կապված է անհատական մոտեցումից։
Հետաքրքիր փաստ․ Մեր արյան մեջ եղած երկաթը տիեզերքից է։
Մեծ զանգվածով աստղերը իրենց կյանքի ընթացքում միավորում են թեթև տարրերը (օրինակ՝ ջրածինը և հելիումը)՝ ստեղծելով ծանր տարրեր՝ ածխածին, թթվածին, նաև երկաթ։ Երբ աստղի ներսում կուտակվում է շատ երկաթ, այն այլևս չի կարող արտադրել էներգիա և սկսում է կոլապսվել՝ պայթելով որպես սուպերնովա։ Այդ պայթյունը տարածում է երկաթը տիեզերքի տարբեր կողմերում։ Միլիարդավոր տարիների ընթացքում այդ երկաթով հագեցած փոշին և նյութերը ձևավորել են մոլորակներ, այդ թվում՝ Երկիրը։ Մեր մոլորակի երկաթի մեծ մասը նստել է միջուկում, բայց որոշ քանակությամբ մնացել է մակերևույթին, որտեղից մենք այն արդյունահանում ենք և օգտագործում, այդ թվում՝ սննդով ստանում ենք մեր օրգանիզմում։ Ամեն անգամ, երբ սիրտը բաբախում է, այն մղում է արյուն, որի մեջ կա երկաթ՝ ծնված տիեզերքում։