Շաքարային դիաբետը երեխաների շրջանում․ ախտանիշները, բարդությունները, բուժման մեթոդները, ու՞մ դիմել

Նյութը պատրաստվել «Գաստրո Կլինիկ»-ի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մուրադյանի հետ համատեղ։
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը կարող է ազդել երեխաների առողջության, կյանքի որակի և ընտանիքի ընդհանուր բարեկեցության վրա: Այն առաջանում է, երբ օրգանիզմը չի արտադրում բավարար ինսուլին կամ չի կարողանում արդյունավետ օգտագործել այն: Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում է 1-ին տիպի դիաբետը, սակայն 2-րդ տիպի դիաբետը նույնպես հնարավոր է և այն գնալով ավելի մեծ տարածում է ստանում:
Ինչու՞ է երեխաների մոտ զարգանում շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետի առաջացման պատճառները լիովին պարզ չեն, սակայն գիտնականները գտել են մի քանի հիմնական գործոն, որոնք կարող են նպաստել դրա զարգացմանը՝
- Գենետիկ նախատրամադրվածություն – Եթե ընտանիքում կա դիաբետի դեպք, ապա երեխայի մոտ այդ հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է:
 - Աուտոիմունային խանգարումներ – 1-ին տիպի դիաբետի դեպքում օրգանիզմի իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների վրա, ինչը հանգեցնում է դրանց ոչնչացման:
 - Միջավայրային գործոններ – Վիրուսային վարակները, աղտոտված շրջակա միջավայրը և այլ գործոններ կարող են ազդել երեխայի իմունային համակարգի վրա և նպաստել դիաբետի զարգացմանը:
 - Ավելորդ քաշ և նստակյաց կենսակերպ – Այս գործոնները հիմնականում կապված են 2-րդ տիպի դիաբետի հետ, որը դեռահասների մոտ կարող է առաջանալ սխալ սննդակարգի և ֆիզիկական պասիվության պատճառով:
 
Ո՞ր տարիքում է առաջանում շաքարային դիաբետը
Շաքարային դիաբետը կարող է սկսվել ցանկացած տարիքում, սակայն 1-ին տիպի դիաբետը առավել հաճախ հայտնաբերվում է դեռահասային տարիքում: 2-րդ տիպի դիաբետը նախկինում համարվում էր միայն մեծահասակների հիվանդություն, բայց ներկայումս այն հանդիպում է նաև երեխաների և դեռահասների շրջանում, հատկապես ավելորդ քաշ ունեցողների մոտ:
Հիմնական ախտանիշները
Երեխաների մոտ շաքարային դիաբետի հիմնական ախտանիշներն են՝
- Հաճախակի միզարձակում (հատկապես գիշերները)
 - Ծարավի հաճախակի զգացողություն և բերանի չորություն
 - Չպարզաբանվող քաշի կորուստ
 - Հոգնածություն, թուլություն
 - Վատ ապաքինվող վերքեր և մաշկային վարակներ
 - Բերանից ացետոնի հոտ
 - Մշտական սովի զգացողություն
 
Այս ախտանիշները կարող են աստիճանաբար զարգանալ կամ հանկարծակի դրսևորվել: Եթե դուք նկատում եք այս նշաններից որևէ մեկը ձեր երեխայի մոտ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի
Շաքարային դիաբետը կարող է արագ զարգանալ և լուրջ բարդություններ առաջացնել: Եթե երեխան ունի վերոնշյալ ախտանիշները, պետք է անհապաղ խորհրդակցել մանկաբույժի կամ էնդոկրինոլոգի հետ: Բժիշկը կարող է նշանակել արյան մեջ գլյուկոզի անալիզ և այլ լաբորատոր հետազոտություններ, որոնք կօգնեն հաստատել ախտորոշումը: Մազանթային արյան մեջ (մատից վերցված) գլյուկոզայի որոշումը հաճախ բավարար է լինում ախտորոշման հաստատման համար։
Ամրագրեք ձեր այցը «Գաստրո Կլինիկ»-ի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մուրադյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով՝ առանց զանգերի և հիվանդանոցային հերթերի։
Ինչպե՞ս է ախտորոշվում շաքարային դիաբետը

Դիաբետի ախտորոշման համար սովորաբար կիրառվում են հետևյալ մեթոդները՝
- Արյան գլյուկոզի անալիզ – քաղցած վիճակում գլյուկոզի 7 մմոլ/լ-ից բարձր մակարդակը հուշում է դիաբետի առկայության մասին: 11մմոլ/լ և ավելի բարձր ցուցամիշը ցանկացած պատահական չափման պարագայում հաստատում է ախտորոշումը։
 - Գլյուկոզայի տոլերանտության թեստ – Օգտագործվում է 2-րդ տիպի դիաբետի և ածխաջրատային փոխանակության խանգարման կասկածի դեպքում:
 - Գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c) որոշում – Ցույց է տալիս արյան միջին գլյուկոզի մակարդակը վերջին 2-3 ամիսների ընթացքում:
 
Բուժման մեթոդները

Շաքարային դիաբետի բուժումը կախված է հիվանդության տիպից:
- 1-ին տիպի դիաբետի դեպքում
- Պարտադիր ինսուլինային թերապիա
 - Արյան գլյուկոզի կանոնավոր ստուգում
 - Ֆիզիկական ակտիվությունը խրախուսվում է
 
 - 2-րդ տիպի դիաբետի դեպքում
- Սննդակարգի վերահսկում
 - Քաշի վերահսկում
 - Ֆիզիկական ակտիվություն
 - Դեղորայքային բուժում և/կամ ինսուլինաթերապիա
 
 
Սննդակարգը դիաբետ ունեցող երեխաների համար
Սնունդը կարևոր գործոն է շաքարային դիաբետի կառավարման համար, սակայն տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում սննդակարգից ոչինչ չպետք է բացառել, անգամ քաղցրավենիքը: Ինչպես դիաբետ ունեցող այնպես էլ մյուս երեխաների առողջ սննդակարգը պետք է ներառի՝
- Բարդ ածխաջրեր (ամբողջական հացահատիկ, բրինձ, վարսակ)
 - Բանջարեղեն, մրգեր, բջջանյութով հարուստ սնունդ
 - Որակյալ սպիտակուցներ (ձուկ, թռչնամիս, ընկույզեղեն, լոբազգիներ)
 - Առողջ ճարպեր (ավոկադո, ձիթայուղ)
 - Շաքարի և վերամշակված մթերքների սահմանափակում
 
Հնարավոր բարդությունները
Եթե շաքարային դիաբետը պատշաճ կերպով չի վերահսկվում կամ ուշ է ախտորոշվում, կարող են առաջանալ հետևյալ բարդությունները՝
- Դիաբետիկ կետոացիդոզ – Կյանքին վտանգ սպառնացող վիճակ, երբ օրգանիզմը սկսում է օգտագործել ճարպերը որպես էներգիայի աղբյուր:
 - Հիպոգլիկեմիկ կոմա – ինսուլինի սխալ դեղաչափի պատճառով առաջացած կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որը վայրկյանների ընթացքում շտկվում է քաղցր սնունդ ընդունելիս։
 - Սիրտանոթային հիվանդություններ – Դիաբետ ունեցող երեխաների մոտ սիրտանոթային հիվանդությունների ռիսկը բարձրանում է:
 - Տեսողության խնդիրներ – Արյան բարձր շաքարը կարող է վնասել աչքի մանր անոթները, երբեմն առաջացնել մշուշոտ տեսողություն։
 - Երիկամային անբավարարություն – Չվերահսկվող շաքարային դիաբետը կարող է վնասել երիկամները և հանգեցնել երիկամային անբավարարության ու դիալիզի անհրաժեշտության:
 
Ինչպե՞ս պաշտպանել երեխային
Դիաբետ ունեցող երեխայի կյանքը լիարժեք և երջանիկ դարձնելու համար անհրաժեշտ է՝
- Խրախուսել առողջ ապրելակերպը
 - Ապահովել դիաբետի կառավարման կանոնավոր հսկողություն
 - Խոսել ուսուցիչների և երեխայի հետ առնչվող այլ անձանց հետ երեխայի հիվանդության մասին
 - Հոգեբանական աջակցություն ցուցաբերել երեխային և ընտանիքին
 
Եզրակացություն
Շաքարային դիաբետը լուրջ, բայց կառավարելի հիվանդություն է: Ճիշտ բուժումը, առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և հոգեբանական աջակցությունը կարող են օգնել երեխային լիարժեք կյանքով ապրել՝ հետ չմնալով հասակակիցներից ո՛չ ֆիզիկական, ո՛չ մտավոր կարողություններով:
Կարևոր է, որ հասարակությունում տեղեկացված լինեն հիվանդության մասին, տիրապետեն առաջին օգնության կանոններին և պատշաճ կերպով հոգ տանեն երեխայի առողջության մասին: