Առողջություն

18 hours ago

Ողնաշարի ցավը և ՄՌՏ հետազոտությունը

Հոդվածը պատրաստվել է ՄԻԲՍ Բժշկական Կենտրոնի հետ համատեղ։

Ներածություն

Ողնաշարի ցավը ժամանակակից բժշկության ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, որը կարող է սահմանափակել առօրյա ակտիվությունը և վատթարացնել կյանքի որակը: Ցավի պատճառները բազմազան են՝ սկսած մկանային լարվածությունից մինչև ծանր նյարդաբանական և օրթոպեդիկ հիվանդություններ: Կատարյալ ախտորոշման համար բժիշկները հաճախ դիմում են Մագնիսա-Ռեզոնանսային Տոմոգրաֆիային (ՄՌՏ), որը հանդիսանում է ողնաշարի ցավի ախտորոշոման ոսկե մեթոդը:

Ե՞րբ է անհրաժեշտ անցնել ՄՌՏ հետազոտություն:  

ՄՌՏ-ն խորհուրդ է տրվում, եթե՝

– Ցավը շարունակվում է մի քանի շաբաթ կամ ուղեկցվում է թմրությամբ, մկանային թուլությամբ, կամ շարժունակության սահմանափակումով:

– Կասկած կա միջողային սկավառակի ճողվածքի (грыжа), նյարդերի սեղմվածության, ուռուցքի կամ բորբոքային գործընթացների առկայության:

– Վնասվածքից հետո անհրաժեշտ է հստակ պատկերացում կազմել ողնաշարի փոփոխությունների մասին:

– Վիրահատությունից հետո անհրաժեշտ է դինամիկ հսկողություն:

Կլինիկական դեպքեր`

38-ամյա կինը. Երկար տարիներ ունեցել է պարբերական գոտկասրբանային ցավեր, վերջերս սկսել է զգալ թմրածություն ձախ ոտքում: Ֆիզիկական զննման ընթացքում հայտնաբերվել է L5 նյարդարմատի գրգռման կլինիկական նշաններ: Կատարված ՄՌՏ-ն հայտնաբերել է L4-L5 միջողային սկավառակի մեծ ճողվածք, որը սեղմում էր նյարդարմատը: Ախտորոշումից հետո պացիենտը դիմել է նեղ մասնագետի:

42-ամյա տղամարդ. Մեկ ամսից ավելի ունեցել է գոտկասրբանային ցավ, որը չէր արձագանքում սովորական ցավազրկողներին: Արյան անալիզներում հայտնաբերվել էր բորբոքային գործոնների բարձրացում: Կատարված ՄՌՏ-ն հայտնաբերել էր ոչ սպեցիֆիկ բորբոքային փոփոխություններ ողնաշարի շրջաններում:Հետագա մանրամասն լաբորատոր հետազոտությունները հաստատել էին բրուցելոզի առկայությունը:

45-ամյա տղամարդը. Տարիներ շարունակ ունեցել է մեջքի և կոնքի ցավեր, որոնք ուժեղացել են առավոտյան ժամերին և նվազել շարժումների ընթացքում: Վերջին ամիսներին նկատել է նաև կեցվածքի փոփոխություն և շարժունակության սահմանափակում: ՄՌՏ-ն հայտնաբերել է սակրոիլեիտի նշաններ և ողնաշարի սկզբնական անկիլոզ, ինչը համատեղելի էր անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի հետ: Հետագա ռևմատոլոգիական հետազոտությունները հաստատել են ախտորոշումը, և պացիենտին նշանակվել համապատասխան բուժում:

55-ամյա կինը. Տարիներ շարունակ ունեցել է պարանոցային ցավեր և վերջերս սկսել է զգալ թուլություն աջ ձեռքում: ՄՌՏ-ն հայտնաբերել է C5-C6 սկավառակի պրոտրուզիա և նյարդարմատի սեղմում: Ախտորոշումից պացիենտը հետո դիմել է նեղ մասնագետի

60-ամյատղամարդը. Մի քանի ամիս շարունակ ունեցել է մեջքի ուժեղ ցավեր, որոնք չէին թեթևանում սովորական ցավազրկողներով: Ցավն աստիճանաբար ուժեղացել է, ուղեկցվելով գիշերային ցավերով և ընդհանուր թուլությամբ: Կատարված ՄՌՏ-ն հայտնաբերել է ողնաշարի ոսկրային կառուցվածքի բազմակի վնասվածքներ, որոնք երկրորդային մետաստատիկ ախտահարումների հետևանք էին: Հետագա հետազոտությունները պարզել են առաջնային ուռուցքի առկայությունը շագանակագեղձում:

ՄՌՏ-ի առավելություններից է`

Ոչ ինվազիվ մեթոդ է. 

ՄՌՏ-ն իրականացվում է առանց ներքին միջամտությունների:

Անվնաս է. 

Չի առաջացնում ճառագայթային բեռնվածություն, ի տարբերություն ռենտգենի կամ ՀՏ-ի, որոնց հիմքում իոնիզացնող ճառագայթումն է:

Փափուկ հյուսվածքների միջև բարձր տարբերակում. 

ինֆորմատիվ է նյարդային կառույցների և միջողային սկավառակների գնահատման համար:

Եզրակացություն

ՄՌՏ-ն անփոխարինելի գործիք է ողնաշարի ցավի ախտորոշման մեջ, որը թույլ է տալիս հայտնաբերել տարբեր ախտաբանական փոփոխություններ և նպաստել ճիշտ բուժման ռազմավարության ընտրությանը: Ճիշտ ժամանակին կատարված ՄՌՏ-ն կարող է կանխել ցավի խորացումը և բարելավել հիվանդի կյանքի որակը։

ԿԻՍՎԵԼ՝