Ուրեապլազմա․ ի՞նչ է այն, ախտանիշները, բարդությունները, ու՞մ դիմել

Նյութը պատրաստվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Արշակյանի հետ համատեղ։
Ուրեապլազման պայմանական ախտածին միկրոօրգանիզմ է, որը պատկանում է միկոպլազմաների դասին։ Դա նշանակում է, որ այն կա ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու միզասեռական ուղիներում, սակայն միշտ չէ, որ հանգեցնում է ախտանիշների և բարդությունների առաջացմանը:
Ուրեապլազմայով կարող են հարուցվել խնդիրներ, սակայն միայն այն դեպքում, երբ դրա քանակը գերազանցի նորմայի սահմանը։
Դա կարող է տեղի ունենալ հետևյալ դեպքերում
1․Տեղային կամ համակարգային իմունիտետի անկում,
2․Տարբեր սեռական զուգընկերներ ունենալիս
3․Չպաշտպանված սեռական հարաբերություն ունենալու դեպքում (խոսքը բարիերային պաշտպանության մասին է)
4․Զուգակցվող այլ ինֆեկցիաների առկայության պարագայում և այլն։
Ուրեոպլազմայով հարուցված խնդիրները կարող են ունենալ շատ տարբեր դրսևորումներ, այդ թվում․
1․սեռական ուղիների շրջանում քոր,
2․արտադրություն,
3․առատ դաշտան,
4․միջդաշտանային շրջանում քսվող արյունային արտադրություն,
5․ցավոտ միզարձակություն,
6․սեռական օրգանների շրջանում ցավի, դիսկոմֆորտի զգացողություն,
7․ցավոտ սեռական ակտ,
8․հղիների դեպքում իսթմիկոցերվիկալ անբավարարություն, (այն իրենից ներկայացնում է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության բարձր ռիսկ)
9․վիժում
և այլն։
Այսպիսով ուրեապլազման չունի որևէ միայն իրեն հատուկ ախտանշան։
Բարդացած դեպքերում այն կարող է թափանցել արյան մեջ և ախտահարել ծնկան հոդը, թոքերը, գլխուղեղը և այլ օրգաններ, հանգեցնելով ծանր բարդությունների։
Ուրեապլազման հայտնաբերվում է միզասեռական քսուքի ՊՇՌ քննության, ինչպես նաև հատուկ միջավայրում բակտերիոլոգիան ցանքսի միջոցով, ինչը թույլ է տալիս զուգահեռ որոշել նաև հակաբակտերիալ դեղորայքի նկատմամբ զգայունության որոշումը։
Միզասեռական քսուքի միկրոսկոպիկ հետազոտության միջոցով ուրեոպլազման չի հայտնաբերվում։
Փոխանցման ճանապարհները
Ուրեոպլազման կարող է փոխանցվել
-Սեռական ճանապարհով
-Մորից պտղին հղիության ընթացքում
-Մորից նորածնին հեշտոցային ծննդաբերության ժամանակ:
Իսկ կենցաղ֊կոնտակտային և այլ նմանատիպ ճանապարհներով չի կարող փոխանցվել, քանի որ արտաքին միջավայրում շատ արագ ոչնչանում է, որովհետև համարվում է ներբջջային միկրոօրգանիզմ։
Բարդություններ
Եթե ուրեապլազման ժամանակին չի հայտնաբերվում և բուժվում, այն կարող է հանգեցնել հետևյալ բարդություններին.
- Ուրեթրիտ: Միզուկի բորբոքում, որն ուղեկցվում է ցավով և գրգռվածությամբ:
- Անպտղություն: Երկարատև վարակները կարող են առաջացնել վերարտադրողական համակարգի բարդություններ:
- Հղիության բարդություններ: Հղի կանանց մոտ ուրեապլազման կարող է առաջացնել վիժում, վաղաժամ ծննդաբերություն կամ նորածնի վարակում:
Բորբոքային հիվանդություններ: Կարող են զարգանալ փոքր կոնքի օրգանների բորբոքումներ, ինչպիսիք են սալպինգիտը կամ էնդոմետրիտը:
Կանխարգելում
Ուրեապլազմայի կանխարգելման համար հետևեք այս խորհուրդներին.
- Օգտագործեք պաշտպանիչ միջոցներ: Պահպանակների կիրառումը նվազեցնում է վարակման ռիսկը:
- Սեռական զուգընկերների սահմանափակում: Պատահական սեռական կապերից խուսափումը նվազեցնում է վարակման հավանականությունը:
- Կանոնավոր բժշկական զննումներ: Պարբերաբար ստուգվելը կօգնի վաղ հայտնաբերել ինֆեկցիան և ստանալ համաատասխան բուժում:
- Իմունիտետի պահպանում: Առողջ ապրելակերպը և ճիշտ սնունդը նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը, ինչն էլ իր հերթին ճնշում է ուրեապլազմայի ակտիվությունն ու կանխում բորբոքային բարդությունների առաջացումը:
Բուժումը
- Ուրեոպլազման բուժվում է հակաբակտերիալ դեղորայքի միջոցով։
- Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ուրեոպլազման բուժվում է ՄԻԱՅՆ այն ժամանակ, երբ կա գանգատ կամ պլանավորվում է հղիություն։
- Իսկ մնացած բոլոր դեպքերում, եթե օրինակ, հայտնաբերվել է պրոֆիլակտիկ բուժզննման արդյունքում, բուժել պետք չէ։
- Եթե կնոջ մոտ հայտնաբերվել է Ուրեոպլազմա, կինը ունի գանգատ կամ պլանավորում է հղիություն, այդ պարագայում զուգընկերը ուղղորդվում է ուրոլոգ-անդրոլոգի խորհրդատվության` հետազոտության նպատակով։
Ե՞րբ և ու՞մ դիմել
Եթե նկատում եք վերոնշյալ գանգատները կամ ունեք ուրեապլազմայի հետ կապված կասկածներ, ապա անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի՝ ճշգրիտ ախտորոշման և բուժման նպատակով։
Ամրագրեք Ձեր այցը մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Արշակյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով, խուսափելով հիվանդանոցային հերթերից։
Ամփոփում
Ուրեապլազման հաճախ աննկատ է մնում, բայց այն կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Ժամանակին ախտորոշումը և համապատասխան բուժումը կարևոր են բարդություններից խուսափելու համար: Պարբերաբար գինեկոլոգի հսկողության ներքո գտվելը և կանխարգելիչ միջոցառումները կօգնեն պահպանել ձեր առողջությունը: Եթե ունեք հարցեր կամ գանգատներ, մի հապաղեք դիմել մասնագետի՝ Doctor Yan հավելվածի միջոցով: