Անձնական սահմաններ․ տեսակները, պահպանման մեթոդները, ու՞մ դիմել

Նյութը պատրաստվել է հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզումանյանի կողմից։
Անձնական սահմանները դրանք զուտ ձեր հետաքրքրություններն են, ձեր համոզմունքները, սկզբունքները, արժեքները, ձեր անձին վերաբերվող այն ամենը, ինչով դուք տարբերվում եք մյուսներից։ Այդ սահմաններն անտեսանելի գծեր են, և դուք դրանցով, որպես անհատականություն բաժանվում եք մնացած բոլորից։ Անձնական սահմանները ներառում են այն հարմարավետ կենսապայմանները, որտեղ կան ձեր իսկ կողմից սահմանված որոշակի կանոններ, գոյության սկզբունքներ, որտեղ և դուքձեր ներդաշնակ եք զգում ։ Երբ խախտվում են այդ սահմաններից որևէ մեկը, ապա մարդու մոտ առաջանում է հոգեկան անհանգստություն։
Անձնական սահմանները ստատիկ չեն, դրանք կարող են փոփոխվել կախված տարբեր հանգամանքներից։ Այդ սահմանները մենք չենք տեսնում, զգում ենք։
Երբ մարդն ի վիճակի չի լինում ինքնուրույն որոշել իր անձնական սահմանները կամ, երբ դրանք պարբերաբար կոպտորեն խախտվում են, առաջանում են հոգեբանական տարբեր խնդիրներ։
Ինչպես ճանաչել անձնական սահմանները
Եթե ձեր շրջապատի մարդիկ իրենց խոսքերով կամ գործողություններով ձեր ֆիզիկական կամ էմոցիոնալ անհանգստություն են պատճառում, ուրեմն ձեր անձնական սահմանները խախտվել են։
Անձնական սահմանները խախտելու բազմաթիվ օրինակներ կան, սակայն այստեղ առանցքային է, որ այն ամենը, ինչը ձեր մոտ դիսկոմֆորտ է առաջացնում, հնարավոր է այլ մարդկանց ընդհանրապես չանհանգստացնի և հակառակը։ Հենց այս պատճառով էլ դրանք կոչվում են անձնական սահմաններ։ Այսինքն դրանք խիստ անհատական են։
Անձնական սահմանները ձևավորվում են, երբ մարդը սկսում է հասկանալ իր ցանկությունները և գիտակցում է իր պահանջները, երբ նա ինքն իրեն հասկանում և ընդունում է։
Առողջ անձնական սահմանների մասին կարելի խոսել այն դեպքում, երբ մարդը կապի մեջ է իր զգացողությունների հետ, հասկանում է, թե ինչ է իրեն պետք կամ ինչն է տհաճ և չի վախենում այդ մասին արտահայտվել, այլ կերպ ասած, երբ մարդը լիարժեք անկեղծ է ինքն իր հետ։
Իրականում ձեր շրջապատի մարդիկ ամենևին նպատակ չունեն խախտելու Ձեր անձնական սահմանները։ Ավելի հաճախ նրանք ուղղակի տեղյակ չեն, թե որտեղ են ավարտվում դրանք և իրենց որ գործողությամբ ձեզ են դիսկոմֆորտ պատճառում։ Մեր հասարակության մեջ ընդունված է «դաստիարակության» անվան տակ թաքցնել սեփական զգացողությունները և բավականին երկար դիմանալ անձնական սահմանների կոպիտ ոտնահարումներին։ Անձնական սահմանները պայմանականորեն բաժանենք 6 խմբի։
1․ Ժամանակի հետ առնչվող սահման – ժամանակը իզուր վատնելը ցավալի է։ Երբ ինքներդ հասկանում եք, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր, իսկ ինչը երկրորդական, ապա ժամանակի սահմաններ գծելը հեշտ է ստացվում։ Դրանք խախտվում են, երբ օրինակ տվյալ հարցի քննարկման համար նախատեսել եք կես ժամ, բայց այն ավելի երկար է տևում, երբ ինքներդ շատ զբաղված եք և ձեզանից խնդրում են երկար ժամանակ պահանջող օգնություն, երբ ձեր աշխատանքի ընդմիջման ժամին կամ հանգստի ժամանակ մասնագիտական օգնություն են պահանջում, երբ ձեզ անհիմն սպասեցնում են և այլն։
2․ Ֆիզիկական սահման – Սա վերաբերվում է անձնական տարածք հասկացությանը, որի չափերը խիստ անհատական են։ Այս սահմանին է վերաբերվում նաև ձեր ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը, այն է սնվելու, քնելու, հանգստանալու իրավունքը։ Օրինակ՝ այս սահմանը նաև թույլ է տալիս ձեզ որոշել, թե ում հետ եք ցանկանում գրկախառնվել, ում հետ ուղղակի ձեռքսեղմումով բարևել։
3․ Ինտելեկտուալ սահման – այս սահմանը վերաբերվում է ուրիշի կարծիքը, գաղափարները, համոզմունքները, տեսակետը հարգելուն։ Նաև այն մասին է, որ մարդիկ իրավունք ունեն չհայտնել իրենց կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ։ Եթե ձեր զրուցակիցը շոշափում է հարցեր, որոնք ձեր արժեհամակարգին դեմ են, դուք կարող եք ուղղակի հրաժարվել խոսակցությանը մասնակցելուց։
4․ Էմոցիոնալ սահման – Սա այն մասին է, թե ձեր հոգեկան էներգիայից որքանն եք պատրաստ տալ ուրիշներին։ Այսինքն սա այն կարողությունն է, երբ դուք ձեր աջակցությունն եք ցուցաբերում, բայց ոչ ձեր սպառման հաշվին։ Օրինակ հաճախ է պատահում, որ ձեր ընկերը հիշում է ձեզ, երբ շատ վատ հոգևիճակում է, իր բացասական մտքերով, տառապանքով կիսվում է ձեզ հետ, առանց ճշտելու, արդյոք դուք պատրաստ եք դրան։ Էմոցիոնալ սահմաններին է վերաբերվում նաև, երբ ձեզ ագրեսիվ քննադատում են կամ ձեզ խիստ անձնական հարցեր են տալիս կամ տարածում այն։
5․ Սեքսուալ սահմաններ – հենց սկզբից նշեմ, որ չկան հատուկ նշված կամ ընդունված սահմաններ, կանոններ, որոնք վերաբերվում են զույգի սեքսուալ սահմաններին։ Եթե զույգը ունի փոխադարձ համաձայնություն, ուրեմն սահմանները հենց այդ համաձայնության շրջանակներում են։ Առողջ սեքսուալ սահմանները նշանակում են հարգանք և սեր զուգընկերոջ ցանկությունների և զգացումների հանդեպ, վստահություն և անկեղծ շփում այն ամենի մասին, ինչը հաճելի է, ընդունելի կամ հակառակը տհաճ է և անընդունելի։ Սեքսուալ սահմաններին է վերաբերվում նաև այն, որ զուգընկերը կարող է մերժել հարաբերությունը ցանկացած պահին կամ ցանկացած իրավիճակում և այդ մերժումը հարկավոր է հարգել։ Սա փխրուն ու խիստ անհատական սահմանները խախտելու մասին է, երբ կա էմոցիոնալ կամ ֆիզիկական պարտադրանք, ագրեսիա ի պատասխան մերժման, պարտադրանք սեքսուալ հարաբերության այնպիսի ձևերի, որոնք դիսկոմֆորտ են առաջացնում զուգընկերոջ մոտ, երբ զուգընկերներից մեկը խաբում կամ թաքցնում է իր հիվանդությունը, երբ քննադատում է զուգընկերոջ ֆիզիկական առանձնահատկությունները կամ ցանկությունները կամ ցանկացած նոր գործողություն, որը նախապես չի համաձայնեցվել զուգընկերոջ հետ և այլն։
6․ Նյութական սահմաններ – սա վերաբերվում է ձեր սեփականությանը, Ձեր անձնական իրերին, որոնք չեք ցանկանում կիսել տվյալ մարդու հետ։ Այս սահմանին է վերաբերվում նաև բոլոր այն կանոնները, որոնք դուք սահմանել եք, եթե համաձայնվել եք կիսվել ձեզ պատկանող որևէ իրով։ Նյութական սահմանները խախտվում են, երբ առանց թույլտվության ձեր անձնական իրերն են վերցնում, կամ, երբ չափազանց հաճախ են օգտվում ձեր ռեսուրսներից, օրինակ հաճախ պարտքով գումար են խնդրում։
Անձնական սահմաններ որոշելը չափազանց կարևոր պրոցես է, որի ժամանակ մարդը սովորում է լսել ինքն իրեն, ավելի լավ հասկանալ սեփական ցանկությունները և բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը խախտում է այդ սահմանները։ Ճանաչելով սեփական սահմանները կարող եք օգնել Ձեր շրջապատի մարդկանց, որպեսզի նրանք ավելի լավ պատկերացնեն Ձեր բնավորությունը, նախասիրությունները։ Եթե դուք կարողանում ենք Ձեր սեփական սահմանները պաշտպանել, ապա կարողանում եք նաև ընդունել և հարգել շրջապատի մարդկանց սահմանները։ Անձնական սահմանները պաշտպանելու և ներդաշնակ կյանք ապրելու համար կարևոր է սովորել ասել «ոչ»։
Ամրագրեք ձեր այցը հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզումանյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով։
Առողջ եղեք և խաղաղ։