Առողջություն

17 days ago

Միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքներ․ պացիենտի ուղեցույց

Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի ուրոլոգ, անդրոլոգ Գառնիկ Շահբազյանի հետ համատեղ։

Միզապարկի քաղցկեղը լուրջ, սակայն հաճախ բուժելի հիվանդություն է, հատկապես եթե հայտնաբերվում է վաղ փուլերում։ Միզապարկի քաղցկեղի տարածված տեսակ են միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքները, որոնք դեռևս ավելի խորը չեն թանացել, քան միզապարկի լորձաթաղանթի ներքին շերտը։ Այս բլոգում կարող եք կարդալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ պացիենտին, նշանները, ախտանիշները, ում դիմել, ախտորոշման և բուժման մեթոդները

Ի՞նչ են միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքները

Միզապարկի ուռուցք առաջանում է, երբ միզապարկի լորձաթաղանթի բջիջները սկսում են անկանոն կերպով բազմանալ՝ ձևավորելով գոյացություն։ Ուռուցքները համարվում են ոչ-ինվազիվ, քանի դեռ միզապարկի պատի ավելի խորը շերտեր չեն թափանցել։ Միզապարկի ուռուցքների ամենատարածված տեսակը ուրոթելիալ կարցինոման է։

Միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքները դասակարգվում են հետյալ տեսակների․

  1. Ta ուռուցքներ – Տարածվում են միայն միզապարկի լորձաթաղանթի ներքին շերտով։
  2. Կարցինոմա in situ (CIS) – Տափակ, ագրեսիվ ուռուցք, որը դեռ չի ներթափանցել միզապարկի պատի ավելի խորը շերտեր։
  3. T1 ուռուցքներ – Տարածվել են մինչև լորձաթաղանթի հաջորդ շարակցահյուսվածքային շերտ, սակայն դեռ չեն հասել մկանային շերտին։

Նշաններ և ախտանիշներ

Միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքների վաղ հայտնաբերումը խիստ կարևոր է բարեհաջող բուժման համար։ Ահա դրանց նշաններն ու ախտանիշները․

  1. Արյուն մեզի մեջ (հեմատուրիա) – Սա ամենատարծված ախտանիշն է։ Մեզը կարող է լինել կարմիր կամ վարդագույն, սակայն երբեմն արյան պարունակությունը մեզում կարող է այնքան քիչ լինել, որ անզեն աչքով հնարավոր չլինի նկատել այն։ Սա հայտնաբերվում է մեզի անալիզի միջոցով։
  2. Հաճախամիզություն – Միզարձակումն ավելի հաճախակի է դառնում, քան սովորաբար։
  3. Ցավոտ միզարձակում – Միզելու ժամանակ ցավի և այրոցի զգացողություն։
  4. Միզելու հանկարծակի, անզսպելի ցանկություն
  5. Կոնքի շրջանի ցավեր

Անհրաժեշտ է հիշել, որ այս ախտանիշները կարող են հարուցված լինել միզային համակարգի ինֆեկցիաներով և այլ հիվանդություններով, հետևաբար ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել ուրոլոգի։

Ռիսկի գործոններ

Մի շարք ռիսկի գործոններ մեծացնում են միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքների առաջացման հավանականությունը։ Դրանք են․

  1. Ծխելը– Միզապարկի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն է։
  2. Քիմիական նյութերը – Արդյունաբերական քիմիկատների հետ շփումը, ինչպիսիք են օրինակ ներկերը, մեծացնում են միզապարկի ուռուցքների առաջացման հավանականությունը։
  3. Տարիքն ու սեռը – Առավել տարածված է 55 տարեկանն անց տղամարդկանց շրջանում։
  4. Միզապարկի քրոնիկ բորբոքումը – Միզային համակարգի կրկնվող ինֆեկցիաները ևս մեծացում են ռիսկը։
  5. Ընտանեկան պատմությունը –Ժառանգական նախատրամադրվածությունը կարող է մեծ դեր ունենալ ուռուցքի առաջացման հարցում։

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե ունեք վերը նշված ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, ապա մի՛ հետաձգեք բժշկական օգնության դիմելը։ Ամրագրեք ձեր այցը ուրոլոգ, անդրոլոգ Գառնիկ Շահբազյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով և խուսափեք հիվանդանոցային հերթերից։

Ախտորոշումը

  1. Մեզի անալիզ – Արյան, քաղցկեղային բջիջների կամ բակտերիաների հայտնաբերման նպատակով։
  2. Ցիստոսկոպիա – Փոքր, նեղ խողովակ է անցկացվում միզապարկ, որի միջոցով այնտեղ է հասցվում փոքրիկ տեսախցիկ, որի միջոցով էլ հնարավոր է դառնում վիզուալիզացնել միզապարկի լորձաթաղանթը։
  3. Պատկերավորման մեթոդներ – Ուլտրաձայնային հետազոտությունը(ՈւՁՀ), համակարգչային շերտագրությունը (ԿՏ) և մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) հնարավորություն են տալիս ուսումնասիրել միզապարկն ու դրա շրջակա հյուսվածքները։
  4. Բիոպսիա – Հյուսվածքի նմուշները, որոնք վերցվում են բիոպսիայի միջոցով, ուղարկվում են բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտության, որի միջոցով էլ որոշվում է արդյոք առկա է քաղցկեղ, թե որևէ այլ պաթոլոգիա։

Բուժման մեթոդներ

Միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքների բուժման նպատակը ուռուցքի ամբողջական հեռացումն է՝ պահպանելով միզապարկի ֆունկցիան։ Առավել տարածված բուժման մեթոդներն են․

  1. Ուռուցքի տրանսուրետերալ ռեզեկցիա (միջմիզուկային մասնահատում) (ՏՈՒՌ)
    • Սա մինիմալ-ինվազիվ միջամտությունը է, որի դեպքում ուռուցքը հեռացվում է միզուկի միջոցով անցկացված ցիստոսկոպի միջով։
  2. Ներմիզապարկային թերապիա
    • ԲՑԺ թերապիա: Սա իմունոթերապիայի տեսակ է, որը դրդում է մեր իմունային համակարգին հարձակվել քաղցկեղային բջիջների վրա։
    • Ներմիզապարկային քիմիաթերապիա: Քիմիաթերապևտիկ դեղորայքը ներմուծվում է ուղղակիորեն դեպի միզապարկ՝ կանխելու համար քաղցկեղի կրկնողությունը։
  3. Կանոնավոր վերահսկողություն
    • Քանի որ միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքները կարող են կրկբել, անհրաժեշտ է, որպեսզի պացիենտը կանոնավոր կերպով հսկվի բժշկի կողմից և ենթարկվի բժշկի ցուցած հետազոտություններին։

Կանխարգելումն ու կենսակերպի փոփոխությունները

Միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը կարելի է նվազեցնել հետևյալ միջոցներով․

  1. Ծխելը թողնելը – Սա ռիսկի նվազեցման ամենաարդյունավետ մեթոդն է։
  2. Խմել բավականաչափ ջուր – Բավականաչափ ջրի օգտագործումը կարող է օգնել դուրս մղել հնարավոր քաղցկեղածին նյութերը։
  3. Վնասակար քիմիկատների ազդեցությունից խուսափումը – Քիմիական նյութերի հետ աշխատելիս անհրաժեշտ է խստորեն հետևել անվտանգության կանոններին։
  4. Կանոնավոր բժշկական հսկողություն – Եթե դուք գտնվում եք ռիսկի խմբում, ապա անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել ուրոլոգի մոտ։

Ամփոփում

Միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքները բուժելի են, հատկապես վաղ հայտնաբերվելու դեպքում։ Ախտանիշների իմացությունը կօգնի ձեզ ժամանակին դիմել բժշկի և ստանալ պատշաճ բուժօգնություն։ Ճիշտ բուժման և պատշաճ հսկողության արդյունքում շատ պացիենտներ վերադառնում են իրենց կյանքի նորմալ հունին։

Եթե ունեք անհանգստանալու տեղիք, ապա մի հապաղեք, ամրագրեք ձեր այցը ուրոլոգի մոտ այսօր և հիշեք, որ կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը։

ԿԻՍՎԵԼ՝