Շագանակագեղձի գերաճ․ այն ամենը, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ
Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի ուրոլոգ, անդրոլոգ Գառնիկ Շահբազյանի հետ համատեղ։
Շագանակագեղձի գերաճը հաճախ անվանում են նաև շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա։ Այն տարածված խնդիր է տղամարդկանց մոտ և առավել հաճախանում տարիքի աճին զուգընթաց։ Բնութագրվում է շագանակագեղձի ոչ-քաղցկեղային մեծացումով, որը կարող է հանգեցնել միզուղիների խցանմանը և կյանքի որակի անկմանը։ Այս բլոգում կարող եք կարդալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ շագանակագեղձի գերաճի մասին։
Ի՞նչ է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (գերաճը)
Շագանակագեղձը փոքր գեղձ է, որը տեղակայված է միզապարկի տակ՝ ուղիղ աղիքի դիմաց և շրջապատում է միզուկը՝ այն «խողովակը», որով մեզը դուրս է գալիս միզապարկից։ Տղամարդու տարիքի հետ, շագանակագեղձը կարող է մեծանալ և առաջացնել շագանակագեղձի բարորակ գերաճ։ Չնայած այն քաղցկեղածին բնույթ չունի, դրա մեծացումը կարող է հանգեցնել միզուկի սեղմմանը և միզարձակման խանգարումներին։
Շագանակագեղձի գերաճի պատճառները
Շագանակագեղձի գերաճի հստակ պատճառները հայտնի չեն, բայց համարվում է, որ այն պայմանավորված է տարիքի հետ առաջացող հորմոնալ տեղաշարժերով։ Դրա առաջացման կարևոր գործոններից են․
- Հորմոնալ հավասարակշռության խախտում – Դիհիդրոտեստոստերոնի՝ շագանակագեղձի աճը խթանող հորոմնի մակարդակի բարձրացումը համարվում է հնարավոր պատճառներից մեկը։
- Տարիքային փոփոխություններ – Շագանակագեղձի գերաճն առավել տարածված է 50-ն անց տղամարդկանց մոտ։
- Ժառանգական նախատրամադրվածություն – Գենետիկ գործոննորը ևս կարող են դեր խաղալ այս հիվանդության առաջացման հարցում։
Շագանակագեղձի հիպերպլազիայի ախտանիշները
Շագանակագեղձի հիպերպլազիայի ախտանիշները կարող են տարբերվել իրենց ուժգնությամբ, սակայն հիմնականում դրսևորվում են ստորին միզուղիների հետ կապված ախտանիշներով։ Դրանցից են․
- Հաճախամիզություն, հատկապես գիշերային ժամերին (նոկտուրիա)
- Միզարձակությունը սկսելու դժվարություն
- Մեզի շիթի թուլացում կամ աղավաղում
- Միզապարկի ոչ-լրիվ դատարկման զգացողություն
- Միզելու անվերահսկելի ցանկություն
Ինչու՞ է անհրաժեշտ դիմել ուրոլոգի
Վերոնշյալ ախտանիշների դեպքում խիստ անհրաժեշտ է դիմել ուրոլոգի։ Ահա թե ինչու է խիստ կարևոր բժշկին վաղ դիմելը․
- Շագանակաեղձի քաղցկեղի բացառում – Չնայած շագանակագեղձի գերաճը բարորակ հիվանդություն է, դրա ախտանիշները կարող են նմանվել շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշներին և խիստ կարևոր է կատարալ ճշգրիտ ախտորոշում։
- Բարդությունների կանխարգելում – Շագանակագեղձի գերաճը առանց բուժման թողնելու դեպքում կարող են առաջանալ միզակապություն, միզուղիների ինֆեկցիաներ, միզապարկի քարեր և երիկամների վնասում։
- Նպատակաուղղված բուժում – Ուրոլոգը կարող է ճիշտ բուժում նշանակել՝ կախված ախտանիշների բարդությունից և ընդհանուր առողջական վիճակից։ Ամրագրեք ձեր այցը ուրոլոգ Գառնիկ Շահբազյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով և խուսափեք հիվանդանոցային հերթերից։
Շագանակագեղձի չբուժված գերաճի հնարավոր բարդությունները
Շագանակագեղձի գերաճն անուշադրության մատնելու դեպքում կարող են առաջանալ հետևյալ լուրջ առողջական խնդիրները․
- Սուր միզակապություն – Հանկարծակի առաջացած միզելու անհնարինությունը, որի դեպքում անհրաժեշտ է շտապ կարգով միզային կաթետեր տեղադրել։
- Քրոնիկ երիկամային հիվանդություն – Միզապարկում և միզուղիներում մշտական բարձր ճնշշումները հանգեցնում են երիկամների վնասման։
- Միզապարկի դիսֆունկցիա – Ժամանակի ընթացքում միզապարկի պատերը թուլանում են, հանգեցնելով դրա դատարկման դժվարացմանը։
Շագանակագեղձի բարորակ գերաճի ախտորոշումը
Ախտորոշման մեթոդներն են․
- Հիվանդության պատմություն և ախտանիշների վերլուծություն – Անհրաժեշտ է մանրակրկտորեն ճշտել ախտանիշների հաճախությունը, ծանրությունն ու ազդեցությունը կյանքի որակի վրա։
- Շագանակագեղձի ֆիզիկալ զննում, որն իրականացվում դրա շոշափման միջոցով՝ ուղիղ աղիքից։
- Մեզի անալիզ – Միզային ինֆեկցիայի ժխտման նպատակով
- Պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի (PSA) որոշում արյան մեջ – Այս հետազոտությունն օգնում է տարբերակել շագանակագեղձի քաղցկեղը՝ բարորակ գերաճից։
- Գործիքային մեթոդներ – Շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) և/կամ ՄՌՏ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ կերպով գնահատել դրա չափերն ու միզուղիների վիճակը։
Շագանակագեղձի գերաճի բուժումը
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է ախտանիշների ծանրությունից և կարող է ներառել․
- Ապրելակերպի փոփոխություններ․
- Քնելուց առաջ ընդունվող հեղուկների սահմանափակում
- Կոֆեինի և ալկոհոլի ընդունման սահմանափակում
- Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝ առողջական վիճակի ընդհանուր լավացման համար
- Դեղորայքային բուժում․
- Ալֆա-պաշարիչներ – Սրանց միջոցով թուլանում են շագանակագեղձի և միզապարկի վզիկի մկանները՝ հեշտացնելով միզարձակումը։
- 5-ալֆա ռեդուկտազի արգելակիչներ – Նվազեցնում են շագանակագեղձի աճի տեմպերը՝ նվազեցնելով դրա աճը խթանող հորմոնի մակարդակը։
- Կոմբինացիոն թերապիա – Վերը նշված երկու դեղերի միաժամանակյա կիրառում՝ ավելի լավ արդյունքի համար։
- Մինիմալ-ինվազիվ միջամտություններ:
- Շագանակագեղձի տրանսուրետերալ մասնահատում (ՏՈւՌ) – Շագանակագեղձի գերաճած հատվածների հեռացումն է՝ միզուկի միջով կատարվող մասնահատման միջոցով։
- Լազերային թերապիա – Այս դեպքում կիրառվում է լազերային հզոր էներգիան՝ շագանակագեղձի գերաճած հատվածները հեռացնելու համար։
- Վիրահատական միջամտություն – Ծանր դեպքերում, երբ բուժման այլ մեթոդներն անարդյունավետ են, հնարավոր է դիմել վիրահատական միջամտության։
Շագանակագեղձի գերաճի կանխարգելումը
Շագանակագեղձի գերաճը հնարավոր չէ լիարժեքորեն կանխարգելել, սակայն ներքոնշյալ միջոցառումները կօգնեն նվազեցնել դրա ռիսկը։
- Բալանսավորված սննդակարգի պահպանում։
- Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն։
- Սթրեսի կառավարում՝ հորմոնալ դիսբալանսից խուսափելու համար։
- Ջրի բալանսավորված քանակի ընդունում խուսափելով քնելուց առաջ հեղուկների մեծ քանակի ընդունումից։
Ամփոփում
Շագանակագեղձի գերաճը տարածված խնդիր է, հատկապես 50-ն անց տղամարդկանց մոտ։ Ուրոլոգի հետ խորհրդատվությունը խիստ կարևոր է ճիշտ ախտորոշման և բուժման համար։ Ժամանակին բուժման դիմելը կնպաստի բարդություններից խուսափելուն։
Ամրագրեք ձեր այցը ուրոլոգ Գառնիկ Շահբազյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով և խուսափեք հիվանդանոցային հերթերից։