Ի՞նչ է Հարթաթաթությունը: Ախտորոշումը, Բարդությունները և Բուժման Մեթոդները
Նյութը պատրաստվել է օրթոպեդ-վնասվածքաբան Խորեն Ալեքսանյանի հետ համատեղ։
Հարթաթաթությունը տարածված խնդիր է, որը կարող է հանգեցնել կյանքի որակի անկման։ Եթե դրա հետևանքով առաջանում են ցավեր և բորբոքում, ապա անհրաժեշտ է բուժել խնդիրը առկա մեթոդների միջոցով, որոնցից է նաև վիրահատական բուժումը։
Այս հոդվածում կգտնեք հարթաթաթության առաջացման հիմնական պատճառները, հնարավոր բարդություններն ու բուժման մեթոդները։
Ի՞նչ է Հարթաթաթությունը
Հարթաթաթությունը հանդիսանում է ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը։ Ոտնաթաթի բնական կամարն իջնում է կամ անհետանում և ներբանի ամբողջ մակերեսով դիպչում հատակին։
Հարթաթաթությունը հանդիսանում է ոտնաթաթի բիոմխանիկայի խախտում, նվազում կամ վերանում է ոտնաթաթի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը՝ ամորտիզացիան: Դա բացասաբար ազդում է քայլվածքի վրա: Այս ամենի արդյունքում կարող են առաջանալ սրունք-թաթային հոդերում ցավեր, հոգնածություն, մարդը դժվարանում է երկար քայլել, վազել, անգամ նկարագրված են ողնաշարի խնդիրներ կապված հարթաթաթության հետ:
Ովքե՞ր Կարող են ՈՒնենալ Այս Խնդիրը
Հարթաթաթություն կարող են ունենալ ցանկացած տարիքային խմբի մարդիկ։ Որոշ մարդկանց մոտ այն բնածին է, իսկ մյուսների մոտ առաջանում է կյանքի ընթացքում՝ ջլերի և կապանների թուլացման հետևանքով։ Ռիսկի գործոններից են․ ժառանգական նախատրամադրվածությունը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, արթրիտը, ոտնաթաթի վնասվածքները։
Ինչպե՞ս է Ախտորոշվում Հարթաթաթությունը
Հարթաթաթությունը կարող է ախտորոշվել ֆիզիկական զննման ժամանակ, ինչպես նաև բժշկական պատկերավորման տարբեր մեթոդների միջոցով։ Զննության ընթացքում օրթոպեդը ստուգում է ոտքերի կառուցվածը, դիտում ներբանի կորությունը քայլելիս և կանգնած ժամանակ։ Ոտնաթաթերի ռենտգենտ և մագինսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՏ), թույլ են տալիս գնահատել ոտնաթաթի ոսկրային կառուցվածքն ու փափուկ հյուսվածքները։
Հարթաթաթության ախտորոշման պարզ մեթոդ է թաց ոտնաթաթի մեթոդը։ Թրջեք ձեր ոտնաթաթը և դրեք հարթ մակերեսին՝ օրինակ թղթի վրա։ Եթե ոտնահետքն ամբողջական է, ապա ոտնաթաթի կամարը փոքր է, կամ բացակայում է ընհանրապես։
Հնարավոր Բարդություններ
Հարթաթաթություն ունեցող որոշ մարդիկ կարող են ընդհանրապես ախտանիշներ չունենալ, սակայն մյուսների դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ, որոնք կապված են մարմնի մեխանիկայի խանգարման հետ։ Այդ բարդություններից են․
- Ոտքերի ցավ – առավել հաճախ ցավը տեղակայվում է ներբանային հատվածում և սրունքներում
- Ծնկների կամ ազդրերի ցավ – Ոտքերի մեխանիկայի խանգարման հետևանքով կարող են տուժել նաև ծնկան և կոնքազդրային հոդը և մկանները
- Պլանտար ֆասցիիտ – Ներբանային փակեղի բորբոքումն է, որն առաջանում է ոտնաթաթի ոսկրերը միացնող կապանների բորբոքման հետևանքով
- Աքիլեսյան ջլի բորբոքում – Աքիլեսյան ջլի գերծանրաբեռնումը հանգեցնում է դրա քրոնիկ վնասմանն ու բորբոքմանը։
- Արթրիտ (հոդաբորբ) – ծանր դեպքերում կարող են առաջանալ ոտնաթաթերի կամ սրունքների հոդերի բորբոքումներ
Հարթաթաթության Բուժման Մեթոդները
Բուժման մեթոդները տարբեր են և կախված են հարթաթաթության ծանրությունից և ախատնիշներից։ Առավել տարածված մեթոդներն են․
- Հատուկ օրթոպեդիկ կոշիկներ-Հատուկ կոշիկներ կրելը, որոնք աջակցում են ոտնաթաթի կամարի կորությանը, կարող է մեղմացնել ցավերը։
- Ֆիզիկական վարժություններ-Ֆիզիկական վարժությունները հանգեցնում են ոտքերի մկանների ուժեղացմանը, մեծացնում ճկունությունը և նպաստում ոտնաթաթի կամարի կայունացմանը։ Աքիլեսյան ջլի և սրունքի մկանների ուժեղացումը կարող է նպաստել դրանց լարվածության նվազմանն ու ցավերի թուլացմանը։
- Ցավի կառավարում-Ցավազրկողներն ու հակաբորբոքային դեղորայքը, ինչպես նաև սառեցնող միջոցները կարող են նվազեցնել բորբոքումն ու ցավերը։
- Ապրելակերպի փոփոխություններ-Մարմնի քաշի նորմայի սահմաններում պահպանելը նվազեցնում է լարվածությունը ոտնաթաթերի վրա։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափելը ևս կարող է դրական ազդեցություն ունենալ։
- Վիրահատություն
Վիրահատությունը վերջնական լուծումն է, այն դեպքերում, երբ բուժման այլ տարբերակներն անարդյունավետ են։ Ներկայումս գոյություն ունեն վիրահատության մինիմալ-ինվազիվ եղանակներ, որոնք կրառվում են նաև ՀՀ-ում։ Նաիրի ԲԿ-ի Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում հարթաթաթության վիրահատական բուժումը կատարվում է մինիմալ-ինվազիվ եղանակով՝ ընդամենը 10-12 րոպեում՝ յուրաքանչյուր ոտքի համար։
Ե՞րբ Դիմել Բժշկի
Հարթաթաթություն ունեցող պացիենտները պետք է դիմեն բժշկի՝ հետևյալ ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առաջացման դեպքում․
- Ցավ և այտուցվածություն – Ոտնաթաթերի, սրունքների և ծնկների մշտական ցավ
- Այտուցվածություն – Ոտնաթաթերի տեսանելի այտուցվածույթյունը կարող է հանգեցնել քայլելու դժվարեցմանը, Աքիլեսյան ջլի լարվածությանն ու դիսֆունկցիային, հետևաբար անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։
- Շարժունակության սահմանափակում-Եթե հարթաթաթությունը հանգեցնում է շարժունակության սահամանափակման ապա անհրաժեշտ է դիմել բժշկի։
- Ախտանիշների վատթարացում – Եթե ախտանիշները շարունակաբար վատթարանում են, ապա պետք է դիմել բժշկի՝ հնարավոր դեգեներատիվ փոփոխությունների ախտորոշման և բուժման նպատակով։
- Հարթաթաթություն ունեցող երեխաների զարգացմանը հետևելու համար – Եթե հարթաթաթություն ունեցող երեխան դժվարանում է քայլել և նշում է ոտնաթաթերի ցավ, ապա անհրաժեշտ է գտնվել մանկաբույժի հսկողության ներքո՝ երեխայի բնականոն զարգացմանը հետևելու նպատակով։
Եթե ունեք վերը նշված ախտանիշները, ապա ամրագրեք Ձեր այցը օրթոպեդ-վնասվածքաբան Խորեն Ալեքսանյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով։ Նաիրի ԲԿ-ի Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում հարթաթաթության վիրահատական բուժումը կատարվում է մինիմալ-ինվազիվ եղանակով՝ ընդամենը 10-12 րոպեում՝ յուրաքանչյուր ոտքի համար։