Առողջություն

3 months ago

Կատարակտ

Նյութը պատրաստվել է ակնաբույժ, կատարակտոլոգ, գլաուկոմատոլոգ Սուրեն Գասպարյանի հետ։

Կատարակտը աչքի ոսպնյակի պղտորումն է, որն առաջացնում է տեսողության վատթարացում: Կատարակտը լայնորեն տարածված է հատկապես տարեցների շրջանում, բայց կարող է զարգանալ ցանկացած տարիքում՝ տարբեր գործոնների ազդեցությամբ:

Կատարակտի առաջացման պատճառները

Կատարակտի առաջացման հիմնական պատճառը տարիքն է: Տարիքի հետ ոսպնյակը սկսում է դեգրադացվել, կորցնում է իր թափանցիկությունը, ինչի հետևանքով էլ զարգանում է այդ հիվանդությունը։ Բացի տարիքից, կատարակտի առաջացմանը նպաստում են նաև հետևյալ գործոնները.

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցություն

Երկար ժամանակ արևի ուղիղ ճառագայթներին ենթարկվելը կարող է վնասել ոսպնյակն ու արագացնել կատարակտի զարգացումը:

Շաքարախտ

Արյան մեջ գլյուկոզի բարձր պարունակությունը նպաստում է կատարակտի առաջացմանը և արագ զարգացմանը:

Ծխախոտի և ալկոհոլի օգտագործում

Վնասակար սովորությունները կարող են վնասել աչքի ոսպնյակի բջիջներին և նպաստել կատարակտի առաջացմանը:

Ծանր հիվանդություններ և վնասվածքներ

Աչքի վնասվածքները կամ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են աչքի բորբոքումները, ինչպես նաև աչքի վիրահատությունները, կարող են խթանել կատարակտի զարգացումը:

Ժառանգականություն

Որոշ մարդիկ ունեն գենետիկ հակվածություն կատարակտի նկատմամբ, ինչը կարող է նպաստել հիվանդության վաղ շրջանում արտահայտվելուն:

Կատարակտի ախտանիշները

Կատարակտի զարգացումը հաճախ դանդաղ է և սկզբնական փուլում կարող է չառաջացնել ակնհայտ ախտանիշներ։ Հիվանդության պրոգրեսիայի հետ կարող են առաջանալ հետևյալ ախտանիշները.

•Տեսողության մշուշում
Ոսպնյակի ամպամածությունը բերում է մշուշոտ կամ ծածկված տեսողության:

•Լույսի հանդեպ զգայունություն
Կատարակտ ունեցող մարդիկ հաճախ անհանգստանում են պայծառ լույսից կամ զգում են, որ լույսերը շատ ավելի ուժեղ են, քան իրականում:

•Գիշերային տեսողության վատթարացում
Կատարակտը կարող է խիստ վատթարացնել գիշերային տեսողությունը, ինչը հատկապես զգալի է մեքենա վարելիս:

•Գույների մթնեցում
Գույները երևում են ավելի մութ կամ մռայլ, քան նախկինում:

•Աստղիկներ կամ օղակներ լույսերի շուրջ
Կատարակտի ժամանակ մարդիկ հաճախ տեսնում են աստղիկներ կամ փայլուն շրջանակներ լույսերի շուրջ:

Կատարակտի տեսակները

Կատարակտը կարելի է բաժանել մի քանի տեսակների՝ կախված նրա ձևից և առաջացման պատճառից.

•Նուկլեար կատարակտ
Զարգանում է ոսպնյակի կենտրոնում և սովորաբար կապված է տարիքի հետ:

•Կորտիկալ կատարակտ
Սկսվում է ոսպնյակի եզրերից և աստիճանաբար տարածվում դեպի կենտրոն:

•Ենթապատիճային կատարակտ
Զարգանում է ոսպնյակի հետին մասում և առավել հաճախ հանդիպում է շաքարախտով հիվանդների կամ ստերոիդային դեղամիջոցներ ընդունող մարդկանց մոտ:

Կատարակտի բուժումը

Կատարակտի բուժումը հիմնականում վիրաբուժական է: Վիրահատության ժամանակ հեռացվում է պղտորված ոսպնյակը և փոխարինվում է արհեստական ոսպնյակով, որը վերականգնում է տեսողությունը։ Կատարակտի վիրահատությունը շատ տարածված և արդյունավետ գործընթաց է, որը մեծամասամբ անցնում է առանց բարդությունների։

Կատարակտի կանխարգելումը

Կատարակտի առաջացումը լիարժեք կանխարգելելու միջոցներ չկան, բայց որոշ քայլեր կարելի է ձեռնարկել հիվանդության զարգացման ռիսկը նվազեցնելու համար.

•Արևային ակնոցների կրում
Արևի տակ երկար ժամանակ անցկացնելիս անպայման կրեք պաշտպանիչ ակնոցներ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար:

•Առողջ ապրելակերպ
Առողջ սննդակարգի պահպանումը, վիտամինների ընդունումը, ինչպես նաև ծխախոտից և ալկոհոլից հրաժարվելը կարող են նվազեցնել կատարակտի զարգացման ռիսկը:

•Աչքերի կանոնավոր հետազոտություններ
Պարբերաբար այցելեք ակնաբույժի, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն կատարակտի առաջին նշանները:

Կատարակտի առաջացման դեպքում կարևոր է ժամանակին դիմել ակնաբույժի՝ ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար։

ԿԻՍՎԵԼ՝