Կրծքերի փոքրացում. ցուցումները, հակացուցումները, բարդությունները և ովքե՞ր են ենթակա վիրահատության
Կրծքերի փոքրացման վիրահատությունը, որն այլ կերպ հայտնի է որպես ռեդուկցիոն մամոպլաստիկա, մի վիրահատական միջամտություն է, որին կանայք գնում են տարբեր պատճառներով։ Սովորաբար այն կապված է կոսմետիկ խնդիրների հետ, սակայն վիրահատությունը կարող է էական դրական ազդեցություն ունենալ ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա։ Ինչպես ցանկացած վիրահատական միջամտության, այնպես էլ կրծքերի փոքրացման դեպքում անյրաժեշտ է իմանալ ցուցումները, հակացուցումները, հնարավոր բարդությունները և թե ինչպե՞ս հասկանալ, դուք ճիշտ ընտրություն եք կատարել, թե ոչ։
Կրծքերի փոքրացման վիրահատության ցուցումները
Կրծքերի փոքրացման վիրահատությունը դիտարկվում է, եթե առկա են հետևյալ ախտանիշները․
Ֆիզիկական դիսկոմֆորտ – Կինն ունենում է պարանոցի, մեջքի և ուսերի քրոնիկ ցավեր՝ կապված կրծքերի զանգվածի հետ, որն առաջացնում է մկանների լարվածություն և կեցվածքի շեղումներ։
Մաշկի գրգռվածություն – Կրծքերի մեծ չափերը կարող են հանգեցնել մաշկի գրգռվածության, կարմրության, քորի և անգամ սնկային ախտահարումների՝ հատկապես ստորկրծքային ծալքերում
Ֆիզիկական ակտիվության նվազում – Ֆիզիկական աշխատանքի կատարումը կամ ֆիզիկական ակտիվության պահպանումը նկատելիորեն դժվարանում են մեծ կրծքեր ունենալու պարագայում։
Հոգեբանական սթրես – Կնոջ էմոցիոնալ և հոգեբանական վիճակը կարող է զգալիորեն տուժել մեծ կրծքրի հետևանքով՝ հանգեցնելով ցածր ինքնագնահատականի, կասկածամտության և սեփական արտաքինի հետ կոնֆլիկտների։
Կրծքերի անհամամասնական մեծություն ի համեմատ այլ մարմնամասերի – Կրծքերի առավել մեծ չափերը ի համեմատ մարմնի այլ հատվածների կարող են առաջացնել կրծքերի փոքրացման միջոցով մարմնամասերի բալանսավորվածության կարիք։
Հակացուցումներ
Կրծքերի փոքրացումը կարող է նշանակալիորեն դրական անդրադառնալ կնոջ կյանքի որակի վրա, սակայն կան որոշակի իրավիճակներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել․
Բժշկական ռիսկեր – Որոշակի ուղեկցող հիվանդությունները կամ ապրելակերպի հետ կապված գործոնները, ինչպիսիք են չվերահսկվող շաքարային դիաբետը, ճարպակալումը, ծխելը կամ սիրտանոթային հիվանդությունները մեծացնում են վիրահատական ռիսկը։
Անիրատեսական սպասումներ – Անհրաժեշտ է, որպեսզի վիրահատության թեկնածուներն ունենան իրատեսական սպասումներ, այդ պատճառով վիրաբույժները պետք է գնահատեն պացիենտի մտավոր և հոգեբանական վիճակը՝ հասկանալու համար, արդյո՞ք նա պատրաստ է վիրահատությանը։
Կրծքով կերակրելու պլաններ – Եթե կինը պատրաստվում է կրծքով կերակրման ապագայում, ապա դա պետք է անպայման քննարկվի վիրաբույժքի հետ, քանի որ վիրահատությունը կարող է բացասական անդրադառնալ կաթնագեղձեր գործունեության վրա։
Տարիք և զարգացում – Երիտասարդ կանանց կրծքերը դեռևս լիարժեք ձևավորված չեն, և հնարավոր է, որպեսզի անհրաժեշտ լինի սպասել, մինչև կրծքագեղձերի աճի դադարը՝ վիրահատության դիտարկումից առաջ։
Բարդություններ
Ինչպես ցանկացած վիրահատություն, կրծքերի փոքրացման վիրահատությունը ևս ունի որոշակի ռիսկեր․
Սպիագոյացում – Իհարկե վիրաբույժները գործադրում են ջանքեր, որպեսզի հետվիրահատական սպիերը լինեն աննկատ, սակայն որոշ դեպքերում սպիերը կարող են դառնալ նկատելի։
Զգացողության փոփոխություններ – Որոշ կանայք պտկի շրջանում ունենում են զգացողության ժամանակավոր կամ մշտական կորուստ կամ թուլացում
Կրծքով կերակրման դժվարություններ – Կրծքի փոքրացման վիրահատությունը կարող է ազդել կրծքով կերակրման վրա, դրա համար անհրաժեշտ է այն քննարկել կանանց հետ, ովքեր նախատեսում են երեխաներ ունենալ
Ասիմետրիա – Իհարկե վիրաբույժները գործադրում են ջանքեր, որպեսզի վիրահատությունից հետո կրծքերը լինեն սիմետրիկ, սակայն հնարավոր է առաջանան չափերի որոշակի անհամապատասխանություն
Ինֆեկցիա և վերքի լավացման դժվարություններ – Չնայած այս բարդության ռիսկը չափազանց փոքր է, սակայն պետք է հաշվի առնել հետվիրահատական վերքի ինֆեկցման հավանականությունը
Ո՞վ է հանդիսանում վիրահատության թեկնածու
Հասկանալու համար, արդյոք դուք հանդիսանում եք կրծքերի փոքրացման վիրահատության թեկնածու անհրաժեշտ է խորհրդակցել պլաստիկ վիրաբույժի հետ։ Սովորաբար թեկնածուները․
Ունեն բավարար առողջական վիճակ
Ունեն իրատեսական սպասումներ
Ունեն էմոցիոնալ և/կամ ֆիզիկական դիսկոմֆորտ, որն առաջացել է մեծ կրծքերի հետևանքով
Ցանկանում են ունենալ կյանքի որակի էական բարելավում
Հղի չեն և կրծքով չեն կերակրում
Ամփոփում
Կրծքերի փոքրացման վիրահատությունը կարող է դառնալ ձեր կյանքը փոխող միջամտություն, որի միջոցով կհաղթահարեք ֆիզիկական դիսկոմֆորտը և էմոցիոնալ ճնշվածությունը։ Եթե դուք դիտարկում եք կրծքերի փոքրացման վիրահատության ենթարկվելը, խորհրդակցեք պլատիկ վիրաբույժի հետ՝ ներկայացնելով ձեզ հուզող խնդիրներն ու սպասումները։ Ձեր վիրաբույժը կօգնի ձեզ անցնել այդ պրոցեսով՝ ապահովելով ձեր անվտանգությունը և գոհունակությունն արդյունքից։