Առողջություն

8 months ago

Հոդային համախտանիշը չափահասների շրջանում․ ախտանիշները, բարդությունները և վարումը

Նյութը պատրաստվել է բժիշկ-ռևմատոլոգ Լիլիթ Սևոյանի հետ համատեղ։

Հոդային համախտանիշը, որը հայտնի է նաև որպես արթրոպաթիա, մի տերմին է, որը բնորոշում է չափահասների շրջանում այն հիվանդությունները, որոնք ընթանում են հոդերի ախտահարումով։ Այս հիվանդությունները կարող են դրսևորվել թեթև դիսկոմֆորտից մինչև ուժեղ ցավերի տեսքով և նշանակալիորեն բացասական ազդեցություն ունենալ պացիենտի կյանքի որակի վրա։ 

Ի՞նչ է հոդային համախտանիշը

Հոդային համախտանիշը ընդգրկում է հոդային մի շարք հիվանդություններ, որոնք ուղեկցվում են հոդերի բորբոքումով, ցավով, կարկամությամբ և շարժունակության նվազմամբ։ Այդ հիվանդությունները կարող են ախտահարել մեկ կամ մի քանի հոդեր և առաջանալ տարբեր պատճառներով, ներառյալ վնասվածքները, բորբոքումը, աուտոիմուն հիվանդությունները, մետաբոլիկ հիվանդությունները և տարիքի հետ կապված դեգեներատիվ փոփոխությունները։

Նշաններ և ախտանիշներ․

Հոդացավեր – Կայուն կամ ընդմիջվող ցավ մեկ կամ մի քանի հոդերում։ Ցավի ուժգնությունը կարող է տատանվել թեթև դիսկոմֆորտից մինչև անտանելի հոդացավ։

Հոդի կարկամություն – Կարկամությունը ախտահարված հոդերում, հատկապես առավոտյան կամ անշարժության ժամանակահատվածից հետո, շատ տարածված ախտանիշ է։ Կարկամությունը կարող է անցնել հոդը շարժելիս և կարող է ուժգնանալ հոդի երկարատև անշարժության դեպքում։

Այտուց և բորբոքում – Հոդի(հոդերի) բորբոքումը հաճախ է ուղկեցում հոդային համախտանիշին, հանգեցնելով հոդերի այտուցվածության, կարմրության և տեղային ջերմաստիճանի բարձրացման։

Շարժումների ամպլիտուդի սահմանափակում – Շարժունակության սահամանափակումն ու դժվարացումը ախտահարված հոդում ևս տարածված ախտանիշ են։

Հոդերի դեֆորմացիաներ – Առավել բարդացած դեպքերում կարող են զարգանալ հոդերի դեֆորմացիաներ, խաթարելով դրա շարժողական ֆունկցիան։

Թուլություն – Որոշ պացիենտներ հոդային համախտանիշի ժամանակ ունենում են ընդհանուր թուլություն, հատկապես սրացումների ժամանակ։

Բարդություններ․

Հոդերի վնասում – Շարունակվող բորբոքումը և առանց բուժման մնացած հոդային համախտանիշը կարող են հանգեցնել հոդի շարունակական վնասման, հոդաճառների և ոսկրերի էրոզիայի և ի վերջո հոդերի անդառնալի դեֆորմացիայի։

Ֆունկցիայի կորուստ – Ուժեղ ցավը, կարկամությունը և հոդի դեֆորմացիաները կարող են հանգեցնել հոդի շարժունակության նվազման և բացասական ազդեցություն ունենալ կյանքի որակի վրա

Երկրորդային խնդիրներ – Հոդային համախտանիշով տառապողների դեպքում մեծ է երկրորդային բարդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են օստեոպորզը, սիրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան, քրոնիկ ցավը, ֆիզիկական ակտիվության նվազումը և համակարգային բորբոքային հիվանդությունները։

Ի՞նչ պետք է անի պացիենտը

Դիմել բժշկիԵթե դուք ունեք հոդացավեր, հոդերի կարկամություն, այտուցվածություն կամ այլ անհանգստացնող ախտանիշներ, ապա անպայման անհարաժեշտ է դիմել ռևմատոլոգի՝ ճշգրիտ ախտորոշման և բուժման համար։

Հետևել դեղորայքային նշանակումներին – Հոդային համախտանիշի բուժումն ուղղված է ախտանիշների թուլացմանը, բորբոքման նվազեցմանը և հոդի ֆունկցիայի պահպանմանը։ Կախված հիմքում ընկած հիվանդությունից և ախտանիշների ծանրությունից, կարող են կիրառվել հետևյալ մեթոդները․

Դեղորայք – Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (NSAIDs), հիվանդությունը կարոգավորող հակառևմատիկ միջոցները (DMARDs), ցավն ու բորբոքումը նվազեցնող և հիվանդության պրոգրեսիան դանդաղեցնող դեղամիջոցներ։

Ֆիզիոթերապիա – Հատուկ վարժությունները, որոնք պետք է նշանակվեն և վերահսկվեն մասնագետի կողմից, կարող են նպաստել հոդի շարժունակության պահպանմանը։

Օժանդակ սարքավորումներ – Դրանք հատուկ սարքավորումներ են, որոնք նվազեցնում են ախտահարված հոդի վրա ընկնող ճնշումն ու ծանրաբեռնվածությունը։

Վարել առողջ ապրելակերպ․

Բժշկի կողմից նշանակվող սննդակարգի պահպանում, որը ներառելու է մրգեր, բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն և օմեգա-3 ճարպաթթուներ։

Կանոնավոր կերպով իրականացնել ցածր ծանրաբեռնվածության վարժություններ, ինչպիսիք են լողը, քայլքը կամ հեծանվավազքը, ինչը կնպաստի մկանների զարգանալուն և կնպաստի հոդերի ֆունկցիայի պահպանմանը։

• Սթրեսի կառավարում 

Հետևեք նշաններին և ախտանիշներին – Հետևեք ձեր ախտանիշների ընթացքին, հիվանդությունը կարող է սրանալ և հակառակը՝ ենթարկվել ռեմիսիայի, դեղորայքը կարող է ունենալ կողմնակի էֆեկտներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել իրադարձություններին և պարբերաբար պատմել ձեր բժշկին դրանց մասին՝ բուժման պլանի հնարավոր փոփոխության համար։

Ամփոփում

Հոդային համախտանիշը կարող է լուրջ ազդեցություն ունենալ պացիենտների առողջության վրա, բայց ճշգրիտ ախտորոշման, բուժման և ապրելակերպի փոփոխության պարագայում ախտանիշները կարող են նվազել և չանդրադառնալ կյանքի որակի վրա։ Այս ամենը հնարավոր է ճիշտ կերպով կազմակերպել բժիշկ-ռևմատոլոգի հետ համատեղ՝ հետևելով դեղորայքային նշանակումներին և տրված խորհուրդներին։ Ռևմատոլոգի հետ արդյունավետ համագործակցությունը կպահպանի ձեր կյանքի որակը և կկանխի ծանր բարդությունների առաջացումը։

ԿԻՍՎԵԼ՝