ԿՏ կորոնար անգիոգրաֆիա
Սիրտանոթային հիվանդությունները շարունակում են զբաղեցնել առաջատար դիրքեր համաշխարհային հիվանդացության և մահացության ցուցանիշներում։ Վաղ ու ճշգրիտ ախտորոշումը խիստ կարևոր է անհրաժեշտ միջամտությունները ժամանակին իրականացնելու և հնարավոր բարդություններից խուսափելու համար։ ԿՏ կորոնար անգիոգրաֆիան (ԿՏԿԱ) սրտի ոչ-ինվազիվ հետազոտությունների ոլորտում իսկական հեղաշրջում է։ Այս հոդվածում կարող եք կարդալ թե ի՞նչ է ԿՏԿԱ-ն, որո՞նք են դրա առավելությունները, ե՞րբ է կատարվում այդ հետազոտությունը և որտե՞ղ կարող եք անցնել այդ հետազոտությունն ու ստանալ հուսալի արդյունքներ։
Ի՞նչ է ԿՏ կորոնար անգիոգրաֆիան
ԿՏ կորոնար անգիոգրաֆիան սիրտը սնուցող կորոնար (պսակաձև) զարկերակների դիտման ոչ-ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ տեսանելի են դառնում այդ զարկերակներում առկա նեղացումները և այլ պաթոլոգիկ փոփոխությունները։ Ի տարբերություն ինվազիվ կորոնարոգրաֆիայի (սրտի անոթների զոնդավորում), ԿՏԿԱ-ն իրականացվում է համակարգչային շերտագրության (ԿՏ) միջոցով՝ ստեղծելով սրտի անոթների մինչև անգամ ճշգրիտ 3D մոդելը՝ առանց ինվազիվ միջամտության։
Հետազոտության ընթացքը
ԿՏԿԱ-ի ժամանակ պացիենտը պառկում է համակարգչային շերտագրության սարքի շարժական սեղանիկին։ Սկաները արագորեն ստանում է բազմաթիվ ռենտգեն նկարներ պացիենտի կրծքավանդակի տարբեր անկյուններից։ Համակարգչային ալգորիթմները այդ ռենտգեն նկարներից ստանում են սրտի և սիրտը սնուցող պսակաձև զարկերակների բարձրորակ 3D մոդելը։ Պատկերի որակն ու ճշգրտությունը մեծացնելու նպատակով կիրառվում է կոնտրաստ նյութ, որը թույլ է տալիս տեսնել պսակաձև զարկերակների նեղացումներն ու անոմալիաները։
ԿՏ կորոնար անգիոգրաֆիայի առավելությունները
1. Ոչ-ինվազիվ մեթոդ է – ԿՏԿԱ-ն ոչ-ինվազիվ մեթոդ է, ինչի շնորհիվ հնարավոր է խուսափել սրտի պսակաձև զարկերակների ինվազիվ կաթետերիզացիայից և դրա հնարավոր բարդություններից։ Այն զգալիորեն նվազեցնում է բարդությունների և դիսկոմֆորտի ռիսկը, որն առկա է սովորական ինվազիվ կորոնար անգիոգրաֆիայի (զոնդավորման) ժամանակ։
2. Արագ է և հարմարավետ – Հետազոտության ամբողջ ընթացքը տևում է 15-30 րոպե և չի անդրադառնում պացիենտի առօրյա ակտիվության վրա։
3. Բարձր ճշգրտություն – ԿՏԿԱ-ի միջոցով ստացվում են բարձրորակ նկարներ, որոնք հնարավորություն են տալիս լավ վիզուալիզացնել պսակաձև զարկերակները, աթերոսկլերոտիկ վահանիկները և զարկերակների նեղացումները։ Սա թույլ է տալիս բժիշկներին տեսնել պսակաձև զարկերակների անգամ մինիմալ փոփոխությունները։
4. Վաղ ախտորոշում – ԿՏԿԱ-ի միջոցով հնարավոր է հայտնաբերել պսակաձև զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները շատ վաղ փուլերում, ինչը հնարավորություն կտա ժամանակին կանխել հիվանդության հարաճումը՝ դեղորայքային թերապիայի և ապրելակերպի փոփոխությունների միջոցով՝ կանխարգելելով սրտամկանի սուր ինֆարկտն ու դրա բարդությունները։
5. ԿՏԿԱ-ն հնարավոր է իրականացնել պացիենտների ավելի լայն շրջանակներում, այդ թվում այն պացիենտների դեպքում, ովքեր ունեն երիկամային անբավարարություն և ինվազիվ կորոնար անգիոգրաֆիան հակացուցված է։
Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել ԿՏԿԱ
1. Պսակաձև զարկերակների հիվանդություններ – ԿՏԿԱ-ն հիմնականում իրականացվում է պսակաձև զարկերակների ախտահարումները հայտնաբերելու համար։ Նրա միջոցով հնարավոր է հայտնաբերել զարկերակների նեղացումները և խցանումները ու հասկանալ հիվանդության ծանրության աստիճանը։
2. Նախավիրահատական հետազոտություն – ԿՏԿԱ իրականացվում է նախքան աորտոկորոնար շունտավորումը, ինչը նպաստում , որպեսզի վիրաբույժները վիրահատության ճշգրիտ պլան կազմեն հաշվի առնելով տվյալ պացիենտի պսակաձև զարկերակների առանձնահատկությունները։
3. Պսակաձև զարկերակների բնածին անոմալիաների հայտնաբերում – ԿՏԿԱ-ի միջոցով հայտնաբերվում են պսակաձև զարկերակների բնածին առանձնահատկությունները, որոնք կարող են կարևոր լինել որոշ բժշկական իրավիճակներում։
5. Հետվիրահատական հսկողություն – Պսակաձև զարկերակների ստենտավորումից կամ այլ միջամտություններից հետո ԿՏԿԱ կարող է իրականցվել պացիենտի հետագա վիճակը գնահատելու և բարդությունները հայտնաբերելու համար։
Սահմանափակումներ
Չնայած ԿՏԿԱ-ն ունի բազմաթիվ առավելություններ, այն ունի նաև որոշակի սահմանափակումներ և առանձնահատկություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել․
1. Ճառագայթում – ԿՏԿԱ-ն կիրառում է ռենտգենյան ճառագայթներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, եթե անհրաժեշտ է լինելու բազմաթիվ հետազոտություններ
2. Երիկամային ֆունկցիայի ընկճում – ԿՏԿԱ-ի ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութը կարող է բացասաբար անդրադառնալ երիկամների վրա։ Սա անհրաժեշտ է հաշվի առնել հատկապես քրոնիկ երիկամային հիվանդություն ունեցող պացիենտների դեպքում։
Ու՞մ դիմել
Մեր երկրում ԿՏ կորոնար անգիոգրաֆիկ հետազոտություն կարող եք անցնել ԷՆԱ Կլինիկ-ում՝ փորձառու ճառագայթաբան, կոմպյուտերային տոմոգրաֆիայի մասնագետ Նաինա Հակոբյանի մոտ։
ԷՆԱ Կլինիկում ԿՏ հետազոտությունն իրականցվում է TOSHIBA Aqulion 160 slice սարքի միջոցով, որը հնարավորություն է տալիս կատարել ամենաբարդ հետազոտությունները և տեսնել ամենափոքր խնդիրները՝ արագ, անաղմուկ, անցավ և ռենտգեն-ճառագայթման ցածր դոզավորմամբ։
Ամփոփում
ԿՏԿԱ-ն հեղափոխական ախտորոշիչ մեթոդ է կորոնար զարկերակների հիվանդությունների հայտնաբերման և վարման տեսանկյունից։ Այն ապահով, ոչ-ինվազիվ և ճշգրիտ արդյունքներ ապահովող հետազոտություն է։ Դրա արդյունքում ստացված բարձրորակ 3D նկարները թույլ են տալիս վաղ ախտորոշել և ժամանակին բուժել կորոնար զարկերակների ախտահարումները։ Չնայած այն ունի որոշակի սահմանափակումներ, մեթոդի հուսալիությունն ու անվտանգությունը գնալով այն դարձնում են անփոխարինելի՝ սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման և վարման համար։