Միզապարկի լեյկոպլակիա: Ախտանիշները, պատճառները և բուժումը
Նյութը պատրաստվել է ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ համատեղ։
Միզապարկի լեյկոպլակիան բնութագրվում է որպես բարակ, սպիտակ թաղանթների առաջացում միզապարկի լորձաթաղանթի վրա։ Չնայած այդ թաղանթները հիմնականում բարորակ են (քաղցկեղածին չեն), դրանք կարող են նաև միզապարկի քաղցկեղի նախնական նշան լինել։
Ախտանիշները
Հաճախ միզապարկի լեյկոպլակիան չի առաջացնում ակնհայտ ախտանիշներ։ Շատ դեպքերում այն բացահայտվում է պրոֆիլակտիկ ստուգումների կամ միզապարկի այլ խնդիրների ժամանակ։ Սակայն այն կարող է նաև ուղեկցվել ախտանիշներով, որոնցից են․
- Արյան առկայություն մեզում (հեմատուրիա) – Սա ամենատարածված ապտանիշներից է։ Արյունը կարող է տեսանելի լինել անզեն աչքով, մեզին տալով վարդագույն, կարմիր կամ շագանակագույն գունավորում։ Որոշ դեպքերում արյունը տեսանելի է միայն մեզի անալիզի ժամանակ։
- Հաճախացած միզարձակում – Միզապարկի լեյկոպլակիան կարող է գրգռել միզապարկի լորձաթաղանթը և հանգեցնել հաճախակի միզելու ցանկության։ Կարող է առաջանալ նաև դիսկոմֆորտի և այրոցի զգացողություն՝ միզելու ժամանակ։
- Կոնքի շրջանի և որովայնի ստորին հատվածի ցավեր – Որոշ պացիենտներ կարող են ունենալ թույլ կամ միջին ուժգնության ցավեր և դիսկոմֆորտի զգացողություն որովայնում։ Այդ ցավը սովորաբար տեղակայվում է ստորմիզապարկային շրջանում և կարող է լինել ընդմիջվող կամ շարունակական։
- Միզելու անզսպելի ցանկություն – Հանկարծակի, անհաղթահարելի միզելու ցանկությունը կարող է ուղեկցվել նաև ակամա միզարձակությամբ։ Սա կարող է խաթարել մարդու ամենօրյա կյանքը և հանգեցնել անինքնավստահության։
Կարևոր է նշել, որ այս ախտանիշները միշտ չէ, որ վկայում են միզապարկի լեյկոպլակիայի մասին և կարող են առաջանալ միզապարկի այլ խնդիրների և ինֆեկցիաների դեպքում ևս։ Եթե ունեք այս ախտանշներից որևէ մեկը, ապա շատ կարևոր է խորհրդակցել ուրոլոգի հետ՝ ճշգրիտ ախտորոշման և բուժման համար։
Առաջացման պատճառները
Միզապարկի լեյկոպլակիայի բուն պատճառը դեռևս անհայտ է, սակայն ռիսկի գործոններից են․
- Ծխելը – Ծխախոտի ծխում առկա քիմիական նյութերը շարունակաբար գրգռում են միզապարկի լորձաթաղանթը և կարող են մեծացնել լեյկոպլակիայի առաջացման հավանականությունը։
- Քրոնիկ գրգռումը և բորբոքումը – Կրկնվող կամ շարունակական գրգումը, որն առաջանում է օրինակ միզային կաթետերի երկարատև կիրառման կամ որոշակի քիմիական նյութերի հետ շարունակական փոխազդեցության դեպքում, կարող է հանգեցնել միզապարկի լեյկոպլակիայի առաջացմանը։
- Միզապարկի ինֆեկցիաներ – Կրկնվող կամ քրոնիկ ինֆեկցիաները կարող են հանգեցնել միզապարկի գրգռման և բորբոքման, որը մեծացնում է լեյկոպլակիայի առաջացման ռիսկը։
- Միջավայրի գործոններ – Քիմիական ներկերի և կաուչուկի արտադրության ժամանակ արտազատվող մի շարք քիմիական նյութեր նպաստում են միզապարկի լեյկոպլակիայի առաջացմանը։
Միզապարկի լեյկոպլակիայի բուժումը
Միզապարկի լեյկոպլակիայի բուժումը կախված է մի շարք գործոններից, որոնցից են պրոցեսի տարածվածությունը, ախտանիշների առկայությունը և նախաքաղցկեղային կամ քաղցկեղային փոփոխությունների առկայությունը։ Բուժման մեթոդներից են․
- Պահպանողական – Եթե լեյկոպլակիայի թաղանթները փոքր են, ունեն դրական կանխատեսում և չեն առաջացնում նշանակալի ախտանիշներ, ապա ուրոլոգը կարող է խորհուրդ տալ կանոնավոր կերպով մոնիտորինգի տարբերակը՝ տվյալ պահին առանց բուժական միջամտության։
- Դեղորայքային թերապիա – Դեղորայքը, ինչպիսիք են ոչ-ստերոիդային հակաբորբորքային դեղերը կամ կորտիկոստերոիդները կարող են նվազեցնել բորբոքումը և թեթրացնել լեյկոպլակիայի ախտանիշները։
- Վիրաբուժական միջամտություն – Որոշ դեպքերում, եթե թաղաթները մեծ են, հանգեցնում են նշանակալի ախտանիշների, առակա են նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխություններ, ապա հնարավոր է անհրաժեշտ լինի ախտահարված հատվածի վիրաբուժական հեռացում (տրանսուրետերալ մասնահատում)
- Շարունակական հսկողություն – շարունակական հսկողությունը ուրոլոգի կողմից խիստ կարևոր է լեյկոպլակիայի վիճակի հսկողության և որևէ բացասական փոփոխությունների վաղ հայտնաբերման համար, ինչը կարող է նաև հանգեցնել բուժման պլանի փոփոխությանը։
Ամփոփում
Միզապարկի լեյկոպլակիան բնութագրվում է միզապարկի լորձաթաղանթում բարակ, սպիտակ թաղաթների առաջացումով։ Չնայած ախտանիշները միշտ չէ, որ դրսևորվում են, սակայն առավել տարածվածներն են մեզում արյան առկայությունը, հաճախակի միզարձակությունը, կոնքում ցավը և անզսպելի միզարձակության ցանկությունը։ Խիստ կարևոր է դիմել ուրոլոգի՝ վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում։ Հիմքում ընկած պատճառի հայտնաբերումը, ծխելը թողները և քրոնիկ բորբոքման բուժումը կարող են հանգեցնել միզապարկի լեյկոպլակիայի դրական կանխատեսմանը և բարդությունների առաջացման ռիսկի նվազմանը։