Առողջություն

2 years ago

Ոտքերի այտուցվածություն

Ոտքերի այտուցվածությունը մի վիճակ է, որն առաջանում է, երբ ոտքերում կուտակվում է ավելորդ հեղուկ, ինչն առաջացնում է այտուց, ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն։ Այն կարող է հանդիպել բոլոր տարիքի մարդկանց և պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Այս հոդվածում մենք կներկայացնենք ոտքերի այտուցվածության պատճառները, ախտանիշները և բուժման մեթոդները։

Ոտքերի այտուցվածության պատճառները․

  1. Երակային անբավարարություն։ Առաջանում է, երբ ոտքերի երակները ի վիճակի չեն լինում էֆեկտիվորեն վերադարձնել ոտքերում կուտակված արյունը դեպի սիրտ։
  2. Սրտային անբավարարություն։ Սրտային անբավարարությունը հանգեցնում է հեղուկի կուտակմանը թե՛ ոտքերում, թե՛ մարմնի այլ հատվածներում, քանի որ սիրտը չի կարողանում բավարար չափով շրջանառել արյունը։
  3. Երիկամային հիվանդություն։ Երիկամային հիվանդությունը կարող է հանգեցնել հեղուկի կուտակմանը մարմնում, այդ թվում՝ ոտքերում։
  4. Լիմֆէդեմա։ Լիմֆէդեման վիճակ է, երբ ավիշը բավարար չափով չի հեռացվում ոտքերից, ինչը հանգեցնում է դրա կուտակմանը ոտքերում և այտուցվածության առաջացմանը։
  5. Դեղորայք։ Որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են զարկերակային ճնշումն իջեցնող որոշ դեղերը, հորմոնները և հակադեպրեսանտները կարող են հանգեցնել ոտքերի այտուցվածության, որպես կողմնակի էֆեկտ։
  6. Հղիություն։ Հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունները կարող են հանգեցնել ոտքերի այտուցվածության։

Ոտքերի այտուցվածության հետ հանդիպող այլ ախտանիշներ․

  1. Մաշկն ունի ձգված և փայլուն տեսք
  2. Այտուցված հատվածների ցավ
  3. Քայլելիս կամ կանգնելիս առաջաոց դիսկոմֆորտ և/կամ ցավ
  4. Այտուցված հատվածներում տաքության զգացողություն կամ կարմրություն
  5. Տեսանելի լայնացած երակներ
  6. Ոտնաթաթերի և ծնկների շարժունության նվազում
  7. Մաշկի վրա վերքերի, խոցային մակերեսների առկայություն (ծանր դեպքերում)

Բուժումը․

Ոտքերի այտուցվածության բուժումը կախված է հիմքում գտնվող պատճառից։ Առավել տարածված բուժական մեթոդներից են․

  1. Սեղմող գուլպաներ կրելը։ Սեղմող գուլպաները օգնում են կանխել ոտքերի այտուցվածությունը՝ ճնշում գործադրելով ոտքերի վրա։ Հասանելի են նրանց տարբեր տեսակներ, որոնք տարբերվում են չափերով և ոտքերի վրա գործադրվող ճնշումով։ Դրանք կրել կարելի է միայն բժիշկ-անոթաբանի կամ անոթային վիրաբույժի նշանակմամբ։
  2. Միզամուղներ։ Միզամուղները նպաստում են օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսմղմանը։ Դրանք հաճախ նշանակվում են երիկամային հիվանդության, սրտային անբավարարության և ավելորդ հեղուկի պահմամբ ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում։
  3. Ոտքերի բարձր դիրք։ Ոտքերը բարձր դիրքում պահելը նպաստում է այնտեղ կուտակված հեղուկի հեռացմանը ոտքերից։
  4. Մարմնամարզություն։ Կանոնավոր մարմնամարզությունը լավացնում է ոտքերում արյան շրջանառությունը և նվազեցնում ոտքերի այտուցվածությունը։
  5. Քաշի նվազում։ Ավելորդ քաշի կորուստը նվազեցնում է ոտքերի վրա ընկնող լարվածությունը և լավացնում արյան շրջանառությունը։
  6. Վիրաբուժական միջամտություն։ Որոշ դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն՝ հիմքում ընկած խնդրի լուծման նպատակով։

Ամփոփում․

Ոտքերի այտուցվածությունը կյանքի որակի վրա ազդող ախտանիշ է, որի հիմքում կարող են ընկած լինել լուրջ հիվանդություններ։ Շատ կարևոր է ոտքերի այտուցվածության դեպքում դիմել թերապևտի, սրտաբանի, երիկամաբանի և անոթային վիրաբույժի՝ հիմքում ընկած հիվանդության ախտորոշման ու ժամանակին ճիշտ բուժում ստանալու համար, խուսափելու համար հետագա ծանր բարդություններից, ինչպիսիք են ոտքերի վրա չփակվող խոցերը, մեռուկացման օջախները և այլն։

ԿԻՍՎԵԼ՝