Առողջություն

1 year ago

Հևոց («շունչը կտրվելու» զգացողություն)

Հևոցը տարածված ախտանիշ է, որը կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների դեպքում։ Այն բնութագրվում է խորը կամ լիարժեք շնչելու անկարողությամբ և կարող է ուղկեցվել այլ ախտանիշներով ևս, ինչպիսիք են հետկրծոսկրային ցավը, սուլոցը և թուլությունը։ Հևոցը կարող է տատանվել թույլից մինչև ուժեղ և կարող է լինել սուր կամ քրոնիկ։ Եթե դուք ունեք հևոց, ապա խիստ կարևոր է դիմել բժշկի՝ հասկանալու համար դրա հհիմքում ընկած պատճառը և ստանալու համար անհրաժեշտ բուժում։

Հևոցի պատճառները

Հևոց կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից, սակայն դեպքերի մեծամասնությունում հևոցը պայմանավորված է շնչառական և սրտային հիվանդություններով։

Շնչառական հիվանդություններից են ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ), թոքաբորբը և թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ)։ 

Սրտային հիվանդություններից են սրտային անբավարարությունը, կրծքահեղձուկը (ստենոկարդիա) և առիթմիաները։

Բացի այցդ հևոց կարող է առաջանալ նաև խուճապային գրոհների (panic attacks) ժամանակ և բարձրադիր տեղանքում գտնվելիս։  

Հևոցի բուժումը

Հևոցի բուժումը կախված է դրա առաջացման պատճառ հանդիսացող հիվանդությունից։ Եթե հևոցն առաջանում է շնչառական հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են ասթման և ԹՔՕՀ-ն, ապա օգտագործվում են բրոնխալայնիչ դեղամիջոցներ և ստերոիդներ՝ աշխատնիշների թեթևացման և կյանքի որակի լավացման նպատակով։ Ծանր դեպքերում հնարավոր է կիրառել նաև թթվածնաթերապիա։

Եթե հևոցի պատճառը սրտային հիվանդություններն են, ինչպես օրինակ սրտային անբավարարությունը, ապա կիրառվում են միզամուղներ և ԱՓՖ-ինհիբիտորներ, որոնք թուլացնում են ախտանիշները և բարձրացնում կյանքի որակը։ Որոշ դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն՝ օրինակ սրտի փականային հիվանդությունների դեպքում։

Հևոցի կանխարգելումը

Հևոցը կանխարգելելու համար անհրաժեշտ է կանխարգելել հևոցի պատճառ հանդիսացող հիվանդությունները։ Ընհանուր առմամբ առողջ ապրելակերպը կանխարգելում է և՛ շնչառական, և՛ սրտային հիվանդությունները։ Ծխելը թողնելը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը և սթրեսի կանխարգելումը կարող են լավացնել օրգանիզմի բոլոր համակարգերի, այդ թվում շնչառական և սիրտանոթային համակարգերի վիճակը։ Խիստ կարևոր է նաև կանոնավոր կերպով դիմել բժշկի՝ ստուգելու համար թոքերի և սրտի վիճակը։

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե ձեզ մոտ առաջանում է հանկարծակի և/կամ ծանր հևոց, հետկրծոսկրային ցավ կամ գլխապտույտ, շատ կարևոր է անմիջապես դիմել բժշկական օգնության։ Այս ախտանիշները կարող են հուշել ծանր խնդրի մասին, ինչպիսիք են սրտամկանի սուր ինֆարկտը կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) և ժամանակին բժշկական օգնություն ստանալը կարող է փրկել ձեր կյանքը։ Խիստ կարևոր է նաև դիմել բժշկի, եթե դուք ունեք կայուն և գնալով վատթարացող հևոց, հազ կամ սուլող շնչառություն։ 

Ամփոփում

Հևոցը բազմաթիվ հիվանդությունների դեպքում առաջացող ախտանիշ է, որի հիմքում կարող են լինել լուրջ հիվանդություններ։ Եթե ունեք հևոց ապա անհրաժեշտ է դիմել սրտաբանի և թոքաբանի՝ պատճառ հանդիսացող հիվանդության ախտորոշման, բուժման և ծանր բարդությունների կանխման նպատակով։

ԿԻՍՎԵԼ՝