Առողջություն

2 years ago

Դժվարամիզություն (Դիզուրիա)

Դժվարամիզությունը (դիզուրիան) ինչ անել երբ դիմել բժշկի

Դժվարամիզությունը (դիզուրիան) մի վիճակ է, որը բնութագրվում է միզելու ընթացքում ցավի, դիսկոմֆորտի կամ այրոցի զգացողությամբ։ Այն հանդիսանում է մի շարք հիվանդությունների ախտանիշ, որոնցից են միզուղիների ինֆեկցիաները, սեռական վարակները, երիկամաքարային հիվանդությունը և պրոստատիտը (շագանակագեղձի բորբոքումը)։ Դժվարամիզությունը կարող է հուշել նաև ավելի լուրջ հիվանդությունների մասին և այն պետք չէ անտեսել։

Միզային համակարգի ինֆեկցիաները դժվարամիզության ամենահաճախ հանդիպող պատճառներն են։ Դրանք սովորաբար առաջանում են երբ բակտերիաները թափանցում են միզապարկ։ Ինֆեկցիան հարուցում է միզուղիների գրգռվածություն և բորբոքում։ Միզուղիների բորբոքման այլ ախտանիշներից են հաճախակի միզարձակումը, փրփրոտ մեզը և կոնքի խոռոչում զգացվող ցավերը։ Միզուղիների ինֆեկցիաներն առավել տարածված են կանանց մոտ, քան տղամարդկանց, քանի որ կանայք ունեն ավելի կարճ և լայն միզուկ, ինչը հեշտացնում է բակտերիաների թափանցումը միզապարկ։

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները ևս կարող են առաջացնել դժվարամիզություն։ Գոնորեն և խլամիդիան երկու ամենատարածված սեռական ինֆեկցիաներն են, որոնք առաջացնում են դժավարամիզություն։ Դիզուրիայից բացի գոնորեայի և խլամիդիայի ախտանիշներն են սեռական ուղիներից արտադրությունը, ցավը սեռական ակտի ժամանակ և դաշտանային ցիկլի ժամանակ ուժգնացած արյունահոսությունը։

Դժվարամիզության մյուս հաճախ հանդիպող պատճառներից է երիկամաքարային հիվանդությունը։ Երիկամի քարերը պինդ միներալային կուտակումներ են, որոնք ձևավորվում են երիկամներում և կարող են միզարձակման ժամանակ ուժեղ ցավի պատճառ դառնալ։ Միզուկով անցնելիս քարերը կարող են լորձաթաղանթի գրգռման և բորբոքման պատճառ դառնալ, ինչը ևս կհանգեցնի դժվարամիզության։ Երիկամային քարերն առաջացնում են նաև հետյալ ախտանիշները՝ ուժեղ ցավեր մեջքի, որովայնի  շրջանում, սրտխառնոց, փսխում։

Պրոստատիտը շագանակեղձի բորբոքումն է։ Շագանակագեղձի բորբոքման ժամանակ կարող է առաջանալ ցավ միզելու ժամանակ, մեզի դժվար դուրս գալու զգացողություն, ցավ կոնքի խոռոչում։

Դժվարամիզության բուժումը կախված է դրան հանգեցնող պատճառից։ Միզային համակարգի ինֆեկցիաների դեպքում սովորաբար կիրառվում են հակաբիոտիկներ՝ ինֆեկցիայի հարուցչի վերացման նպատակով։ 

Երիկամաքարային հիվանդության դեպքում բուժման մեթոդները տարբեր են․ սկսած հեղուկի մեծ քանակների օգտագործումից՝ նպաստելու համար քարի ինքնուրույն դուրսբերմանը, մինչև մեծ քարերի վիրաբուժական հեռացում։ 

Պրոստատիտի բուժումը կարող է ներառել հակաբիոտիկների և հակաբորբոքային դեղորայքի ընդունում։

Ամփոփում

Դժվարամիզությունը ախտանիշ է, որը կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների դեպքում, որոնցից են միզային համակարգի ինֆեկցիաները, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները, երիկամաքարային հիվանդությունը և շագանակագեղձի բորբքումը։ Դժվարամիզության բուժումը կախված է դրա հիմքում ընկած պատճառից։ Դժվարամիզության առկայության դեպքում պետք չէ անտեսել խնդիրը և անպայման անհրաժեշտ է դիմել ուրոլոգի՝ քանի որ հիմքում ընկած պատճառները կարող են լինել լուրջ և չբուժվելու դեպքում կարող են հանգեցնել լուրջ բարդությունների։

ԿԻՍՎԵԼ՝